Երևան

Երևանի քաղաքապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ ընդգծելով, որ անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Երևանի քաղաքապետարանի ծրագրային համագործակցությունը ՄԱԿ-ի թիմի և ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների հետ, ինչպիսին է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ): 

2026 թվականին Երևանը կհյուրընկալի COP 17-ը (ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով), քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակներում կազմակերպչական աջակցություն է ցուցաբերում։ 

«Որպես հյուրընկալող քաղաք՝ մենք սերտորեն ներգրավված ենք կազմակերպչական գործընթացում: Սա նշանակալի իրադարձություն է Հայաստանի համար՝ դիրքավորելով Երևանը որպես գլոբալ կլիմայական երկխոսության հիմնական դերակատար»,- նշել է քաղաքապետը: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև օդի որակի բարելավման ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները։ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր, որում ներառված են բոլոր այն հնարավոր քայլերը, որոնք կնպաստեն օդի աղտոտվածության նվազեցմանը: Արդյունավետ լուծումները կիրառելու նպատակով  Երևանն ուսումնասիրում է նաև գործընկեր քաղաքների փորձը: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու բարեփոխման ծրագրերը ներկայացնելու համար՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբն իր հերթին նշել է, որ ՄԱԿ-ի թիմը ևս կարևորում է Երևանի քաղաքապետարանի հետ գործակցության տարբեր ծրագրերը և պատրաստակամություն է հայտնել աջակցել նոր նախագծերի իրագործմանը:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում