Հայաստան

Փոխքաղաքապետի հավաստմամբ՝ հանրային տրանսպորտում վերահսկողության նպատակը տուգանքների տեսքով գումարի հավաքագրումը չէ

2 րոպեի ընթերցում

Փոխքաղաքապետի հավաստմամբ՝ հանրային տրանսպորտում վերահսկողության նպատակը տուգանքների տեսքով գումարի հավաքագրումը չէ

Հանրային տրանսպորտում վերահսկողություն իրականացնող հսկիչներն ունեն համապատասխան սարքավորումներ, որոնց միջոցով հնարավորություն ունեն ստուգել քաղաքացին վճարում կատարել է, թե՝ ոչ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հանրային տրանսպորտի ոլորտում փոփոխությունների վերաբերյալ ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

Նրա հավաստմամբ՝ հսկողության նպատակը  տուգանքների տեսքով գումարի հավաքագրումը չէ։

«Մենք ուղղակի ուզում ենք, որ քաղաքացիներն այն ուղեվարձը, որը նախատեսված է, վճարեն։ Առաջին օրերին մենք էլ ենք տեսնում, որ օրինակ անտեղյակ են ինչ-որ բանից։ Բնականաբար, մոտեցումն անմիջապես մաքսիմալ տուգանելը չէ։ Մենք պետք է մաքսիմալ հավաստիացած լինենք, որ մարդիկ չարամտորեն չեն դա իրականացնում, որի դրսևորումներ շատ կան»-նշեց փոխքաղաքապետը։

Անդրադառնալով վճարումն ընդունող սարքերի խափանումների մասին բարձրաձայնումներին, Գրիգորյանը պարզաբանեց, որ իր հանձնարարությամբ համապատասխան աշխատակիցներն ուսումնասիրել են այն QR ուղետոմսերը, որոնցով փորձել էին վճարում իրականացնել համակարգի անսարքությունից դժգոհող քաղաքացիները։

«Երեք-չորս օր այդ աշխատանքն իրականացրել ենք։ Չի եղել գեթ մի տոմս, որը նախապես օգտագործված չի եղել։ Ասեմ ավելին՝ շատ ժամանակ ամսաթիվն անցած տոմսեր են եղել։ Ինչպես գիտեք տոմսերը երեքօրյա վավերականության ժամկետ ունեին։ Տոմսերը վերցրել են և տեսել, որ դրանց վավերականության ժամկետը 10 օր առաջ ավարտված է եղել։ Այսինքն՝ քաղաքացին իմիտացիա է ստեղծում, որ ինքը ցանկանում էր վճարել, բայց համակարգը չի աշխատում, մինչդեռ՝ համակարգի հետ ամեն ինչ կարգին է։ Այս բոլոր դեպքերը մենք բացահայտելու հնարավորություն ունենք և շարունակաբար ունենալու ենք»,-ասաց Գրիգորյանը։

Ըստ փոխքաղաքապետի՝ կան նաև քաղաքացիներ, որոնք  դեռ տեղյակ չեն, որ չի թույլատրվում օգտվել արտոնյալ կարգավիճակ ունեցող  բարեկամի ուղետոմսից։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում