Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Աղջկա որսը»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2025

8 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Աղջկա որսը»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2025

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է մայիսի վաճառքների հիման վրա: 

Քրիս Յուանի «Աղջկա որսը» առաջին տեղում է։ Մեն կղզու լեգենդար մոտոցիկլավարի որդին՝ Ռոբը վթարի է ենթարկվում։ Հիվանդանոցում ամեն ինչ ներկայացվում է որպես դժբախտ պատահար, բայց, իրականում, տղան, իր կամքից անկախ ներքաշվել է մութ պատմության մեջ։ Ռոբը կարող էր հարցեր չտալ և մնալով հիվանդանոցում՝ ապաքինվել, բայց նա որոշում է գնալ վթարի հետքերով՝ վտանգելով կյանքը՝ և արդյունքում նաև բացահայտելով դառը ճշմարտությունը, որը թաքցնում էր իր ընտանիքը։

Մայք Օմերի «Զոհի աչքերով» երկրորդ տեղում է։ Քրեական հոգեբան Զոի Բենթլին և ՀԴԲ գործակալ Թեյթում Գրեյը պետք է բացահայտեն հերթական սերիական մարդասպանին, որը բավականաչափ խելացի և մտածված է գործում՝ չթողնելով ոչ մի հետք։ Սակայն Բենթլիից թաքնվել չի հաջողվի․ այս անգամ նա կտեսնի ողջ պատկերը զոհի աչքերով, իսկ Գրեյը, նայելով նրա աչքերին, կգտնի մարդասպանին։

Կազուո Իշիգուրո «Կլարան և Արևը» երրորդ տեղում է։ Այն գիտաֆանտաստիկական և հակաուտոպիական տարրերով վեպ է։ Այն պատմություն է խճճված ու բարդ մարդկային զգացմունքների աշխարհում հայտնված արհեստական բանականության և անշահախնդիր սիրո, անմնացորդ նվիրումի ու անկեղծ ընկերության մասին։ Վեպը հաստատապես ընթերցողին մտորելու տեղիք կտա մարդու և արհեստական բանականության ապագայի հարցերի շուրջ։

Աննա Ջեյնի «Երկրպագուն» գիրքը չորրորդ տեղում է։ Անգելինա Լանսկայային ամեն օր ծաղիկներ են ուղարկում: Ծաղիկները միշտ զույգ թվով են: Անգելինան գաղափար անգամ չունի, թե ով է ուղարկում դրանք: Խորհրդավոր երկրպագուն փորձում է խենթացնել աղջկան, խաղում է նրա հետ, անընդհատ վախի մեջ պահում ու կախվածություն առաջացնում: Երկրպագուն լավ գիտի, թե ոնց Անգելինային իր թակարդը գցի: Անգելինա Լանսկայան՝ հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհին, առաջին հայացքից անմեղ հրեշտակ է թվում, բայց այդ անմեղության տակ շատ գաղտնիքներ կան թաքնված: Նա չի հիշում մանկությունը, գիշերները տանջվում է մղձավանջներից ու անընդհատ պայքարի մեջ է իր ներսի դևի հետ: Անգելինան իդեալական թեկնածու է «Լեգեոն» անունով փակ ակումբի համար: Բայց ու՞մ դերում: Զոհի՞, թե՞ մարդասպանի: Սե՞ր, թե՞ մահ: Ի՞նչն է հաղթելու: Արյունոտ խաղադրույքները արված են:

Հինգերորդ տեղում է Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը։ 44-օրյա պատերազմը փոխեց հայկական իրականությունը։ Պարզ էր, որ 2020-ից հետո ամեն ինչ նախկինի պես չի լինելու։ Բայց մի բան է, երբ մենք ենք դրա մասին խոսում, գրքեր գրում՝ մեկ այլ բան, երբ այսքան կարևոր թեմայի անդրադառնում են այլազգի գրողները։ Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը գեղարվեստական ստեղծագործություն է, որի առանցքում 44-օրյա պատերազմն է։ Վեպ, որտեղ կգտնեք հուզիչ սիրային պատմություն, տաքուկ մարդկային հարաբերություններ, բայց նաև  պատերազմի դաժան իրականություն, որը անտարբեր ոչ ոքի չի թողնի։ Գրքում պատմվում է Մոսկվայում բնակվող ընկերների մասին։ Նրանցից երկուսը հայ են, մեկը վրացի, մյուսն էլ ադրբեջանցի։ Ընկերներից մեկը Մարատը 44-օրյա պատերազմի օրերին հայտնվում է Արցախում։ Թարգմանությունը՝ Նորայր Ենգիբարյանի։

Լի Րուճընի «Ծաղիկները հայելու մեջ» վեցերորդ տեղում է։ «Ծաղիկները հայելու մեջ» երգիծական վեպը՝ գրված 19–րդ դարի 20–ականներին, արտացոլում է ցինական Չինաստանի բարքերն ու հասարակական խնդիրները, որոնք արդիական են նաև այսօր: «Ծաղիկները հայելու մեջ» վեպում հեղինակը պատմական ու դիցաբանական կերպարների ու իրադարձությունների միջոցով բարձրաձայնում է ցինական Չինաստանին հատուկ մի շարք հասարակական խնդիրներ, վերհանում մարդկային արատները, անդրադառնում սոցիալական անհավասարությանը։

Քրիս Յուանի «Տան որսը» յոթերորդ տեղում է։ Հայերեն թարգմանված այս նոր անգլիական դետեկտիվը՝ Քրիս Յուանի կատարմամբ, արդեն իսկ խոստանում է դառնալ ամենամեծ գրքային իրադարձություններից մեկը Հայաստանում: Գերլարված, խելացի մտածված և անսպասելի հանգուցալուծումներ ունեցող սյուժեն կստիպի ձեզ մոռանալ բոլոր այլ գործերի մասին և կգամի ձեզ գրքի էջերին գիշերներ շարունակ:

Դեֆնե Սումանի «Նախաճաշի սեղանը» ութերորդ տեղում է։ Ժամանակակից թուրք գրող Դեֆնե Սումանի «Նախաճաշի սեղանը» վեպը ընտանեկան գաղտնիքների ու սիրո պատմություն է` ներկայացված չորս տեսանկյունից: Գործողությունները տեղի են ունենում Թուրքիայի Բյույուքադա կղզում 2017 թվականին, երբ ամբողջ ընտանիքը հավաքվում է` նշելու հայտնի նկարչուհի Շիրին Սաքայի ծննդյան 100-ամյակը:

Էրվե Լը Տըլյեի «Անոմալիա»–ն իններորդ տեղում է։ Էրվե Լը Տըլյեի 2020–ին լույս տեսած «Անոմալիա»–ն պոլիֆոնիկ վեպ է, որ կարող է ընթերցվել որպես դետեկտիվ վեպ, սոցիալական երգիծավեպ, հոգեբանական վեպ, սիրավեպ, փիլիսոփայական նկրտումներ ունեցող թրիլեր և գիտաֆանտաստիկական վեպ, որը տնտղում է ֆիզիկայի, մաթեմատիկայի և տեխնոլոգիական առաջընթացի հնարավոր սահմանները։ Նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար։

Տասներորդ հորիզոնականում է Ջորջ Օրուելի «1984» վեպը: 1949 թ. հրատարակված «1984» հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թ.։ Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառա­բանություններով։ 2009 թ.-ին The Times լրագիրը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքերի ցանկում, իսկ Newsweek հանդեսը բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը։ Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան:

ՏեղՓոփոխԳիրք Հրատ․Քանակ
1Նոր

Քրիս Յուան,

 «Աղջկա որսը»

Դավինչի76
2-1

Մայք Օմեր,

 «Զոհի աչքերով»

Դավինչի62
3Նոր

Կազուո Իշիգուրո,

 «Կլարան և Արևը»

Զանգակ48
4*

Աննա Ջեյն,

 «Երկրպագուն»

Բուքփրայզ48
5+2

Գամիդ Ամիրով,

 «Արցունքներ դրախտում»

Բուկինիստ41
6Նոր

Լի Րուճըն,

 «Ծաղիկները հայելու մեջ»

Զանգակ41
7*

Քրիս Յուան,

 «Տան որսը»

Դավինչի40
8Նոր

Դեֆնե Սումանի

 «Նախաճաշի սեղանը»

էջ40
9Նոր

Էրվե Լը Տըլյեի

 «Անոմալիա»

Զանգակ40
10*

Ջորջ Օրուելի

 «1984»

Անտարես38

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում