Հռոմի կանոնադրության մասնակից երկրները ցանկանում են ընդլայնել ՄՔԴ-ի իրավասությունների շրջանակը
10 րոպեի ընթերցում
Մատենադարանում մեկնարկել է «Ճշմարտության և արդարադատության կենտրոն»-ի կողմից կազմակերպված արդեն չորրորդ ամենամյա միջազգային եռօրյա համաժողովը, որը կրում է «Հանցագործությունը խաղաղության դեմ. ագրեսիայի հանցագործության դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» խորագիրը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովին, որը բաղկացած է մի շարք թեմաներով պանելային քննարկումներից, մասնակցում են տարբեր երկրներից Հայաստան ժամանած միջազգային կարգի դատախազներ, դատավորներ, միջազգային իրավունքի հանրահայտ մասնագետներ։
Միջազգային եռօրյա համաժողովի սկզբում բացման խոսքով հանդես եկավ Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Գերագույն դատարանի դատավոր Կասիա Աբգարեանը:
Նա նշեց, որ համաժողովում երեք օրվա ընթացքում քննարկման առարկա կլինի «ագրեսիա» հանցագործությունը՝ մի բան, որը շատ կարևոր է Հայաստանի համար։
Աբգարեանն իր խոսքում ներկայացրեց նաև «Ճշմարտության և արդարադատության կենտրոն»-ի գործունեությունը՝ մանրամասնելով, որ այն ստեղծվել է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո։
«Մի խումբ փաստաբաններ և ես տարբեր իրավաբանների հետ միասին հավաքվեցինք՝ տեսնելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և հետագայում Հայաստանում հայերի դեմ կատարված դաժան հանցագործությունները: Մենք որոշեցինք, որ ինչ-որ մեկը պետք է ապացույցներ հավաքի ոչ միայն պատմությունների տեսքով, այլև՝ ապացույցների։ Ապացույցներ, որպեսզի այս գործերը հասնեն արդարադատության։ Ահա թե ինչու կազմակերպությունը կոչվում է «Ճշմարտության և արդարադատության կենտրոն»։ Մենք ճշմարտությունը հավաքում ենք անարգել, օբյեկտիվ ապացույցների կանոններին համապատասխան։ Սա հնարավոր դարձավ, քանի որ մենք վերապատրաստեցինք ավելի քան 100 իրավաբանական ուսանողների՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում և սովորեցրինք նրանց, թե ինչպես դա անել։ Այժմ մենք ունենք ավելի քան 600 հաստատված ապացույցներ բոլոր տեսակի հանցագործությունների վերաբերյալ»,-ասաց բանախոսը։
Այնուհետև Կասիա Աբգարեանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց 2020 թվականին և դրանից հետո Ադրբեջանի կողմից Հայաստանի ու ԼՂ-ի դեմ ուղղված ագրեսիվ գործողություններն ու դրանց հետևանքները՝ ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայից մինչև Լեռնային Ղարաբաղի հայաթափում։
«2022 թվականին Ադրբեջանի զինված ուժերը գրավեցին Հայաստանի որոշ հատվածներ։ Եվ այսօր, երբ մենք խոսում ենք, Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի սահմաններից ներս։ Սյունիքում ամեն օր ադրբեջանական զինված ուժերը գյուղերի, գյուղացիների, ֆերմերների վրա կրակ են բացում։ Նրանք ամեն գիշեր պարզապես չեն կրակում, այլ այնպիսի պայմաններ են ստեղծում, որ համայնքների բնակիչները չեն կարողանում իրենց կենդանիներին տանել արածացնելու։ Վերջերս մենք նաև այս վկայություններն ենք հավաքում։ Որտեղ վատ բան է կատարվում, «Ճշմարտության և արդարադատության կենտրոն»-ն այնտեղ է՝ հավաքելու և փաստաթղթավորելու համար»,-ասաց Աբգարեանը՝ ընդգծելով, որ եթե չկանխվի ու չկանգնեցվի այն ամենն, ինչ կատարվում է այս պահին Սյունիքի մարզի սահմանային համայնքներում, մարզի բնակչությունը կարող է դանդաղ հեռանալ։
Համաժողովի մասնակիցների թվում էր նաև Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի բնակիչներից մեկը, որը պատմեց, որ արդեն վերջին երկու ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար կրակում են սահմանամերձ համայնքների ուղղությամբ՝ խաթարելով գյուղաբնակ մարդկանց կյանքն ու առօրյան։
«Մեր կյանքը խաթարվել է։ Համայնքի երբեմնի խաղաղ կյանքն արդեն անցյալում է։ Ադրբեջանական զինվորները հատուկ կերպով կրակի տակ են պահում քաղաքացիական օբյեկտները, տները, ընտանի կենդանիներին։ Կրակոցները հիմնականում լսվում են գիշերային ժամերին։ Ժամանակ առ ժամանակ դրանք ինտենսիվ են, իսկ երբեմն էլ կրում են ոչ հաճախակի բնույթ»,-ասաց նա։
Համաժողովում հեռավար կերպով խոսք հնչեցրեց նաև դեսպան, երկար տարիներ ՄԱԿ-ում և այլ հեղինակավոր կառույցներում աշխատանքային գործունեություն ծավալած Քրիստիան Վենավեզերը՝ նշելով, որ մինչ Երևանում ընթանում է համաժողովը, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության կողմ պետությունները պատրաստում են շատ կարևոր որոշում, որը կհանգեցնի դատարանի իրավասության զգալի ընդլայնմանը՝ ագրեսիայի հանցագործության նկատմամբ, որը Հռոմի կանոնադրության չորս հիմնական հանցագործություններից մեկն է։
«Մենք ապրում ենք միջպետական հակամարտությունների ուսումնասիրության դարաշրջանում։ Հայաստանի բնակիչներն ավելի սուր գիտակցություն ունեն, քան շատ ուրիշներ, բայց իրոք մենք ականատես ենք լինում միջազգային հարաբերություններում այս առումով շատ մտահոգիչ միտման՝ ամբողջ աշխարհում։ Ուժի անօրինական կիրառման արգելքը պարունակող վերջնական կանոնադրության ընդունումից 80 տարի անց այս միտումը մտահոգիչ է և հիմնարար սպառնալիք է միջազգային կարգին։ Ուժի անօրինական կիրառման արգելքի պահպանումն ավելի հրատապ է, քան երբևէ, և Միջազգային քրեական դատարանի իրավասությունը ագրեսիայի հանցագործության նկատմամբ այս առումով ամենաարդյունավետ պատասխանատվության գործիքն է։ Այսպիսով, Միջազգային քրեական դատարանի դերը նույնպես համընկնում է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական առաքելության հետ և օգնում է իրականացնել դրա նպատակները։ Ագրեսիայի համար պատասխանատվության ապահովումը կարևոր է ապագայում ագրեսիաները կանխելու և պետությունների, հատկապես փոքր և միջին պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, որոնք հաճախ ապավինում են օրենքի գերակայության նկատմամբ հարգանքին՝ որպես իրենց ինքնիշխանության միակ պաշտպանություն։ Դա, անշուշտ, վերաբերում է իմ երկրին՝ Լիխտենշտեյնին, որն ավելի քան 150 տարի առաջ վերացրել է իր զինված ուժերը։ Ագրեսիայի քրեականացման հիմնարար գաղափարը այսօր էլ մնում է նույնքան հրատապ և անհրաժեշտ, որքան Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման ժամանակ, որ քաղաքական և ռազմական առաջնորդները պետք է զերծ մնան ուժի անօրինական կիրառումից՝ որպես քաղաքականության գործիք, և եթե նրանք, այնուամենայնիվ, որոշեն դիմել ուժի կիրառմանը, ապա պատասխանատվության կենթարկվեն դատարանում»,-իր խոսքում շեշտեց Քրիստիան Վենավեզերը:
Նրա դիտարկմամբ՝ էական սպառնալիքների առջև կանգնած պետությունների համար միջազգային իրավունքը պետք է լինի ոչ միայն կանոնների ամբողջություն, այլև ապահովի իրական պաշտպանություն։ Նրա բնորոշմամբ՝ ընտրողականության ընկալումները խաթարում են վստահությունը իրավունքի գերակայությունը պահպանելու և բոլորին հավասար պաշտպանություն ապահովելու համար նախատեսված ինստիտուտների նկատմամբ:
«Միջազգային քրեական դատարանի շրջանակներում մենք՝ որպես պետություններ, կարևոր քայլեր ենք ձեռնարկել ագրեսիայի հանցագործությունը պատժելու համար, մի ջանք, որը տասնամյակներ շարունակ անգործության էր մատնված, և որն այսօր ավելի հրատապ է, քան երբևէ: 1998 թվականին Հռոմի կոնֆերանսում մասնակից պետությունները ճանաչեցին ագրեսիայի հանցագործության կենտրոնական դերը և այն ներառեցին Հռոմի կանոնադրության մեջ նույն մակարդակով, ինչ մյուս երեք հիմնական հանցագործությունները՝ ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունները և պատերազմական հանցագործությունները։ Այդ ժամանակ հնարավոր չէր համաձայնության գալ ագրեսիայի հանցագործության սահմանման և իրավասության իրականացման պայմանների շուրջ, և որոշվեց այս հարցը լուծել հետագա փուլերում։ Հաջորդ փուլը ձեռնարկվեց 2010 թվականին Կամպալայում կայացած կոնֆերանսում, որը ես պատիվ ունեցա նախագահելու։ Մասնակից պետությունները միջազգային սովորութային իրավունքի վրա հիմնված կոնսենսուսի միջոցով ընդունեցին խիստ սահմանում և գտան միջոց՝ պաշտպանելու դատարանի անկախությունը Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի նկատմամբ։ Կամպալայում կոնսենսուսը հնարավոր դարձրած քաղաքական փոխզիջման շրջանակներում պետությունները նաև որոշեցին դատարանի իրավասության ռեժիմը, որը խիստ սահմանափակ էր»,- մանրամասնել է նա՝ հավելելով, որ ՄՔԴ-ի իրավասության ռեժիմի սահմանափակ լինելու պատճառով լրջորեն սահմանափակվում է պետությունների իրավական պաշտպանությունը ագրեսիայից։
Նրա խոսքով՝ այս ասպեկտը կդառնա Կամպալայի փոփոխությունների վերանայման առարկա այս տարվա հուլիսին Նյու Յորքում, որին ջանասիրաբար պատրաստվում են, և որի համար անհրաժեշտ կլինի Հայաստանի և շատ այլ գործընկերների աջակցությունը։
«Իրավասության սահմանափակումների պատճառով դատարանը դեռևս չի կարող իրականացնել ագրեսիայի հանցագործությունների հետաքննություն՝ չնայած այն հանգամանքին, որ մենք ականատես ենք եղել ուժի անօրինական կիրառման կտրուկ աճի ամբողջ աշխարհում»,-շեշտեց դեսպան Քրիստիան Վենավեզերը։