Առողջ մաշկը՝ ինքնավստահության գրավական. Lucin Organics-ի բնական խնամքը՝ գեղեցկության և փայլի խորհրդանիշ
14 րոպեի ընթերցում
Կանայք ինքնավստահ են, երջանիկ, երբ գիտեն՝ խնամված են, առողջ ու գեղեցիկ։ Հենց այս տրամաբանությամբ առաջնորդվելով է Սոնա Մանուկյանը հիմնադրել Lucin Organics բրենդը, որն առաջարկում է մաշկի խնամքի բնական միջոցներ՝ նախատեսված աղջիկների, կանանց և երեխաների համար։
Օրեր առաջ «Արմենպրես»-ի թղթակիցն այցելել է Lucin Organics-ի հարմարավետ խանութ-սրահ, ծանոթացել գեղեցիկ փաթեթավորմամբ, նրբաճաշակ դիզայնով և բարձրակարգ հումքից պատրաստված խնամքի միջոցներին, իսկ Lucin Organics-ի հիմնադիր Սոնա Մանուկյանը ոչ միայն չի վարանել պատմել արտադրանքի յուրահատկությունների մասին, այլև որոշ գաղտնիքներ է բացահայտել։
Խնամքի բնական միջոցների հետ ծանոթությունը՝ Lucin Organics-ի ստեղծման հիմք
Lucin Organics-ի հիմքը դրել է Սոնա Մանուկյանի քույրը՝ Լուսինեն։ Հենց նրա անունն է կրում բրենդը։ Լուսինեն մասնագիտությամբ կենսաբան-քիմիկոս է, իսկ Սոնան՝ բիզնես կառավարման մասնագետ։ Սոնան սովորել է ԱՄՆ-ում. մագիստրոսի կոչում ունի։ 17 տարի ապրել է Ամերիկայում և աշխատել տարբեր բնագավառներում։ Եկել է մի շրջան, երբ ընտանիքի հետ Հայաստան վերադառնալու որոշում են կայացրել։
«Ցանկանում էինք՝ մեր երեխաներն ապրեն հայրենիքում, հայ մեծանան, քանի որ Կոլորադո նահանգում հեշտ է ձուլվելը։ Հենց այդ ժամանակ Հայաստանի ամերիկյան համալսարանում աշխատելու առաջարկ ստացա»,-հիշում է Սոնա Մանուկյանն ու հավելում, որ Հայաստան գալուց հետո Լուսինեն նկատել է, որ ինքը խնամքի թանկարժեք միջոցներ է օգտագործում։ Ծանոթանալով այդ միջոցների բաղադրությանը՝ վստահեցրել է, որ Սոնան վճարում է քիմիայի համար, այնինչ մաշկն ամենամեծ օրգանն է, և այն, ինչ քսում ես մաշկին, մաշկից ներս է անցնում։
«Լուսինեն առաջարկեց օգտագործել իր պատրաստած խոնավեցնող քսուքն ու աչքերի համար նախատեսված միջոցը։ Օգտագործեցի և ինձ համար ամեն բան փոխվեց. մաշկս չէի ճանաչում։ Այն փայլում էր, ասես արթնացել էր։ Մինչ այդ խոնավեցնող միջոցներ օգտագործելիս միայն այդ պահին էի ազդեցությունը զգում, հետո կրկին թարմացնելու կարիք էր լինում։ Լուսինեի խոսքով՝ սիլիկոնի, ակրիլատների հիմքով քսուքները չեն աշխատում բնական մաշկի նյութափոխանակության հետ։ Սկսեցի ուսումնասիրել ոլորտը, որը շատ հետաքրքիր է, որի հետևում գիտությունն է, լուրջ հետազոտություններն են։ Մյուս քրոջս՝ Մարիամի առաջարկով որոշեցինք օգտագործել Լուսինեի և իմ մասնագիտական ունակություններն ու ստեղծել Lucin Organics-ը։ Միտքս փայլատակեց, և շատ արագ ծնվեցին բիզնես կոնցեպտը, ծրագիրը, ռազմավարությունը, տեսլականը և այլն։ Մնացածն արդեն պատմություն է։ Ի դեպ, Լուսինեն այժմ մեր գիտական թիմի ղեկավարն է։
Փոքր քայլերով դեպի մեծ ապագա
Նախ Lucin Organics-ի արտադրամաս են հիմնում Հայաստանում և փոքր խանութ Երևանում։ Մեկ տարի անց նկատում են, որ խնամքի միջոցները պահանջարկ ունեն նաև ԱՄՆ-ում, ինչի արդյունքում այնտեղ ևս արտադրամաս են հիմնում։ ԱՄՆ-ի արտադրամասի ղեկավարը Կոլորադոյի համալսարանի դոկտոր է, դեղագործ։ Ֆորմուլաները Լուսինեն է ստեղծում Հայաստանում և ղեկավարում է ամբողջ արտադրական գործընթացը, տեխնոլոգիան։ Թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում Lucin Organics-ի խնամքի միջոցները նույնն են։
«Բրենդի զարգացման գործում մեզ շատ օգնեց համացանցը։ «Ինստագրամ»-ի միջոցով ներկայացնում եմ բրենդը, կրթում։ Մարդիկ ինձ ճանաչեցին որպես առողջ ապրելակերպի ներկայացուցչի։ Ինձ հետևելով՝ շատերի կյանքը փոխվեց. ինձ հետ մարզվում են, առողջ սնվում և մաշկի ճիշտ ու բնական խնամք իրականացնում»,-նշում է Սոնան։
Lucin Organics խնամքի միջոցների հարուստ տեսականին և յուրահատկությունները
Հայաստանում և արտերկրում մաշկի խնամքի շուկան ուսումնասիրելիս Սոնա Մանուկյանը եկել է այն եզրակացության, որ պետք է շուկա դուրս գան խնամքի համար անհրաժեշտ բոլոր միջոցներով։ Lucin Organics-ն առաջարկում է դեմքը մաքրելու չորս միջոց՝ շպարը հեռացելու միջոց, փրփուր, օճառային միջոց, սկրաբ՝ ստեղծված ավոկադոյի և խաղողի կորիզի փոշուց։ Ունեն գիշերային, ցերեկային խոնավեցնող միջոցներ, վիտամին C շիճուկ, աչքերի շուրջ խնամք, գլխամաշկի խնամք, դեմքի արևապաշտպան քսուք և այլն։
«Արևապաշտպան քսուք երբեք չեմ սիրել, քանի որ այն ծանր է, յուղոտ է, սակայն մեզ հաջողվել է ստանալ թեթև և բնական ֆորմուլա։ Բազմիցս ասվել է, սակայն ցանկանում եմ կրկնել, որ արևապաշտպանները լինում են երկու տեսակի՝ քիմիական և միներալ։ Քիմիական արևապաշտպանը վնասում է մաշկը, ապացուցված է, որ այն ունի բաղադրիչներ, որոնք քաղցկեղածին են։ Այդ մասին հոդվածներ հնարավոր է գտնել նաև մեր կայքում։ Հարկավոր է միներալ արևապաշտպաններ օգտագործել։ Դրանք ստեղծված են ցինկի օքսիդի հիմքով և թույլ չեն տալիս, որ արևը վնասի մաշկը»,-ընդգծում է Սոնան։
Lucin Organics-ի SPF 30 արևապաշտպան քսուքը հարյուր տոկոս միներալ ֆորմուլա է՝ ոչ նանո ցինկի օքսիդով, որն ապահովում է լայն սպեկտրի UVA և UVB պաշտպանություն։ Ոչ նանո ցինկի օքսիդը նվազագույնի է հասցնում մաշկի և արյան մեջ բաղադրիչների ներթափանցման հնարավոր ռիսկը:
Այս տարի թողարկել են երեխաների մաշկի խնամքի շարքը, որը ներառում է շամպուն՝ նախատեսված գլխի և մարմնի համար, դեմքի և մարմնի համար անհրաժեշտ խոնավեցնող քսուքներ։
Lucin Organics-ի խնամքի միջոցների մեջ իր ուրույն տեղն ունի հակատարիքային շարքը։ «Շարքը կրում է տատիկիս անունը՝ «Գրետա»։ Տատիկս շքեղ, ուժեղ կին էր։ Նրա կերպարն ինձ վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել։ Տատիկիցս եմ ժառանգել որոշումներ կայացնելու կարողությունը, ուժն ու նպատակասլացությունը։ Շարքը խորհրդանշում է ուժ և անզուգական գեղեցկություն։ Նախատեսված է 30 տարեկանից բարձր կանանց համար։ Ներառել ենք այն ամենը, ինչը բնությունը տվել է կոլագենը խթանելու և մաշկի ձգությունը պահպանելու համար։ Հակատարիքային ցերեկային, աչքերի շուրջ և գիշերային քսուքները հրաշալի պրոդուկտներ են, որոնք կօգնեն ավելի երկար պահպանել երիտասարդ, առողջ ու խնամված մաշկը։ Գեղեցիկ մաշկն առողջ մաշկն է»,-շեշտում է Սոնան և հավելում՝ ունեն նաև չոր և նորմալ, յուղոտ և զգայուն մաշկերի համար նախատեսված միջոցներ։
