6 րոպեի ընթերցում
Օդաչուի մասնագիտությունը շատերի համար խորհրդավոր ու գրավիչ է։ Բազում մարդկանց երազանքն է՝ թռչել երկինք, տեսնել աշխարհը վերևից, բայց քչերն են պատկերացնում, թե որքան պատասխանատվություն, սառնասրտություն և անխախտ կարգապահություն է պահանջում այս գործը։ Օդաչուն ոչ միայն ղեկավարն է, այլ նաև՝ նավապետը. նա է ընդունում վճռական որոշումները, և նա է պատասխանատու ամեն վայրկյանի ու հարյուրավոր ուղևորների կյանքի համար:
Այս մասնագիտությունը չի ճանաչում սխալներ, չի ներում անհարկի ռիսկեր։ Փոխարենը՝ այն պարգևում է անկրկնելի զգացողություն՝ ապրելու երկնքում՝ տարածության և ժամանակի մեջ, և ամեն անգամ՝ վայրէջքից հետո, նորից երախտապարտ լինելու կյանքին:
Ավելի քան 13 հազար թռիչքային ժամ երկնքում անցկացրած օդաչուն կյանքն առանց ավիացիայի և թռիչքների չի պատկերացնում, վստահեցնում է` ավիացիան հիվանդություն է որով պետք է «վարակվել», որից հետո որևէ այլ տեղում քեզ չես պատկերացնի:
Օդաչուի մասնագիտության բարդ ու տարբերվող կողմերի և ամպերից վեր հետաքրքիր կյանքի մասին «Արմենպրես»-ը զրուցել է «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության թռիչքային գործունեության տնօրեն, A321 ինքնաթիռի հրամանատար Դավիթ Սարգսյանի հետ:
«Օդաչու դառնալ որոշել եմ դեռ չորս տարեկանից Իմ հայրն էր օդաչու, կարելի է ասել՝ ինձ մոտ դա ժառանգաբար է գալիս. բացի օդաչու դառնալուց ես ինձ ոչ մի ուրիշ ոլորտում ու աշխատանքում չեմ պատկերացնում»,- նշեց նա:
Դավիթը պատմեց՝ շատ լավ հիշում է իր առաջին թռիչքը փոքր ինքնաթիռով, որի ժամանակ զգացողություն ունեցավ, թե արդեն բազմիցս թռել է: Նրա խոսքով՝ դա պայմանավորված էր դեռ փոքր տարիքից ինքնաթիռների հետ առնչություն ունենալու հանգամանքով, արդեն պատկերացում ուներ, թե ինչ է դա:
Ավելի քան 20 տարի թռիչքներ իրականացնող օդաչուն փաստեց՝ եթե օրվա ընթացքում իրականացնես 4 թռիչք՝ բոլորն էլ լինելու է տարբեր, իսկ տպավորիչ թռիչքների պակաս երբեք չեն ունենում:
«Տպավորիչ թռիչներ շատ են եղել, իսկ ամենազավեշտալի թռիչքը եղել է, երբ մենք ինքնաթիռով մեր հանրահայտ դերասաններին տանում էինք Փարիզ: Պարզվեց, որ ուղևորներից մեկը շատ էր վախենում թռիչքից, այնքան էր վախենում, որ ստիպված ես դուրս եկա ուղևորների մոտ: Լավ է, որ մենք այդ օրը երկու էկիպաժ էինք և ես կարողացա դուրս գալ և երկար բացատրել ուղևորին, որ վախենալու ոչ մի բան չկա, նա հանգստացավ և մենք կարողացանք նորմալ թռնել»,- պատմեց օդաչուն:
Փորձառու մասնագետը վստահեցրեց՝ ամենակարևոր հատկանիշը, որը պետք է ունենա օդաչուն՝ պատասխանատվությունն է:
«Անվախ օդաչուն, կարելի է ասել, ամենավտանգավոր օդաչուն է: Շատ լուրջ պետք է մտածել այն հարցի շուրջ՝ իրեն թողնե՞ս դառնա հրամանատար, թե՞ չէ: Օդաչուն պետք է վախի զգացողություն ունենա: Երկու օդաչու, 220 ուղևոր. քո ուսերին մեծ պատասխանատվություն է, և քո հմտությունները, գիտելիքները պետք է լինեն բարձր որակի, որպեսզի անվտանգ թռիչք իրականացնես»,- նշեց Դավիթը:
Օդաչու դառնալու համար պետք է անցնել երկար ու բարդ ուսումնական ճանապարհ, ունենալ բավական մեծ փորձ: Դավիթ Սարգսյանը նկատեց՝ այսօր դա տեսականորեն ավելի թեթև գործընթաց է, գործնականում պատկերը բոլորովին այլ է:
Դավիթը բոլոր օդաչու դառնալ ցանկացողներին առաջին հերթին խորհուրդ տվեց, որպեսզի աշխատեն իրենց հմտությունները, կարողությունները զարգացնելու վրա, ու ունենան այդ երազանքը, վստահեցնելով որ օդաչուի աշխատանքը ավելի շատ «հիվանդություն» է, քան՝ մասնագիտություն:
Փորձառու օդաչուն իր կարիերայի ընթացքում վարել է տասնյակ օդանավեր, հայտնվել բազմաթիվ արտակարգ իրավիճակներում, բայց երբ խոսում է այդ մասին, նկատում է՝ մասնագիտական ինքնավստահություն ունենալու պարագայում, որը գալիս է տարիների փորձից ու շարունակական ուսումից, ամեն ինչ շատ հեշտ հաղթահարվում է:
«Արտակարգ իրավիճակներ, բնականաբար, եղել են և կլինեն. Օրինակ, Դելլի քաղաքում կայծակը խփել է ինքնաթիռին, որի հետևանքով որոշ համակարգեր ուղակի անջատվել էին, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Բնականաբար, մարդիկ վախեցան, կար անհանգստություն, բայց իջնելուց հետո հասկացան, որ ամեն ինչ նորմալ է»- պատմեց օդաչուն:
Օդաչուները ևս խստորեն հետևում են իրենց հանգստի պայմաններին․ կա հատուկ գրաֆիկ և թռիչքի ժամերի սահմանափակում, որից ավելի օդաչուն օրվա ընթացքում իրավունք չունի թռչելու:
Հարցին, թե արդյոք հնարավորության դեպքում կթռչի տիեզերք, օդաչուն նշեց՝ հնարավոր է՝ այնքան էլ ռոմանտիկ չէ, բայց երբևէ չի ցանկացել ու պատկերացրել տիեզերք թռչելը: Դավիթը ժպիտով ավելացրեց՝ ինձ իմ ինքնաթիռը լիովին բավարարում է:
Խոսելով վայրեջքից հետո ծափահարությունների մասին, Դավիթ Սարգսյանը ժպիտով խոստովանեց՝ շատ հաճելի է.
«Բայց, իրականում, ամբողջ խնդիրն այն է, որ մենք դա չենք լսում, բայց հետո, երբ ուղևորները դուրս են գալիս ու շնորհակալություն են հայտնում, բնականաբար, քեզ շատ լավ ես զգում»: