Հայաստան

ՄԻՊ-ն ընդգծել է Սահմանադրության կարևորությունը իրավական և ժողովրդավարական պետության կայացման գործում

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ն ընդգծել է Սահմանադրության կարևորությունը իրավական և ժողովրդավարական պետության կայացման գործում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սահմանադրության օրվա առթիվ ուղերձ է հղել՝ ընդգծելով Սահմանադրության կարևորությունը իրավական և ժողովրդավարական պետության կայացման գործում։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։

Իրավական պետության կայացման ճանապարհին առանցքային նշանակություն ունի իրավունքների ու ազատությունների պատշաճ երաշխավորումը, ինչպես նաև դրանց հետ կապված սահմանադրական կառուցակարգերի կիրառման արդյունավետության շարունակական կատարելագործումը։

Այս համատեքստում կարևոր է յուրաքանչյուրիս ակտիվ ու պատասխանատու մասնակցությունը՝ Սահմանադրությամբ ամրագրված արժեքների պահպանման և զարգացման գործում։

Վստահ եմ, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և սահմանադրական մշակույթի ամրապնդման ուղղությամբ մեր համատեղ և հետևողական աշխատանքը կնպաստի համերաշխ, հանդուրժող, արդարության ու իրավունքի գերակայության սկզբունքի վրա կառուցված հասարակության զարգացմանը։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված իրավական պետության կայացում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է ուղերձում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում