Տապալվել են ծառեր, վնասվել բնակարանի պատուհաններ, արգելափակվել ավտոմեքենաներ. քամու հետևանքները Երևանում և մարզերում
1 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ հուլիսի 25-ին ժամը 20:30-ից ահազանգեր են ստացվել, որ քամու և անձրևի հետևանքով Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում և Երևան քաղաքում տապալվել են ծառեր, վնասվել տանիքների թիթեղներ, բնակարանի պատուհաններ, այրվել էլեկտրական սյուներ և մալուխներ, ջրալցվել են նկուղներ, անձրևաջրերում արգելափակվել ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքերի վայրեր մեկնած փրկարարներն իրականացրել են տապալված ծառերի մասնատման և հեռացման, թուլացած թիթեղների ապամոնտաժման, արգելափակված ավտոմեքենաների դուրսբերման, ջրահեռացման, սահմանազատման աշխատանքներ։
«Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 33 արտակարգ դեպք. Երևանում՝ 26, Շիրակի մարզում՝ 1, Կոտայքի մարզում՝ 3, Գեղարքունիքի մարզում՝ 2, Արարատի մարզում՝ 1 դեպք։ Բոլոր ահազանգերին փրկարարներն արձագանքել են՝ ցուցաբերելով համապատասխան օգնություն»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: