Սպորտը՝ կյանքում և բիզնեսում առաջընթացի գրավական. Քրիստոֆեր Դեդեյանի և Մեթյու Դյուբրիքի գիրքը նոր հեռանկարներ կբացի ընթերցողների առաջ

11 րոպեի ընթերցում

Կանադաբնակ ձեռնարկատեր, բիզնես խորհրդատու և մոտիվացիոն խոսնակ Քրիստոֆեր Դեդեյանն ու CrossFit մարզիչ և ձեռնարկատեր Մեթյու Դյուբրիքը, համատեղելով իրենց իմացությունն ու հմտությունները, հեղինակել են «Մարզվիր և հաջողիր» գիրքը, որը հասանելի լեզվով պատմում է, թե ինչպես է սպորտն օգնում բիզնեսին և կարիերային։

Գիրքը տարիներ առաջ անգլերեն հրատարակվել է Կանադայում և մեծ հետաքրքրություն առաջացրել, ինչը հիմք է հանդիսացել, որ համահեղինակներն այն ներկայացնեն Հայաստանում՝ հայերեն թարգմանությամբ։

Այդ նպատակով օրեր առաջ Դեդեյանն ու Դյուբրիքը ժամանել են Հայաստան և գրքարշավի միջոցով կարևոր հաղորդագրություններ են հասցնում ոչ միայն երևանաբնակ, այլև մարզերի ընթերցողներին։ Նրանք հյուրընկալվել են «Արմենպրես»-ում և պատմել գրքի ստեղծման, կարևոր ուղերձների, առողջ ապրելակերպի և հաջողության գաղտնիքների մասին։

Հեղինակները շեշտում են՝ գիրքը յուրահատուկ ուղեցույց է, որը բացահայտում է սպորտի և բիզնեսի կապը, ուղղորդում, թե ինչպես է հնարավոր սպորտից քաղած դասերը կիրառել կարիերայում։ 

«Երբ հասուն մարդ ես, ունես երեխաներ, կայացած բիզնեսներ, ինչ-որ պահի գիտակցում ես, որ շատ զբաղված ես և ժամանակիդ մեծ մասը տրամադրում ես աշխատանքին։ Ցանկացանք ասել, որ դա բավարար չէ, իրականում անհրաժեշտ է նաև ինքդ քեզ ժամանակ տրամադրել, մարզվել, ինչն անմիջական ազդեցություն կունենա թե՛ բիզնեսի, թե՛ ընտանիքի վրա։ Վստահաբար, սպորտը կարող է նպաստել տարբեր ոլորտներում հաջողության հասնելուն. դառնում ես առավել ստեղծագործ, առավել հանգիստ, հանդարտ ու կարողանում ես շատ բան անել»,-խոստովանում է Քրիստոֆեր Դեդեյանը։

Շուրջ տասնմեկ տարի առաջ Դեդեյանը սկսում է ակտիվ մարզվել Մեթյու Դյուբրիքի մարզասրահում։ «Քրիստոֆերը մարզասրահ էր այցելում առավոտյան ժամը 6։00-ին։ Նա մշտապես լի էր էներգիայով, հաջողության հասնելու մեծ ցանկություն ուներ և ձգտում էր առավելագույնին։ Որպես մարզիչ՝ շատ եմ հավանում մարդու այդ տեսակը։ Քրիստոֆերի գրաֆիկը շատ հագեցած էր և ծանր, ուստի մեկ ժամ մարզվում էր, հետո շտապում աշխատանքի։ Երեք կամ չորս տարի անց պարապմունքներից մեկից հետ հարցրի, թե ինչպես է առաջ գնում նրա՝ անշարժ գույքի գործակալի աշխատանքը։ Պարզվեց՝ Քրիստոֆերը թողել է այդ աշխատանքն ու  սկսել է զբաղվել անձնական աճի խոսնակի կարիերայով»,-պատմում է Դյուբրիքը։

Դեդեյանի և Դյուբրիքի մտերմությանը նպաստել է ոչ միայն հետաքրքությունը սպորտի նկատմամբ, այլև ընթերցանությունը։ Երկուսն էլ զբաղվում են ինքնակրթությամբ։ Ձգտում առավել զարգանալ՝ կարդալով տարբեր ժանրերի գրականություն։ 

Գրքերի շուրջ զրույցի ընթացքում կես կատակ, կես լուրջ Դյուբրիքը Դեդեյանին առաջարկել է համատեղ գիրք գրել։ Քրիստոֆերը համաձայնվել է. տասը րոպե անց Մեթյուին է ուղարկել նամակ, որում նշել է, թե ինչ քայլեր է հարկավոր անել գիրք գրելու համար։

«Քննարկեցինք, թե ինչի մասին պետք է լինի գիրքը։ Փաստեցինք, որ Քրիստոֆերի հետ  առավոտյան մարզվողների մեծ մասը հաջողակ ձեռներեցներ, ղեկավարներ են, որոնք ժամանակ են գտնում սպորտի համար»,-ընդգծում է Դյուբրիքը։

Քրիստոֆեր Դեդեյանն ու Մեթյու Դյուբրիքը, ներկայացնելով իրենց անձնական փորձը և ուսումնասիրելով հաջողակ մարդկանց ձեռքբերումները, ցույց են տալիս, թե ինչպես են մարզումներն ու սպորտային մտածելակերպը ձևավորում այն հատկանիշները, որոնք պետք են բիզնես աշխարհում հաջողության հասնելու համար։ 

Ի տարբերություն ավանդական մոտեցումների՝ «Մարզվիր և հաջողիր» գիրքը նիհարելու կամ մկաններ զարգացնելու մասին չէ, այլ բացատրում է, թե մարզասրահում ձեռք բերած հմտություններն ինչպես կարող են վերածվել վեցանիշ եկամուտի և բիզնես հաջողության։ Հեղինակները մտերմիկ և անմիջական ոճով ցույց են տալիս, որ սպորտի միջոցով սերտած դասերը կիրառելի են կյանքում և բիզնեսում, օգնում են դառնալ ավելի արդյունավետ և էներգիայով լի, կրկնապատկում են կենտրոնացումը, կարգապահությունը և դիմացկունությունը, կերտում են հաղթողի մտածելակերպ։

«Մենք չենք ցանկացել գրել մի գիրք, որը մարդիկ կարող են կարդալ, թվացյալ մոտիվացվել, ոգեշնչվել ու մոռանալ ամեն բան։ Ասում են՝ մի բան է սովորելը, մի բան է կիրառելը։ Եթե կարդում ես գիրքն ու որոշ հմտություններ սովորում, բայց չես կիրառում, անօգուտ է։ Գրքում յուրաքանչյուր գլխից հետո մտավոր և ֆիզիկական վարժանքներ կան։ Առաջարկում ենք անել այս կամ այն քայլերը, հետո վերլուծել, թե ինչ ձեռքբերումներ եք ունեցել՝ հետևելով ցուցումներին»,-ասում է Դեդեյանը։

Երբ սկսել են գիրքը գրել, կարծել են՝ վեց ամիս հարկավոր կլինի այն ավարտելու համար, սակայն աշխատանքը տևել է հինգ տարի հեղինակների գերզբաղված առօրյայի պատճառով։ Փորձել են օգտագործել այնպիսի բառեր, որոնք հնարավորինս հասկանալի են. զերծ են մնացել բարդ նախադասություններից։

«Սա գիրք է այն մասին, թե ինչպես է հնարավոր մարզումների շնորհիվ ճիշտ օգտագործել մարմնի ֆիզիկական աշխատանքը, որը նաև մտքի վրա է ազդում։ Գրքում տաբատայի օրինակն ենք բերել, երբ հնարավոր է մեկ պարզ մարզանքի՝ հրում վարժության կամ աստիճաններ բարձրանալու միջոցով արդյունքի հասնել։ Վարժությունն անում ենք այնքան արագ, որքան կարող ենք  շուրջ 20 վայրկյան, հետո տասը վայրկյան հանգիստ։ Դա անում ենք ութ անգամ,  և այդ ամենը տևում է ընդամենը չորս րոպե։ Սա նաև նեյրոլոգիական արձագանք կգտնի ուղեղում։ Երբ տեսնում եք սպորտից դուրս սպորտի արդյունքը, չեք կարող չոգևորվել։ Շատերը գուցե որոշեն սիստեմատիկ այցելել մարզասրահ, ոմանք էլ կարող են նախընտրել տանը մարզվել՝ ֆուտբոլով, թենիսով զբաղվել»,-նշում է Դյուբրիքը։

Դեդեյանն էլ հիշեցնում է՝ երբ Բարաք Օբաման ԱՄՆ նախագահ էր, ամեն օր ժամանակ էր տրամադրում վազքին, այնինչ կարող ենք պատկերացնել, թե իրականում նախագահն ինչ զբաղված ժամանակացույց ունի։  Ամենամեծ ընկերությունների ղեկավարները մշտապես ժամանակ են տրամադրում մարզվելուն։ «Այն, ինչ մենք գիտեինք, հաստատվում էր նաև այլ հաջողակ մարդկանց օրինակներով։ Այս գիրքն ունի նաև գիտական բացատրություններ՝ հենված հետազոտությունների վրա։ Երեք կարևոր բան կա՝ միտք, հոգի և մարմին։ Այս ամենը պետք է  ներդաշնակ լինի, պետք է մարզել մարմինը, անընդհատ կրթվել և հոգեպես հարուստ լինել։ Դա կօգնի լավ մարդ լինել, հեշտ ապրել, որքան էլ, որ դժվարությունները կյանքում շատ լինեն»,-հավաստիացնում է Քրիստոֆեր Դեդեյանը։

