Տնտեսություն

ԵԱՏՄ-ն ընդլայնում է միջազգային առևտրային համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ն ընդլայնում է միջազգային առևտրային համագործակցությունը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 26-27-ին կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ղեկավարների հերթական նիստի ընթացքում ուշադրության կենտրոնում էին միջազգային առևտրային համագործակցության ընդլայնման հարցերը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ամփոփելով նիստի արդյունքները՝ այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը՝ ընդգծելով, որ Միության միջազգային առևտրային գործունեության ծավալը գերազանցել է 3 միլիարդ ԱՄՆ դոլարը, ինչը վկայում է ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության և գործընկեր երկրների վստահության բարձրացման մասին։ 

Հատուկ ուշադրություն է դարձվել Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագրի ստորագրմանը։ Այս համաձայնագրի շրջանակում ԵԱՏՄ-ից Մոնղոլիա արտահանման ավելի քան 90 տոկոսը, որի ծավալը հասնում է 2 միլիարդ դոլարի, ընդգրկված է սակագնային արտոնությունների ռեժիմում։ 

Այս քայլը նպատակ ունի ոչ միայն խթանել փոխադարձ առևտուրը, այլև ամրապնդել տնտեսական կապերը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ Ըստ ԵՏՀ կոլեգիայի նախագահի՝ ԵԱՏՄ-ն շարունակում է զարգացնել առևտրային գործակցությունը նաև այլ երկրների հետ։ Ներկայում գործում են համաձայնագրեր Վիետնամի, Չինաստանի, Սերբիայի և Իրանի հետ։ Ինդոնեզիայի հետ բանակցությունները հասել են եզրափակիչ փուլ, իսկ Հնդկաստանի, Թունիսի և Հորդանանի հետ համագործակցության գործընթացը շարունակում է զարգանալ։ 

Միության համագործակցության կենտրոնում է ԲՐԻԿՍ-ը։ Ընդլայնվում են կապերը Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրների հետ։ 25 երկրների կառավարությունների հետ համագործակցություն է հաստատվել։ ՄԱԿ-ի և դրա մասնագիտացված գործակալությունների հարթակներում խթանվում է բազմակողմանի երկխոսության զարգացման գաղափարը։ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները հաստատել են, որ միջազգային առևտրային գործընկերությունների ընդլայնումը կմնա Միության արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը՝ խթանելով տնտեսական ինտեգրումը գլոբալ հարթակում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում