«Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ
1 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 10-ին ժամը 09:03-ին տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ բախվել են «Lada», «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները, իսկ «Lada» մակնիշի ավտոմեքենան՝ մոտեցրել ավտոքարշակին։