Tech Week-ը՝ Վանաձորում. համախմբվելու են ոլորտի առաջատարները
4 րոպեի ընթերցում

Վանաձորում հուլիսի 4-ին կմեկնարկի տեխնոլոգիական ոլորտի սպասված միջոցառումներից մեկը՝ Tech Week-ը։ Այն տևելու է մինչև հուլիսի 6-ը և համախմբելու է ինչպես ոլորտի մասնագետներին, այնպես էլ ոլորտով հետաքրքրվողներին։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Tech Week միջոցառման կազմակերպչական թիմի ղեկավար Սպարտակ Կյուրեղյանը նշեց, որ Վանաձորի ընտրությունը պատահական չէ և նպատակ է դրված «տեխնոլոգիական մայրաքաղաքի» կարգավիճակն ամեն անգամ տեղափոխել մարզեր։ Նախորդ տարի Tech Week-ն անցկացվել է Գյումրիում։
«Մեր նպատակն է միավորել ոլորտի առաջատարներին, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին, փորձառուներին և սկսնակներին, առհասարակ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիական ոլորտով։ Մենք բավականին հագեցած ծրագրով ենք հանդես գալու։ Անցկացվելու են կոնֆերանսներ, պանելային քննարկումներ, տեխնոլոգիական մրցույթներ, հաքաթոններ և այլ միջոցառումներ, դե իսկ ավարտին սպասվում է մեծ համերգ քաղաքի կենտրոնական հրապարակում»,-ասաց Սպարտակ Կյուրեղյանը։
Tech Week-ի շրջանակում սպասվող միջոցառումները լինելու են մի քանի ուղղությամբ՝ տեխնոլոգիաներ, բիզնես և մարքեթինգ, կրթություն և կարիերա, համայնք և համագործակցություն, ինչպես նաև խոսվելու է մասնագիտական ներուժից և մոտիվացիայից։ Tech Week միջոցառման կազմակերպչական թիմի ղեկավար Գայանե Գրիգորյանը նշեց, որ լինելու են ելույթներ, քննարկումներ տեխնոլոգիական ոլորտի զարգացման միտումներին մասին, անդրադարձ է կատարվելու հաջողված պատմություններին, ինչպես նաև շեշտադրվելու է ներուժի բացահայտումը։
«Այո, այս առումով ակնկալիքներ ունենք և դա մեզ համար առանցքային է, քանի որ տեխնոլոգիական ոլորտում մարզի ներուժի բացահայտումը շատ կարևոր է մեզ համար։ Այդ նպատակով, բացի մոտիվացնող մասնագիտական կողմնորոշմանն առնչվող ելույթներից, մենք ունենալու ենք ակտիվ աշխատարաններ։ Դրանք օգնելու են շատերին ապագա մասնագիտության ընտրության, կողմնորոշման հարցում։ Ասեմ, որ այդ աշխատարանները վարելու են ոլորտի լավագույն մասնագետները»,-ասաց Գայանե Գրիգորյանը։
Tech Week միջոցառման կազմակերպչական թիմի ղեկավար Խաչատուր Հակոբյանը նշեց, որ ոլորտով հետաքրքրվողների համար աշխատարաններ կազմակերպելուց զատ, հատուկ միջոցառումներ ունեն հենց արդեն գործող մասնագետների համար։
«Tech Week-ի շրջանակում անցկացնելու ենք հաքաթոն, որը հենց ուղղված է արդեն գործող մասնագետների ինքնաբացահայտմանը։ Մասնակցելու է 70 մասնագիտական խումբ, 200-ից ավելի անձ։ Նրանք 48 ժամվա ընթացքում պետք է լուծեն տեխնոլոգիական խնդիրներ։ Սա նաև համագործակցության լավ հնարավորությունների հարթակ է։ Շատերը նոր կապեր են հաստատում, հետագայում հանդես են գալիս համատեղ նախաձեռնություններով»,-ասաց Խաչատուր Հակոբյանն ՝ ընդգծելով, որ այդ առումով հաջողված պատմությունները շատ են։
Tech Week-ի ավարտին կորոշվի, թե տեխնոլոգիական այս միջոցառումը հաջորդը որ քաղաքում է անցկացվելու։