ՄԻՊ-ը հանրային համերաշխության տեսանկյունից մտահոգիչ է համարում Մայր Աթոռում ստեղծված իրավիճակը
2 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հետևում է զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններին և հանրային համերաշխության տեսանկյունից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է համարում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
«Պետական իշխանությունը բացառիկ կարևորություն ունի հասարակական կյանքը կանոնակարգելու հարցում։ Միևնույն ժամանակ, Հայ Առաքելական Եկեղեցին առանցքային դերակատարություն ունի բազմաթիվ քաղաքացիների խղճի և կրոնի ազատության իրավունքի իրացման տեսանկյունից։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ թե՛ հասարակական կարգի պահպանումը, թե՛ կրոնական ազատությունների երաշխավորումը հնարավոր են բացառապես հանրային համերաշխության առկայության պայմաններում։ Ուստի, Պաշտպանը կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն, առաջ եկած խնդիրները լուծել փոխադարձ հարգանքի, իրավունքի գերակայության արժեքների պահպանմամբ՝ հանրային համերաշխության և հանդուրժողականության առանցքային բնույթը նկատի ունենալով։
Իրավիճակի էլ ավելի սրումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, և այդ հանգամանքը պետք է նկատի ունենան բոլորը»,- ասված է հաղորդագրության մեջ։