Յուրաքանչյուր բաղադրիչ երկու տարի ուսումնասիրվում է, բազմաթիվ թեստավորումներ անցնում մինչ սպառողներին հասնելը, իսկ տարաները աչքի են ընկնում ինքնատիպ դիզայնով։
Բնական հումքը՝ բարձրակարգ և առողջությունն ապահովող արտադրանքի գրավական
Lucin Organics-ը հավատարմորեն աջակցում է կայուն գյուղատնտեսությանը՝ օգտագործելով GMO (գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ) չպարունակող և բնական բաղադրիչներ: Այն կտրականապես մերժում է էկոլոգիապես վնասակար բաղադրիչները, ինչպիսիք են արմավենու յուղը և արևածաղկի ձեթը, որոնք ստանալը չափազանց դժվար է արդյունաբերական հողագործության պատճառով, ինչի արդյունքում տեղի է ունենում անտառների այրում և հողի հանքային աղերի վերացում:
«Ամբողջ հումքը ձեռք ենք բերում եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից և Ավստրալիայից։ Շատ հաճախ մաշկի բնական խնամքի այլ բրենդներ հումքը ձեռք են բերում ոչ այնքան զարգացած երկրներից, սակայն նման երկրներում ECOCERT-ի չափանիշները չեն պահպանվում։ Մենք ենթարկվում ենք ECOCERT-ի, COSMOS-ի և NSF-ի չափանիշներին։ Նման ստանդարտներին հետևելու համար արտադրանքի հումքը պետք է լիցենզավորված լինի, ուստի հումքը ձեռք ենք բերում այն կազմակերպություններից, որոնք ունեն արտոնագրեր։ Հայկական հումք չենք կարող օգտագործել։ Մենք ունենք հրաշալի բնություն, սակայն արտադրական մակարդակի մաքրության հումք դեռ չունենք, որը հնարավորություն կտա պահպանման ժամկետ սահմանել։ Ֆիլտրացիայի այդ պայմանները դեռ չկան։ Օրինակ՝ եթե մասուրի կորիզի յուղը չանցնի համապատասխան բարձրակարգ ֆիլտրացիա, մենք չենք կարող այն օգտագործել որպես հումք»,-շեշտում է Սոնան։
Տևական ժամանակ նույն խնամքի միջոցներն օգտագործելու անարդյունավետության առեղծվածը
«Միֆ է, երբ ասում են, թե տևական ժամանակ խնամքի նույն միջոցները կիրառելու պարագայում մաշկը սովորում է դրանց, և այդ միջոցները կորցնում են արդյունավետությունը։ Չկա նման բան։ Դա նույնն է, եթե ասես՝ մարդը չի կարող ամբողջ կյանքում մածուն ուտել, քանի որ կարող է սովորել դրան։ Նման հետազոտություն չկա։ Եթե լիներ, մեր խնամքի միջոցների բաղադրությունն անընդհատ կփոխեինք։ Այլ բան է, երբ մարդը մեծանում է, տարիքի հետ նրան ավելի խորը խնամք է հարկավոր։ Այն, ինչ բավարար է քսան տարեկանի մաշկի համար, բավարար չէ քառասուն տարեկան մարդու մաշկի համար, որովհետև քառասունում կոլագեն, էլաստին, խոնավություն ենք կորցնում։ Մեր հակատարիքային շարքում շատ են պեպտիդները, որոնք անհրաժեշտ են մաշկին։ Օգտագործում ենք քինոայի պեպտիդ, որը հրաշալի պահպանում է մաշկը»,-տեղեկացնում է Սոնա Մանուկյանը։
Կանայք՝ Lucin Organics-ի շարժիչ ուժ
