Երևան

Երևանում գույքագրվել են բոլոր հասցեները, որտեղ հեղեղատար համակարգը ենթակա է վերակառուցման կամ բացակայում է

4 րոպեի ընթերցում

Երևանում գույքագրվել են բոլոր հասցեները, որտեղ հեղեղատար համակարգը ենթակա է վերակառուցման կամ բացակայում է

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի գնահատմամբ՝ մայրաքաղաքի տարածքում հուլիսի 25-ին ամսվա նորման կրկնակի գերազանցող հորդառատ անձրևի ինտենսիվության պայմաններում որքան էլ թողունակ և գործարկման ենթակա լինի հեղեղատար համակարգը, չէր կարող ընդունել ամբողջ ծավալը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կամո Արեյանը նման համոզմունք հայտնեց Երևանի քաղաքապետարանի հուլիսի 28-ի գործակարգավարական խորհրդակցությանը։ 

«Անձրևի դադարից մոտ 15-20 րոպե հետո ջրականգ չկար մայրաքաղաքում։ Այսինքն՝ ամբողջ ծավալը համակարգը տարել էր, բայց, այնուամենայնիվ, ինտենսիվությունն ու տեղումների առատությունը հանգեցրեց որոշակի խնդիրների։ Մայրաքաղաքում գրանցվել է ջրային կուտակումներ և դժվարանցանելի հատվածների 20 դեպք, կամրջային հատվածներում հիմնականում խնդրահարույց դարձավ Հաղթանակ կամուրջը, Քրիստափորի փողոցի վրա մետրոպոլիտենի կամրջի հատվածը, ինչպես նաև՝ Գործարանային մետրոյի մոտ։ Փողոցներից  ամենախնդրահարույցը Գյուրջյանն էր դարձել, Օրբելին, որտեղ հեղեղատարը միացված է կոյուղուն»,-ներկայացրեց Արեյանը։

Նրա խոսքով՝ գրանցվել է ծառերի և ճյուղերի տապալման 15, էլեկտրասյուների տապալման և մալուխների բռնկման՝ 25, տանիքների և ջրհորդան խողովակների վթարման՝ 5, քարաթափումների և փլուզումների՝ 4 դեպք։ 

«Տեղումների դադարից հետո «Վեոլիա ջուր» ընկերության բրիգադները սկսել են հետևանքների վերացման աշխատանքները։ Հաջորդ օրը վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցների հետ միասին իրականացվել են անձրևընդունիչ ցանցերի մաքրման աշխատանքները։ 

Այսօր «Վեոլիա ջուր»-ը կշարունակի հեղեղումների բոլոր բերվածքների մաքրումը անձրևընդունիչ հորերից»,-նշեց Կամո Արեյանը։

Քաղաքապետի խորհրդականն անհասկանալի է համարում Հաղթանակ կամրջի ջրակուտակումը, ինչը նախկինում չի եղել։ 

Ըստ Արեյանի՝ կամրջաշինարարների և նախագծողների հետ պետք է ևս մեկ անգամ դիտարկել կամրջի ջրահեռացման ենթակառուցվածքի առկայությունը կամ խնդրի առաջացման պատճառները։ 

Քաղաքապետի խորհրդականն ընդգծեց, որ ջրահեռացման ամբողջ այս համակարգի սպասարկման խնդիրը ներկայում առաջնահերթություն է։

«Այս առումով ամիսներ առաջ քաղաքապետի կողմից տրված հանձնարարականը կատարված է․ ամբողջ ծավալով գույքագրված է քաղաքում շուրջ 50 հասցեների հեղեղատար համակարգի բացակայության հատվածները և վերակառուցման ենթակա համակարգը»,-հայտնեց Արեյանը։ 

Բացի այդ՝ պատվիրվել է այդ հասցեներում կառուցման ու վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնք արդեն փորձաքննություն են անցել։ Ֆինանսական առումով՝ 52 կիլոմետր 695 մետր երկարությամբ կառուցման ու վերակառուցման ենթակա ջրահեռացման համակարգի ծախսերը կազմում են 10 միլիարդ 88 միլիոն դրամ։

Արեյանը նշեց, որ այս գույքագրումն իրականացվել է, որպեսզի ֆինանսական ռեսուրսների առկայության դեպքում անմիջապես պատրաստ լինեն աշխատանքներ իրականացնել։

Այս համատեքստում նա կարևորեց Սեբաստիա-Բագրատունյաց փողոցները կապող կամրջի ներքևի և Գործարանային մետրոյի հարևանությամբ գտնվող հատվածները, որոնց ջրահեռացման համակարգի վերակառուցումը խիստ արդիական է։

«Եթե ֆինանսական ռեսուրսներն այս տարի բավարարեն, ապա այս երկու նախագծերը պատրաստ ենք հայտարարելու կապալի մրցույթի ու մինչև տարեվերջ ավարտելու»,-եզրափակեց Արեյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում