Հայաստանը սցենարներ է մշակում Իրան-Իսրայել հակամարտության հնարավոր հետևանքների դեպքում արձագանքելու համար
2 րոպեի ընթերցում

Հայաստանը չի բացառում փախստականների հոսքի, լոգիստիկ և էներգետիկ խնդիրների առաջացումը Իրանի և Իսրայելի միջև լարվածության խորացման դեպքում և արդեն մշակում է համապատասխան սցենարներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին։
Պատգամավորը բարձրաձայնեց սոցիալական ռիսկերի հարցը՝ ընդգծելով, որ հակամարտության երկարաձգման դեպքում չի կարելի բացառել փախստականների հնարավոր ներհոսքը Հայաստան։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պատրաստ լինել նաև կացարանների, բնակֆոնդի և այլ սոցիալական խնդիրների կարգավորման համար։
Փոխվարչապետ Գրիգորյանն արձագանքեց, որ հարցը մշտական մոնիտորինգի ներքո է:
«Այո, և փախստականների, և լոգիստիկ խնդիրներ, և էներգետիկ խնդիրներ՝ չի կարելի բացառել այսօր։ Պետք է մտածել, պետք է մշակել սցենարներ, որոնք X պահի կարող է պետք լինեն, բայց կարող է նաև պետք չլինեն։ Այնուամենայնիվ, մենք այդ հարցերը պահում ենք ուշադրության կենտրոնում և մշակում ենք գործողությունների պլաններ»,- ասաց Գրիգորյանը։
Բաթոյանը կրկին ընդգծեց համակարգային մոտեցման կարևորությունը:
«Իհարկե, որևէ մեկս չենք ցանկանա, որ նման իրավիճակ ստեղծվի, բայց չենք կարող բացառել դա։ Պետք է նախապես պատրաստ լինել, իսկ հետո հուսալ, որ դրա կարիքը չի լինի»,- ընդգծեց պատգամավորը։
Ի պատասխան՝ փոխվարչապետը վստահեցրեց, որ կառավարությունում տարբեր գերատեսչությունների մասնակցությամբ արդեն ընթանում են քննարկումներ, սակայն դեռևս չցանկացավ դրանք հրապարակել։
«Տարածաշրջանում նման լարվածության պայմաններում ինքնահոսի չի կարելի թողնել։ Ձեր նշած հարցերը՝ փախստականներ, էներգետիկ ռիսկեր, լոգիստիկ խոչընդոտներ, բոլորն առկա են քննարկումներում։ Ի դեպ, լոգիստիկ խնդիրները արդեն իսկ ի հայտ են եկել»,- եզրափակեց Գրիգորյանը։