Նոր գիրք

«Նոր գիրք»-22/25. Սարոյան, Լըբլան, Կայոլի, Կոլո

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-22/25. Սարոյան, Լըբլան, Կայոլի, Կոլո

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը:

Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: 

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն

Ուիլյամ Սարոյան, «Ոստրեն ու մարգարիտը»

506062010_1247558642872467_6889141581592698386_n.jpg

Փոքր դրամաների այս ընտրանին ընդգրկում է սարոյանական բազմաժանր գործեր, որոնց մեծ կարևորություն էր տալիս հեղինակը ոչ միայն փորձարարական բեմերի, այլև ընթերցանության համար: Օպերայի, բալետի, ռադիոյի ու հեռուստատեսության համար գրված ինքնատիպ, հումորով լի պիեսները (1930-50 թթ.) քիչ են հայտնի, իսկ «Փոքր ազգերի տառապանքը» դրաման հայերեն թարգմանվել է առաջին անգամ: Ըստ էքսցենտրիկության վարպետ Սարոյանի «պիես կարդացողն ավելի լավ մարդ է», որը նաև մտքում «բեմադրում է այդ պիեսը»: Թարգմանությունն անգլերենից՝ Էլֆիք Զոհրաբյանի։ Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն 

Կատրին Լըբլան, Էվ Տառլե, «Ահա և քույրիկս»

506058052_9735366396573193_2725123858345877588_n.jpg

Երբ ընտանիքում լույս աշխարհ է գալիս փոքրիկ Աննան, Արջուկ Մարտինը սպասում է, որ շատ կզվարճանան միասին։ Բայց շուտով հասկանում է, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես նա էր պատկերացնում։ Ծնողները զբաղված են, իսկ Աննան՝ այնքան փոքր, որ նույնիսկ խաղալ չի կարող։

Ինչո՞ւ է Արջուկը հանկարծ իրեն մենակ ու նեղացած զգում։ Արդյոք ավագ եղբայր լինելն այդպես պիտի լինե՞ր... Պատասխաններն այս անգամ չեն տալիս ծնողները, այլ հենց Արջուկն է սկսում նայել իր քույրիկին ուրիշ աչքերով՝ նկատելով ոչ թե այն, ինչ կորցրել է, այլ այն, ինչ նոր է ստացել։ Թարգմանիչ՝ Լիանա Սաֆարյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Փաստավավերագրական գրականություն 

Լուկա Կայոլի, Սիրիլ Կոլո, «Մբապե»

506336544_1381703342882698_4558001090022077582_n.jpg

Կիլիան Մբապեն Բոնդի արվարձանից հասավ աշխարհի ֆուտբոլային բեմ։ Նա դարձավ պատմության մեջ ամենաթանկ պատանի խաղացողը, աշխարհի գավաթակիր հռչակվեց 19 տարեկանում։ Իր կայծակնային արագությամբ, խաղադաշտում սառնասիրտ գործողություններով և ֆուտբոլի հանդեպ նվիրումով դարձավ սերնդի խորհրդանիշ և նոր ժամանակների լեգենդ։ Լուկա Կայոլին և Սիրիլ Կոլոն ներկայացնում են Մբապեի ճանապարհը մանկությունից մինչև մեծ ֆուտբոլ, Մոնակոյից մինչև ՊՍԺ, Աշխարհի առաջնության եզրափակիչներում հաղթանակից մինչև երազանքի տապալում։ Այս գիրքը մեծ նպատակի, համառ աշխատանքի և երբեք չհանձնվելու մասին է։ Այն ոգեշնչում է երազել ու գրոհել հաղթանակի դարպասը։ Թարգմանիչ՝ Անի Հակոբյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում