Փոդքասթ

Գյումրիում կմեկնարկի Gyumri Game Conference-ը՝ մեկ հարթակում միավորելով երիտասարդներին և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներին

6 րոպեի ընթերցում

Գյումրիում կմեկնարկի Gyumri Game Conference-ը՝ մեկ հարթակում միավորելով երիտասարդներին և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներին

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում հունիսի 15-ին կմեկնարկի  Gyumri Game Conference-ը՝ մեկ հարթակում միավորելով արդյունաբերության և ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտների ներկայացուցիչներին, երիտասարդ տաղանդներին և միջազգային գործընկերներին՝ նպատակ ունենալով խթանել ոլորտային զարգացումը և համագործակցությունը։

«Արմենպրես»-ի Podcast-ի տաղավարում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում «Գյումրու տեխնոլոգիական կենտրոն» ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանի հետ զրուցել ենք սպասվող միջոցառման մանրամասների և կարևորության  մասին:

Հարությունյանը նշեց՝ այս տարի «Gyumri Game Conference (GGC)»-ը, շարունակելով նախորդ տարվա լավագույն փորձը, հանդես է գալիս նոր ձևաչափով՝ որպես Հայաստանում ամենախոշոր երիտասարդական տեխնոլոգիական իրադարձություններից մեկը։ Եվ այս անգամ այն հանդես է գալիս նոր խորագրով՝ «Youth Edition»՝ ներգրավելով ավելի շատ երիտասարդների։

«Միջոցառման ընթացքում բանախոսություններով հանդես կգան խաղային արդյունաբերության ոլորտի փորձագետներ և մասնագետներ։ Կանցկացվի նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՁԻՀ-ի համագործակցությամբ իրականացված «Gamechangers: Next Level» և «CyberNinja Camp» կրթական ծրագրերի եզրափակիչ փուլը, որի շրջանակում ծրագրերի ավելի քան 200 մասնակից կստանա ավարտական հավաստագրեր և կներկայացնի թիմային նախագծեր՝ իրենց հեղինակած տեսաախաղերի և կիբեռանվտանգության թեմայով կոմիքսների տեսքով։ Կանցկացվեն երիտասարդական, ստեղծագործական մրցույթներ, պանելային քննարկումներ և աշխատարաններ»,-ասաց ՁԻՀ-ում «Գյումրու տեխնոլոգիական կենտրոն» ծրագրի ղեկավարը:

Հարությունյանի խոսքով՝ այս տարի միջոցառումն անցնելու է բազմաբովանդակ. կոնֆերանսի ընթացքում անցկացվող մրցույթներից մեկը կոչվելու է «Imagination Challenge», որի համաձայն մասնակիցներին կտրվի «դատարկ կերպար»՝ առանց որևէ դետալի և միջավայրի, իսկ նրանցից կպահանջվի գործի դնել թվային դիզայնի, 3D մոդելավորման իրենց գիտելիքները, ստեղծագործ մտածողությունը ու ձևափոխել այդ կերպարը, գունավորել, կերպարանափոխել այն և ստանալ այլ կերպար՝ բնորոշ առանձնահատկություններով։ Լավագույն տարբերակը կպարգևավատրվի։

«Կոնֆերանսի շրջանկում «ՅՈՒՆԻՍԵՖ-ը, «Game Changers Coalition»-ը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ ՁԻՀ-ի Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների և «Sisian Co-creation lab»-ի հետ համատեղ իրականացրել են խաղային տեխնոլոգիաների ոլորտի «Gamechangers. Next Level» կրթական ծրագիրը, որը նախատեսված է Հայաստանում բնակվող 12-24 տարեկան բոլոր երիտասարդների համար։ 

2024 թվականին ծրագիրն իրականացվել է միայն աղջիկների համար և կոչվել «Gamechangers. Girls for Girls», այս տարի այն ընդլայնվել է և կարող էին մասնակցել նաև տղաները։ Ծրագիրն իրականացվել է առցանց ուսուցման մոդելի հիման վրա՝ հնարավորություն տալով ավելի մեծ թվով երիտասարդների մասնակցել՝ անկախ գտնվելու վայրից»,-նշեց ՁԻՀ-ում «Գյումրու տեխնոլոգիական կենտրոն» ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ կրթական ծրագիրը ներառում է տեխնիկական և փափուկ հմտությունների ուսուցում․ մասնակիցները ձեռք են բերել հիմնարար գիտելիքներ խաղային ծրագրավորման ոլորտում, ընդգրկվել են թիմերում և ստեղծել իրենց հեղինակային խաղերը՝ որպես ավարտական նախագծեր։ 

«Ծրագրի շրջանակում անցկացվել է նաև 1 ամիս տևողությամբ ինտենսիվ փուլ՝ «Gamechangers. Cheat Code», որի շրջանակում մի խումբ հետաքրքրված երիտասարդներ հնարավորություն ունեցան մասնակցել ծրագրին և ծրագրի հիմնական մասնակիցների հետ միասին թիմեր կազմել ու խաղեր ստեղծել։ «Gyumri Game Conference»-ին նրանք ևս ցուցադրելու են իրենց խաղերը»,-ասաց նա:

Հարությունյանն ընդգծեց՝ «Gyumri Game Conference»-ի մյուս կարևոր և ամփոփիչ միջոցառումը «Կիբեռանվտանգության ուսուցում» ծրագրի ավարտն է, որը  մեկնարկել էր դեռևս 2024 թվականի հունիսին։  

«Ծրագրի առաջին փուլի ընթացքում 20 երիտասարդներ ստացել են կիբեռանվտանգության վերաբերյալ խորը գիտելիքներ, իսկ ծրագրի 2-րդ փուլը կոչվում է  «CyberNinja Camp», որի շրջանակում անցկացված վեբինարների շարքին մասնակցել են ավելի քան 140 երիտասարդ, իսկ լավագույնները շարունակել են կապը ծրագրի հետ և իրենց գիտելիքով կիսվել Հայաստանի տարբեր մարզերից՝ Շիրակի, Սյունիքի, Լոռու, Տավուշի շուրջ 400 երիտասարդի հետ»,-ասաց նա:

Ըստ նրա՝ այս բացառիկ ծրագրերը վերափոխել են Հայաստանի տարբեր համայնքներից երիտասարդների կյանքը՝ նրանց զինելով կիբեռանվտանգության, թվային գրագիտության, խաղային ստեղծարարության կարևորագույն հմտություններով։ Երկու ծրագրերի համար էլ մասնակցությունը եղել է անվճար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում