«Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրեր Ամիր Նադերին և Ջաֆար Փանահին այցելել են Հայաստանի կինոյի հիմնադրամ

2 րոպեի ընթերցում

Իրանական կինոյի ականավոր ներկայացուցիչներ Ամիր Նադերին և Ջաֆար Փանահին, որոնք Հայաստան են ժամանել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում, այցելել են Հայաստանի կինոյի հիմնադրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա են եղել կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադը, Daricheh Cinema-ի հիմնադիր տնօրեն Առմին Միլադը և ոլորտային այլ գործընկերներ։ 

Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանն անդրադարձել է Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմին՝ ընդգծելով նրա արվեստի խորությունն ու ճշմարտացիությունը, որն առավելագույնս ներգործում է հանդիսատեսի վրա։ 

Քննարկման առանցքում եղել է կինոն որպես հումանիտար լեզու՝ անցյալից դեպի ապագա միտված մշակութային կապեր ստեղծելու, տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափեր պատկերացնելու և մասնագիտական համախմբման նոր հնարավորություններ բացելու նպատակով։ 

Կողմերը քննարկել են ստեղծագործական և կրթական հնարավոր նախաձեռնություններ, որոնք կարող են համախմբել նոր սերնդի կինոգործիչներին գիտելիքի փոխանակման, համատեղ արտադրության և միջազգային համագործակցության միջավայրում։ 

Դավիթ Բանուչյանը հանդիպման ավարտին պատվավոր հյուրերին հանձնել է հայկական ծիրանափող՝ որպես մշակութային երկխոսության խորհրդանիշ։ Հանդիպման ընթացքում ձևավորված փոխըմբռնումը և գործակցային պատրաստակամությունը հիմք են դնում երկկողմ հարաբերությունների խորացմանը հստակ նպատակադրությամբ՝ զարգացնել և ձևավորել նոր համագործակցային ցանցեր, ապահովել ոլորտային համատեղ առաջընթաց։

Հայերեն English فارسی