Հայաստանը կարող է դարպաս դառնալ՝ ապահովելով Հնդկաստանի կապը Եվրոպայի հետ. ԱԺ փոխնախագահ
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ Հայաստանի և Հնդկաստանի հարաբերություններում արձանագրվել են հսկայական փոփոխություններ, համագործակցության ակտիվություն է նկատվում տարբեր ուղղություններով՝ պաշտպանություն, ռազմարդյունաբերություն, տեխնոլոգիական ոլորտ, լոգիստիկա, կրթություն, զբոսաշրջություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հակոբ Արշակյանն այդ մասին խոսել է «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում։
«Մենք կարող ենք դարպաս դառնալ՝ ապահովելով Հնդկաստանի կապը Եվրոպայի հետ Իրանով, Վրաստանով և Սև ծովով։ Այդ համատեքստում կցանկանայի նշել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որով մեր հնդիկ գործընկերները շատ հետաքրքրված են։ Այն լավ հարթակ կարող է լինել, թեև շատ սահմանափակումներ կան՝ աշխարհում տարբեր հակամարտություններով պայմանավորված։ Եթե հիմա «Խաղաղության խաչմերուկ»-ն աշխատեր, միլիարդավոր դոլարներ անցնեին Հայաստանի ճանապարհներով ու երկաթուղով, ապա դա նաև բարգավաճում ու կայունություն կբերեր մեր տարածաշրջանին»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը։
Ինչ վերաբերում է հայ-հնդկական հարաբերությունների մյուս ուղղություններին, Արշակյանը հավելեց, որ հնդիկ գործընկերները հետաքրքրված են Հայաստանով, մեր երկրում կրթություն ստանալու հնարավորություններով։
«Արդեն 3 հազար ուսանող Հնդկաստանից սովորում է մեզ մոտ, բայց այդ թիվը կարող է ավելին լինել։ Եվ ահա այստեղ կարևորվում է կարողությունների զարգացումը, ընդլայնումը, երբ նման խոշոր երկրի հետ համագործակցելու մասին ենք խոսում։ Եթե անդրադառնանք պոտենցիալին, ապա, ինչպես գիտեք, մեզ մոտ կառուցվում է Ակադեմիական քաղաքը, որը այդպիսի կարողություններ կարող է ձևավորել»,- նշեց Արշակյանը։
Նրա տեղեկացմամբ՝ հայկական կողմը հնդիկ գործընկերների հետ քննարկում է նաև տեխնիկատնտեսական, լոգիստիկ գործընկերությանը վերաբերող հարցեր։ ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ նշվածի համատեքստում Երևանի և Նյու Դելիի միջև նման կապ ստեղծելու ջանքերը հաջողությամբ կպսակվեն։