Երևանում տուն է հրդեհվել. ներսում հայտնաբերվել է երեք քաղաքացու դի
1 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 3-ին ժամը 00։11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբացքի տներից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ հրդեհը բռնկվել է տներից մեկում․ ներսում կան քաղաքացիներ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։02-ին, մարվել՝ 01։05-ին։ Այրվել է տունը (մոտ 60 քմ), տան և կից տան տանիքները (ընդհանուր մոտ 120 քմ)։
Փրկարարները տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դի։