«Երբ գործարար ես և ինչ-որ բան ես ստեղծում, դա անում ես հանուն գաղափարի։ Ես ցանկանում եմ, որ բոլոր կանայք կարողանան օգտվել մաշկի լավագույն խնամքից, քանի որ մաշկը գեղեցկության և ինքնավստահության գրավականն է։ Երբ առավոտյան նայում ես հայելու մեջ, տեսնում ես, որ մաշկդ առողջ է, քեզ լավ ես զգում։ Տարիքը կապ չունի. ոչ ոք չի կարող խուսափել տարիքային մանր կնճիռներից, բայց, երբ մաշկդ խնամված է, առողջ է, քեզ երջանիկ ես զգում»,-խոստովանում է Սոնան։
Ըստ նրա՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում անհրաժեշտ է հասարակությանը վերադարձնել այն, ինչ քեզ տալիս է, իսկ դա անելու լավագույն միջոցը հայ կանանց տաղանդն ու շնորհն արտահայտելու հնարավորություն տալն է։
«Եթե ես՝ կին գործարարս, կարող եմ ստեղծել աշխատանքային այնպիսի միջավայր, որտեղ քսան կին կարող է ներդնել իր տաղանդը, աշխատել, զարգանալ, ինքնաիրացվել և վարձատրվել, ապահով զգալ, ապա երջանիկ եմ։ Այդպես կարող եմ հասարակությանը որոշ չափով վերադարձնել այն, ինչ ինձ է տալիս, չէ՞ որ հասարակությունն է զարգացրել իմ բիզնեսը։ Կանայք տաղանդավոր են, անմնացորդ նվիրված են, հոգատար են։ Ցանկացած կին սիրում է սովորել, զարգանալ, առաջ գնալ։ Չնայած մեր բիզնեսը փոքր է, այդ ամենն այստեղ լիարժեք ապահովված է»,-հավաստիացնում է նա։
Առաքելությունը
Lucin Organics-ն առաջնորդվում է «Առողջ մաշկը գեղեցիկ է» գաղափարախոսությամբ։ «Այն, ինչ քսում եք մաշկին, գնում է ներս։ Միշտ մտածում եմ՝ պրոդուկտը չպետք է վնասի որևէ մեկին և պետք է օգտակար լինի, եթե օգտակար չէ, մենք այն չենք ստեղծում»,-շեշտում է Սոնան։
Սպասված նորությունը
Տարիներ շարունակ բրենդը սպառողներին առաջարկում էր առավոտյան խոնավեցնող և երեկոյան խոնավեցնող քսուքներ՝ առանձին տարաներով։ Հաճախորդների խնդրանքով Lucin Organics-ի մասնագետները ստեղծել են նոր՝ ավելի հագեցած ֆորմուլայով խոնավեցնող քսուք, որը հնարավոր է օգտագործել և՛ առավոտյան, և՛ երեկոյան. ստացվում է՝ երկուսը մեկում։ Քսուքի շուրջ ևս աշխատել են շուրջ երկու տարի։
Վստահությունը՝ Lucin Organics-ի առաջընթացի երաշխիք
«Վստահությունը մեր աշխատանքի հիմքերից է. մենք վստահում ենք միմյանց, վստահում ենք մեր գործընկերներին, վստահում ենք այն կազմակերպությանը, որը զբաղվում է տուփերի տպագրությամբ, վստահում ենք մեր դիզայներներին, ամեն ինչ անում ենք, որ մեր հաճախորդները մեզ վստահեն։ Շատ արժևորում ենք այդ վստահությունը և չենք մտածում, որ այն մեզ հեշտ է տրվել։ Ամեն օր աշխատում ենք այն պահպանելու համար։ Միշտ միմյանց հիշեցնում ենք, որ մեր նկատմամբ վստահությունը հենց այնպես չի ձեռք բերվել։ Ի վերջո, Lucin Organics-ի խնամքի միջոցները մատչելի չեն։ Մեր մրցակցային առավելությունը երբեք գինը չի եղել։ Մեր մրցակցային առավելությունը որակն է։ Մարդը պետք է վստահի քեզ ոչ մատչելի արտադրանքը գնելու համար։ Դա շատ կարևոր է մեզ համար, և մենք աշխատում ենք ազնիվ, նվիրված, իսկ սպառողները դա տեսնում են ու գնահատում»,-եզրափակում է Սոնա Մանուկյանը։
Lucin Organics-ի խնամքի միջոցները ոչ միայն վաճառվում են Երևանում՝ Ավագ Պետրոսյան 13 հասցեի խանութ-սրահում, այլև՝ առցանց։ Միջոցներն առաքվում են Երևանում, Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաև ԱՄՆ, Կանադա և եվրոպական բոլոր երկրներ։