Մինչ գրքի երևանյան շնորհանդեսը համահեղինակներն այցելել են Հայաստանի տարբեր մարզեր, զրուցել ընթերցողների, հետաքրքրվածների հետ ու փաստել՝ իրենց հաջողվում է կոտրել այն կարծրատիպն, ըստ որի՝ եթե ունես մկաններ, ուրեմն չունես ուղեղ։ «Դա իրական առեղծված է, սակայն իմ մանկության տարիներին այն ևս կար, որովհետև դու կամ սպորտով էիր զբաղվում, կամ դպրոցում լավ էիր սովորում։ Երբ հետազոտական, գիտական փաստարկների հիման վրա հանրությանը ներկայացնում ենք, որ մարզվելն օգնում է մեր մտքին ու զարգացմանը, նկատում ենք, որ մարդիկ հետաքրքրվում են նյութով։ Հայերն իրականում շատ լավ են իրենց դրսևորում սպորտում։ Այն հայերը, որոնց հանդիպել եմ, շատ ուժեղ են, լավ մարզավիճակում են։ Այդ բնատուր տաղանդը չի կարելի պարզապես կողքի դնել. անհրաժեշտ է այն օգտագործել և հաջողել ոչ միայն սպորտում, այլև կարիերայում»,-շեշտում է Մեթյուն։

Գիրքը հայերեն թարգմանությամբ լույս է ընծայել «Նյումեգ» հրատարակչությունը, թարգմանիչը Նանե Մանուկյանն է։ Երբ Դեդեյանը կապ է հաստատել հրատարակչության ներկայացուցիչների հետ, հասկացել է, որ պրոֆեսիոնալ են, շատ հարցերի շուրջ նույն կերպ են մտածում։ «Նյումեգ»-ի ներկայացուցիչները վստահեցրել են, որ գիրքը նաև Հայաստանում կարող է օգտակար լինել։

«Գրքարշավի ընթացքում ես ևս նկատեցի, որ Հայաստանում մարդիկ կարծում են՝ սպորտը մի բան է, բիզնեսը՝ մեկ այլ բան։ Կարծում են՝ եթե սպորտով ես զբաղում, խելացի չես, եթե  բիզնեսով ես զբաղվում, խելացի ես։ Գրքով ցանկանում ենք փոխել այդ պատկերացումը։ Հպարտ եմ, որ գիրքը ներկայացնում ենք Հայաստանում և ուրախ կլինեմ տեսնել գրքի ազդեցությունը։  Հույս ունեմ, որ այն մարդիկ, որոնք կկարդան այն, ինչ-որ չափով դեպի դրականը կփոխեն իրենց կյանքը, կսկսեն մարզվել։ Դա միանգամից չի լինի, տարիներ են հարկավոր։ Այս գիրքն էլ կարող է փոքր ներդրում ունենալ այդ առաջընթացի մեջ։ Բոլորս ցանկանում ենք հաջողակ լինել ուրախ ու երջանիկ ապրել, տեսնել մեր երեխաներին, նրանց երեխաներին, հայրենիքի առաջընթացը։ Ըստ իս՝ այս գիրքը կյանքի մասին է»,-ասում է Քրիստոֆերը։

Դեդեյանը ծնվել է Կանադայում, հինգերորդ անգամ է Հայաստանում։ Վերջին երեք տարվա ընթացքում շատ է մտորել Հայաստան տեղափոխվելու մասին, և հայրենիքում հաստատվելու որոշում է կայացրել։ 

«Մայրս լիբանանահայ է, հայրս երևանցի է։ Հայրս խորհրդային տարիներին մեկնել է Ֆրանսիա, Եգիպտոս, հետո՝ ԱՄՆ, իսկ մայրս Լիբանանից մեկնել է Ամերիկա, որտեղ ծանոթացել են։ Առաջին անգամ 2004-ին եմ եկել Հայաստան, հետո՝ 2015-ին, հաջորդ այցս բիզնեսի նպատակով էր 2022-ին։ Այստեղ ելույթ ունեցա և նկատեցի, թե ինչ առաջ է գնացել Հայաստանը, թե ինչ հաջողությունների է հասել։ Ներսումս ինչ-որ բան կատարվեց, վստահ էի՝ այս հողն ինձ կանչում է։ Որոշեցի հաջորդ անգամ ավելի երկար ժամանակով գալ և 2023-ին եկա մեկ ամսով։ Երբ զբոսնելու ես գալիս, ամեն ինչ հրաշալի է, գեղեցիկ է, բայց ես ցանկանում եմ ապրել ու տեսնել նաև խնդիրները։ Այս գիրքը հիմք դարձավ, որ որոշումս ամրապնդվի։ Գիտեմ, որ  իմ մասնագիտությունը ևս հարկավոր է Հայաստանին։ Ընտանիքիս հետ ենք կայացրել այս դժվար որոշումը»,-շեշտում է Քրիստոֆեր Դեդեյանը, իսկ Մեթյու Դյուբրիքը ևս մեկ անգամ շնորհակալւթյուն է հայտնում, որ իրենց հնարավորություն տրվեց պատմել գրքի ու գաղափարախոսության մասին։ 

«Եթե անգամ մեկ մարդ գրքի շնորհիվ դեպի դրականը փոխի իր կյանքն ու մտածողությունը, մենք մեր առաքելությունը կատարած կհամարենք»,-եզրափակում է համահեղինակը։

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում