Սոցիալական հարցեր

Զինվորի տանը՝ ինչպես տանը. կենտրոնում բացվեց նոր ճաշարանը և Մշակույթի Տանիքը

4 րոպեի ընթերցում

Զինվորի տանը՝ ինչպես տանը. կենտրոնում բացվեց նոր ճաշարանը և Մշակույթի Տանիքը

Զինվորի տանը բացվեց նոր ճաշարանը, որը զինվորների համար լինելու է նաև հանդիսությունների սրահ և Մշակույթի Տանիքը, որտեղ կանցկացվեն տարբեր մշակութային միջոցառումներ, հանդիպումներ և համերգներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զինվորի տան նոր ճաշարանում բուժվող տղաները օրը 3 անգամ տեղում թարմ պատրաստված ճաշատեսակներով անվճար կսնվեն, իսկ Մշակույթի Տանիքում զինհաշմանդամները կհյուրընկալեն տարբեր երգիչների, դերասանների:

Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը նշեց, որ Զինվորի տունը նախկինում նույնպես ապահովում էր տղաների ամենօրյա անվճար սնունդը, սակայն հին ճաշարանը բավականին փոքր էր և շահառուների ավելացմանը զուգահեռ ավելի մեծ ճաշարան ունենալու պահանջ առաջացավ: 

«Նոր ճաշարանը նաև որպես հանդիսությունների սրահ կծառայի: Բոլոր այն զինվորները, որոնք կցանկանան իրենց ծննդյան, մկրտության կամ այլ առիթներ նշել այդ սրահում, կունենան դրա հնարավորությունը: Ինչպես նաև  Զինվորի տանը հաճախ են կազմակերպվում համերգներ, ֆիլմերի դիտում-քննարկումներ: Պարզապես այդ բոլոր միջոցառումներն այսուհետև կունենան ավելի հստակ հասցե՝ Զինվորի տուն, Մշակույթի Տանիք»,-նշեց Հայկուհի Մինասյանը:

Մշակույթի Տանիքում առաջին ելույթն ունեցան հենց իրենք՝ զինվորները՝ անակնկալ մատուցելով օրվա հյուրերին. ամպուտացված վերջույթներով, արցախյան առաջին և 44-օրյա պատերազմի մասնակիցները պարեցին քոչարի։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ ընդգծեց՝ սա ճոխություն չէ, այլ արժանի գնահատանք պատերազմի մասնակից տղաներին:

«Մենք մեծ շնորհակալություն ենք հայտնում Ընտանիքի աջակցության հիմնադրամին և նախագահ Նազ Բաշքիջյանին՝ մշտապես տղաների կողքին լինելու, աջակցելու և զինվորների հանդեպ ցուցաբերվող մեծ սիրո ու ջերմության համար, որը դրսևորվում է Զինվորի տանը այսպիսի հնարավորությունների ստեղծմամբ: Եվ այս ճերմակ դահլիճը, որը պատրաստ է ուրախությունների, հարսանիքների, կնունքների և ծնունդների համար, օգոստոսի կեսերին կունենա իր առաջին առիթը, կծնվի մեր տղաներից մեկի բալիկը: Ես վստահ եմ՝ ուրախությունն այստեղ անպակաս է լինելու»,-նշեց Արմեն Մուրադյանը:

Զինվորի տան նոր ճաշարանի ողջ կահավորումը և տեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաև Մշակույթի Տանիքի կառուցումն իրականացվել են Միացյալ Նահանգներում գործող Ընտանիքի աջակցության հիմնադրամի ֆինանսավորմամբ: FRF-Ընտանիքի աջակցության հիմնադրամը Զինվորի տան կողքին է ստեղծման օրից։ Այս հիմնադրամի աջակցությամբ Զինվորի տունն իրականացրել է բազմաթիվ առողջապահական, սոցիալական և մշակութային ծրագրեր:

Ընտանիքի աջակցության հիմնադրամի նախագահ Նազ Բաշքիջյանը հուզմունքով նշեց, որ այսօր իրենք ինչ էլ անեն պատերազմին մասնակցած տղաների համար, միևնույն է, չեն կարողանա փոխհատուցել տղաներին իրենց արածների համար:

«Ես Հայաստան եմ գալիս տարին երեք անգամ և անպայման այցելում եմ Զինվորի տուն: Ես զինվորներին հարգում եմ, իրենց արած գործը մենք չենք կարող փոխհատուցել, բայց պետք է անենք ավելին, որ կարողանանք որոշ չափով իրենց ցավերը, դժվարությունները մեղմենք»,-նշեց հիմնադրամի նախագահը: 

 Արցախյան առաջին պատերազմի մասնակից, առաջին կարգի զինհաշմանդամ Արշակ Հովհաննիսյանն ընդգծեց՝ Զինվորի տունն իր կյանքում շատ բան է փոխել, այստեղ մասնակցել է մի շարք դասընթացների՝ երգի, պարի, օտար լեզուների:

«Ես վստահ եմ, որ այս գեղեցիկ ճաշարանը և ժամանցի վայրը  ևս տղաների համար շատ բան կփոխի՝ բերելով նոր միջավայր»,-նշեց Հովհաննիսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում