Հնչյունային ինժեներ Էդգարդո Վերթանեսյանի ընկերությունը միջազգային հանրահռչակման հնարավորություն կընձեռի հայ երաժիշտներին
9 րոպեի ընթերցում

Prima Classic (ԱՄՆ) ձայնագրման ընկերությունը և «Պրիմավերա» բարեգործական հիմնադրամն Armenopole միջազգային առցանց հարթակի հետ համագործակցությամբ մեկնարկել են հայ երաժիշտներին և հայ երաժշտությունը միջազգային հարթակներում հանրահռչակելու աննախադեպ նախագիծ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հատուկ այդ նպատակով առաջին անգամ Հայաստան է ժամանել Prima Classic ձայնագրման ընկերության համահիմնադիր, գլխավոր տնօրեն, հնչյունային ինժեներ Էդգարդո Վերթանեսյանը, որը ձայնագրել է ավելի քան 100 դասական երաժշտական ալբոմ, համագործակցել է Մադոննայի, Ռիհաննայի, Էմինեմի, Ջեյ-Զիի և այլոց հետ։
Հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը Վերթանեսյանն ասաց, որ իրենց դիմել է 16 երաժիշտ, սակայն մի քանիսին են ընտրել։ «Երաժիշտները շատ տաղանդավոր են, ինչը նշանակում է, որ ուսումնական համակարգը լավ վիճակում է։ Իհարկե, ծնողներն ու ընտանիքի մյուս անդամները ևս մեծ դերակատարություն ունեն երաժիշտների՝ հատկապես որպես սոլո արտիստ հաջողությունների հասնելու հարցում։ Ցանկալի է, որ երաժշտությամբ զբաղվեն 4-6 տարեկանից, ավելի ուշ երաժշտությամբ զբաղվելու պարագայում հնարավոր է, որ ինչ-որ բան չստացվի»,-նշեց Վերթանեսյանը։ Նա կարծում է՝ մասնակիցները մեծ պոտենցիալ ունեն ու կարող են մեծ բեմեր նվաճել։
Մասնագետի խոսքով՝ իրենց սկզբնական նպատակն է գտնել տաղանդավոր երաժիշտների, իսկ նրանց առաջընթացի գործում շատ կարևոր է ձայնագրվելը, ինչը բավականին թանկ է, ուստի երիտասարդներին ընձեռում են այդ հնարավորությունը։ Հետագայում երաժիշտները կարող են ձայնագրությունները ներկայացնել տարբեր հարթակներում, տարբեր կազմակերպությունների, գտնել գործակալների, մենեջերների ու առաջ գնալ։
Վերթանեսյանը հույս ունի, որ նախագծի իրականացումը շարունակական կլինի և դեռ շատ տաղանդներ կբացահայտվեն։
Անդրադառնալով իր գործունեությանն ու հանրահայտ արտիստների հետ համագործակցությանը՝ Էդգարդո Վերթանեսյանը պատմեց, որ վաղ տարիքից է աշխատում ոլորտում։ Շրջագայել է նաև Թեյլոր Սվիֆթի հետ։ «Եկավ մի շրջան, երբ հասկացա՝ փոփ երաժշտությունն ինչպես գալիս է, այդպես էլ գնում է, իսկ դասական արվեստը հավերժական է։ Մինչ օրս ունկնդրում ենք Բեթհովենի, Պուչինիի, Շոպենի և այլոց ստեղծագործությունները։ Սկսեցինք զբաղվել դասական ստեղծագործությունների ձայնագրությամբ։ Համերգներն անցնում են ու մոռացվում, իսկ եթե ձայնագրվեն, կդառնան մնայուն ու կփոխանցվեն սերունդներին»,-շեշտեց Վերթանեսյանը։
Primavera Foundation of Armenia-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Ելենա Յակովլևան Էդգարդո Վերթանեսյանի հետ ծանոթացել է երկու տարի առաջ։ Նրանք համագործակցել են Հայաստանի հետ ոչ մի կապ չունեցող նախագծի շուրջ, սակայն Յակովլևան Վերթանեսյանի ազգանունից հասկացել է, որ նա ազգությամբ հայ է։ Պարզվել է, որ նրա նախնիներն Արևմտյան Հայաստանից են։ Յակովլևան նրան առաջարկել է Հայաստանի երիտասարդ տաղանդների զարգացմանը նպաստող որևէ նախագիծ իրականացնել։ «Այս ծրագրին մասնակցում են մինչև 28 տարեկան երաժիշտներ։ Նախագծի առաջին փուլի շատ կարևոր կողմն այն է, որ մասնակցում են երիտասարդներ, որոնք չեն հեռացել Հայաստանից, սովորում են կոնսերվատորայում կամ վերջերս են ավարտել բուհն ու ապրում են Հայաստանում։ Նրանց տրվում են այն նույն հնարավորությունները, որոնք ունեն Եվրոպայում ապրող երիտասարդները։ Յուրաքանչյուր երաժիշտ կարող է դիմել ծրագրին։ Բացի երաժշտությունից, որը տվյալ մասնակիցը ցանկանում է կատարել, նա նաև պետք է նշի, թե ինչպես է ցանկանում այդ երաժշտության միջոցով ներկայացնել Հայաստանը միջազգային հանրությանը»,-պատմեց նա։
Նախագիծը կայացած և սկսնակ հայ երաժիշտներին հնարավորություն է տալիս ձայնագրել և թողարկել թվային սինգլներ, մինի ալբոմներ (EP) և ալբոմներ՝ միջազգային հեռարձակման բոլոր հարթակներում հրապարակելու հնարավորությամբ: Այդ ամենն իրականացնելու համար երաժիշտներին կտրամադրվեն ֆինանսական միջոցներ, կապահովվեն ձայնագրման համար միջազգային ստանդարտներին համապատասխան բոլոր պայմանները, փոստ-փրոդաքշնը, թողարկումն ու մարքեթինգային բոլոր միջազգային գործիքները՝ ձայնագրության տարածում Spotify, Apple Music, YouTube և ավելի քան 80 միջազգային հարթակներում, գովազդային աջակցություն և այլն:
Կարճ ցանկում (short list) ընդգրկված երաժիշտների համերգից հետո, որը հեռարձակվել է Armenopol միջազգային առցանց հարթակով, հայտարարվել են հաղթողները։ «Սկսնակ երաժիշտների» (18-28 տարեկան) ծրագրի հաղթողներ են դարձել դաշնակահարներ Գայանե Ասլանյանը, Սուրեն Բաբայանը, Ռուբեն Կոզինը, հոբոյահար Հայկ Հեկեկյանը և դասական կիթառահար Վահան Սարգսյանը։ Ընտրությունը կատարել է Էդգարդո Վերթանեսյանը։
Primavera Foundation of Armenia-ի կայքում հնարավոր է կատարել հանգանակություն նախընտրած արտիստին կամ երաժշտախմբին աջակցության համար: Հանգանակությունը բաց է ինչպես անհատների, այնպես էլ կորպորատիվ գործընկերների համար ողջ աշխարհից:
Հուլիսի 2-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացել է հաղթած երաժիշտների համերգը, հնչել են այն ստեղծագործությունները, որոնք պետք է ձայնագրվեն։ Հուլիսի 3-4-ին, Էդգարդո Վերթանեսյանի գլխավորությամբ, կիրականացվեն ձայնագրությունները։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախագծերի ղեկավար Մարինե Ալավերդյանի խոսքով՝ իրենք աջակցում են հիմնադրամին թե՛ շենքային, թե՛ տեխնիկական հնարավորություններով։ «Իրապես շատ ենք գնահատում նման հիմնադրամների հետ համագործակցությունը, որոնք իրապես հասկանում են, թե որքան կարևոր են մշակութային երկխոսությունն ու երաժիշտների հանրահռչակումը»,-նշեց նա։
Prima Classic ձայնագրման ընկերության և Primavera Foundation of Armenia-ի համագործակցությունն ունի նաև կրթական բաղադրիչ, հայ երաժիշտների և հնչյունային ինժեներների համար նախատեսված է ամենամյա սեմինար «Երաժշտության արտադրության և դասական երաժշտության ինդուստրիայի հիմնական դրույթները» թեմայով, որը կվարի հնչյունային ինժեներ և Prima Classic լեյբլի համահիմնադիր Էդգարդո Վերթանեսյանը: Այս տարի անվճար դասընթացը տեղի կունենա հուլիսի 4-ին՝ ժամը 17:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
Prima Classic լեյբլի կողմից հասանելի կլինի նաև խորհրդատվական աջակցություն երաժշտական արտադրության, ալբոմի թողարկման պլանավորման և միջազգային առաջխաղացման վերաբերյալ: Հայաստանցի այն հնչյունային ինժեներներին, որոնք ցանկանում են զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, կտրվի հնարավորություն Prima Classic լեյբում անցնել վերապատրաստում, պրակտիկա և ստեղծել միջազգային մասնագիտական կապեր:
Նախագծի մասին Էդգարդո Վերթանեսյանը նշում է. «Հայերը կարևոր դեր են ունեցել եվրոպական և քրիստոնեական ավանդույթների ձևավորման մեջ՝ բերելով այդ մշակույթը դարերի խորքից, անցնելով անհավանական դժվարությունների միջով, որոնց հետևանքները շատ ցցուն կերպով զգացվում նաև այսօր: Կարևոր է, որ հայի ձայնը, այս դեպքում երաժշտական ձայնը, լսելի լինի ողջ աշխարհում և մենք պետք է օգնենք հայ ժողովրդին իր գեղարվեստական դրսևորումներում շարունակել ձգտել կատարելության»:
Prima Classic-ը հիմնադրել են հռչակավոր օպերային երգչուհի Մարինա Ռեբեկան և Էդգարդո Վերթանեսյանը։ Այն ձայնագրման անկախ լեյբլ է, որը կենտրոնացած է օպերաների, դասական երգեցողության և գործիքային երաժշտության ձայնագրման ուղղության վրա: Նրանք նվիրված են մեկ գաղափարի՝ նպաստել հանճարեղ երաժշտության տարածմանը՝ հիանալի արտիստների կատարմամբ: Լեյբլը հատուկ ուշադրություն է դարձնում նախագծերի բոլոր փուլերին՝ երկացանկի ընտրություն, կատարման վարպետություն, ձայնի որակ, դիզայն, փաթեթավորում և համաշխարհային տարածում:
Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամը հիմնադրվել և ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում 2022 թվականից: Այն ուղղված է հայ մշակույթի ու արտիստների միջազգային ինտեգրմանը, հայ երիտասարդ երաժիշտների բացահայտմանն ու աջակցմանը, կրթական ծրագրերի միջոցով կատարողական արվեստի և արվեստի մենեջմենթի զարգացմանը: Հիմնադրամը տասնյակ կրթական ու մշակութային նախագծեր է իրականացրել ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի հեռավոր մարզերում: