Ստեփան Սամվելյանը ՄԻՊ-ի միջամտությամբ «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տեղափոխվել է բազմամասնագիտացված ԲԿ
2 րոպեի ընթերցում

Արամ Սարգսյանի սպանության նախապատրաստության մեջ մեղադրվող Ստեփան Սամվելյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ տեղափոխվել է բազմամասնագիտացված բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից:
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է Ստեփան Սամվելյանի առողջության պահպանման իրավունքի վերաբերյալ քննարկման ընթացակարգը։
Դրա շրջանակներում տեղեկություններ են ստացվել, որ Ստեփան Սամվելյանն այս գիշեր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի դինամիկայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով՝ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչը կապ է հաստատել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ներկայացուցչի հետ, քննարկել նրան անհրաժեշտ բժշկական օգնության ծավալները։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ Ստեփան Սամվելյանը կարիք է ունեցել նեղ մասնագիտական (նեֆրոլոգիական) հսկողության։
Քննարկումների արդյունքում, համագործակցելով պետական իրավասու մարմինների հետ, ՄԻՊ աշխատակազմի հետևողական ջանքերով Ստեփան Սամվելյանը տեղափոխվել է բազմամասնագիտացված բժշկական կենտրոն»,- նշված է հաղորդագրության մեջ: