Ռոզա Գրիգորյան

«Երևանյան բեսթսելեր». «Ապրել»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2025

10 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Ապրել»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2025

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է հունիսի վաճառքների հիման վրա: 

Նարինե Աբգարյանի «Ապրել» գիրքն առաջին տեղում է։ Այն 31 պատմվածքների ժողովածու է։ Բերդ քաղաքի մարդկանց մասին է, ովքեր  կրում էին Արցախյան առաջին պատերազմի զրկանքները։ Իրենց առօրյայով, ցավերով ու հույսերով ապրող տավուշեցիների պատմություններն են։ Գիրքը պատերազմից փրկվածների մասին է ու նրանց մասին, ովքեր դարձան այդ արհավիրքի զոհը։ Հեղինակն ասում է՝ պատերազմի մասին գրելը նշանակում է նայել մահվան աչքերի մեջ ու փորձել չփախցնել հայացքը։ Չէ՞ որ ինքդ քեզ կդավաճանես, եթե չկարողանաս ուղիղ նայել։ Կյանքը մահից արդար է․ սա է ճշմարտությունը։ Սրան պետք է հավատալ՝ ապրել կարողանալու համար։

Աննա Ջեյնի «Կոտրված սիրտը» երկրորդ տեղում է։ Ես ամեն օր տեսնում եմ նրան դիմացի տան պատուհանից: Նա իմ նոր դպրոցի ամենաուժեղ տղան է: Գեղեցիկ, վտանգավոր և միայնակ տղան, ում համար բոլորը խենթանում են, իսկ նա ինձ չի էլ նկատում: Մի անգամ նա փրկեց ինձ դասընկերուհիներիցս, ովքեր որոշել էին իմ կյանքը դժոխքի վերածել: Բոլորի մոտ հայտարարեց, որ ես իր ընկերուհին եմ և գողացավ իմ առաջին համբույրը: Այժմ ոչ ոք չի համարձակվում ինձ վիրավորել, քանի որ չեն ուզում նրա հետ որևէ գործ ունենալ: Փոխարենը ես պետք է կատարեմ նրա յուրաքանչյուր ցանկությունը: Ես նրան տանել չեմ կարողանում, բայց ստիպված եմ ենթարկվել, եթե ուզում եմ դպրոցը առանց խնդիրների ավարտել: Ու՞մ սիրտն է կոտրվելու: Ի՞մ, թե՞ նրա:

Մարկ Արենի «Երբեքևեթ»-ը երրորդ տեղում է։ Երբեմն մտքի անմեկնելի ընթացքը ծնունդ է տալիս բառերի, որոնք կարծես ծագում են չգիտես որտեղ փայլատակող կայծերից: Որպես բառային օվկիանոսի խորքերում կայծկլտող փարոս-ուրվական, չիրականացված հույսերի ու անկատար խոստումների արձագանք՝ «երբեքևեթ» բառը լեզվական կանոններում տեղ դեռևս չունի, բայց ենթադրենք, որ այն կյանքի իրավունք ունի գրական աշխարհում: «Երբեքևեթ»-ը խաղում է մեր գիտակցության հետ՝ մեր երևակայությունը դնելով անհնարինի և հնարավորի ճոճանակի վրա: Այն ստիպում է, որ ժամանակը քարանա շփոթության մեջ, որովհետև ինչպե՞ս կարող է միաժամանակ լինել երբեք և ևեթ, այսինքն՝ երբեք և հիմա:

Ֆրեդրիկ Բաքմանի «Տատիկս բարևում է և ասում` կներեք» չորրորդ տեղում է։ Էլզան յոթ տարեկան է և տարբերվում է շրջապատի մյուս երեխաներից: Օրինակ՝ փեյնթբոլի հրացանով պատշգամբից կրակում է անծանոթ մարդկանց ուղղությամբ: Ու դա անում է իր տարեց ու մի քիչ էլ ցնդած տատիկի հետ, որն Էլզայի միակ ու լավագույն ընկերն է: Էլզան գիշերը ապաստան է գտնում իր տատիկի պատմություններում, որտեղ բոլորն իրարից տարբերվում են, և ոչ ոք ստիպված չէ նորմալ լինել:

Տատիկի մահից հետո նրանից մնում է նամակների մի հաստ տրցակ, որոնցում նա ներողություն է խնդրում բոլորից, որոնց վնասել է կամ վիրավորել: Այդ պահից էլ սկսվում է Էլզայի ամենամեծ արկածը: Տատիկի նամակների միջոցով աղջիկը ծանոթանում է հարբեցողներով, հրեշներով, կատաղած շներով ևծերունիներով լի բազմաբնակարան շենքի բնակիչների հետ: Այստեղ էլ Էլզայն բացահայտում է իր մանկության հեքիաթների ու արքունիքների մեծագույն գաղտնիքները: 

Աննա Ջեյնի «Երկրպագուն» գիրքը հինգերորդ տեղում է։ Անգելինա Լանսկայային ամեն օր ծաղիկներ են ուղարկում: Ծաղիկները միշտ զույգ թվով են: Անգելինան գաղափար անգամ չունի, թե ով է ուղարկում դրանք: Խորհրդավոր երկրպագուն փորձում է խենթացնել աղջկան, խաղում է նրա հետ, անընդհատ վախի մեջ պահում ու կախվածություն առաջացնում: Երկրպագուն լավ գիտի, թե ոնց Անգելինային իր թակարդը գցի: Անգելինա Լանսկայան՝ հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհին, առաջին հայացքից անմեղ հրեշտակ է թվում, բայց այդ անմեղության տակ շատ գաղտնիքներ կան թաքնված: Նա չի հիշում մանկությունը, գիշերները տանջվում է մղձավանջներից ու անընդհատ պայքարի մեջ է իր ներսի դևի հետ: Անգելինան իդեալական թեկնածու է «Լեգեոն» անունով փակ ակումբի համար: Բայց ու՞մ դերում: Զոհի՞, թե՞ մարդասպանի: Սե՞ր, թե՞ մահ: Ի՞նչն է հաղթելու: Արյունոտ խաղադրույքները արված են:

Տոշիկազու Կավագուչիի «Նախքան սուրճը կսառի» վեցերորդ տեղում է։  Տոկիոյի մի գողտրիկ սրճարան, որտեղ անչափ համեղ սուրճ են մատուցում, իր այցելուներին հնարավորություն է տալիս վերադառնալ անցյալ։ Սրճարանն ունի իր կանոնները, որոնցից ամենախիստն այսպիսին է. «Պետք է խմես սուրճը նախքան այն կսառի», որպեսզի ճիշտ ժամանակին վերադառնաս ներկա, այլապես...

Էլիֆ Շաֆաքի «Սիրո քառասուն կանոնները», որը նրա ամենահայտնի խորհրդանշական վեպերից է, յոթերորդ տեղում է։ Վեպի հիմքում Ռումիի և նրա ուսուցիչ Շամս Թավրիզեցու ընկերության պատմությունն է։ Գրողը դիմել է պոստմոդեռնիստական վեպի հնարքներից մեկին՝ Ռումիի ու Շամսի պատմությանը անդրադառնալով մերօրյա կյանքի պրիզմայով։ Վեպ վեպի մեջ հնարքի միջոցով գրողը թվարկում է սիրո քառասուն խորհրդանշական կանոնները և ցույց տալիս, որ սերը, լինի տասներեքերորդ թե քսանմեկերորդ դարում, փոխակերպվում է, բայց երբեք չի փոխվում, բազմազան է ու հարատև։

Մարկ Լևիի «Իսկ եթե դա ճիշտ էր․․․» գիրքը ութերորդ տեղում է։ Ֆրանսիացի գրող Մարկ Լևիի առաջին գիրքն է. լույս է տեսել 2000 թվականին՝ նրան արժանացնելով «Գոյա-առաջին վեպ» մրցանակի: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում և համարվում է ամենից շատ վաճառվող գրքերից մեկը: Միայն 2003 թ. Ֆրանսիայում վաճառվել է 212800 օրինակ: Վեպի հիմքում կոմայի առեղծվածն է՝ ֆիզիկապես «մահացած» ուղեղով մարդու գիտակցական կյանքի շարունակությունը, հոգու գոյության զարմանալի խորհրդավոր երևույթը: Վեհանձնության, սիրո, նվիրվածության, մարդասիրության լավագույն դրսևորումներով են օժտված վեպի գլխավոր հերոսները:

Էլենա Ֆերանտեի «Կորած երեխայի պատմությունը» իններորդ տեղում է։ «Կորած երեխայի պատմությունը» եզրափակում է Էլենա Ֆերանտեի նեապոլիտանական քառագրությունը, որը սկսվում է «Իմ հանճարեղ ընկերուհին» սենսացիոն ընտանեկան սագայով, շարունակվում «Նոր ազգանվան պատմությունը» և «Հեռացողների և մնացողների պատմությունը» գրքերով: Շարքի վերջին մասում՝ «Կորած երեխայի պատմությունը» գրքում, երկու ընկերուհիների՝ Լիլայի և Էլենայի ընկերությունն անցնում է ժամանակի քննությունը: Երկուսն էլ ունեն ընտանիք, երեխաներ, սիրեկաններ... Սակայն որքան էլ ձգտել են փախչել Նեապոլի արվարձանային մռայլ միջավայրից, կյանքը նրանց նորից ստիպում է բախվել նեապոլիտանական իրականությանը:Լենուն ամուսնացել ու տեղափոխվել է Ֆլորենցիա, դարձել հայտնի գրող։ Բայց Նեապոլը նրան կլանում է իր մութհմայքով։ Լիլան չի կարողացել հեռանալ Նեապոլից։ Նա կայացած ձեռներեց է, բայց հաջողությունը նրան ավելի էներքաշել իտալական հարավի կենցաղային բարքերի, բամբասանքի ու ընտանեկան վեճերի հորձանուտ:

Քրիս Յուանի «Տան որսը» տասներորդ տեղում է։ Հայերեն թարգմանված այս նոր անգլիական դետեկտիվը՝ Քրիս Յուանի կատարմամբ, արդեն իսկ խոստանում է դառնալ ամենամեծ գրքային իրադարձություններից մեկը Հայաստանում: Գերլարված, խելացի մտածված և անսպասելի հանգուցալուծումներ ունեցող սյուժեն կստիպի ձեզ մոռանալ բոլոր այլ գործերի մասին և կգամի ձեզ գրքի էջերին գիշերներ շարունակ:

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

 

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
1նորԱպրել.jpgՆարինե Աբգարյան, «Ապրել»Newmag169
2նոր00-00215449.jpgԱննա Ջեյն, «Կոտրված սիրտը» Բուքփրայզ73
3*erbeqevet-300x450.jpgՄարկ Արեն, «Երբեքևեթ»Բուկինիստ68
4նորՏատիկս-բարևում-է-և-ասում-կներեք-1.jpgՖրեդրիկ Բաքման, «Տատիկս բարևում է և ասում` կներեք» Newmag59 
5-1Աննա Ջեյն, «Երկրպագուն» Բուքփրայզ54 
6*Տոշիկազու Կավագուչի, «Նախքան սուրճը կսառի» Դավինչի42
7*Սիրո-քառասուն-կանոնները-1.jpgԷլիֆ Շաֆաք, «Սիրո քառասուն կանոնները»  Անտարես40
8*b0f55af26628ba7f6464e0eefa633db0.jpgՄարկ Լևի, «Իսկ եթե դա ճիշտ էր․․․» Անտարես39
9նորԷլենա Ֆերանտե, «Կորած երեխայի պատմությունը»Newmag38 
10-3Քրիս Յուան, «Տան որսը» Դավինչի37
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում