Քաղաքականություն

Միրզոյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մոդելը կարող է արտահանվել հակամարտության մեջ գտնվող այլ տարածաշրջաններ

2 րոպեի ընթերցում

Միրզոյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մոդելը կարող է արտահանվել հակամարտության մեջ գտնվող այլ տարածաշրջաններ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը հսկայական նվաճում է, և այդ փորձը կարող է արտահանվել այլ տարածաշրջաններ, որտեղ պատերազմներ են ընթանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարն այս մասին ասել է «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ընթացող պանելային քննարկման ընթացքում։ 

«Բոլորը հոգնել են պատերազմից, որն ընթանում է Ուկրաինայում, Գազայի տառապանքներից, պատերազմից, կոնֆլիկտից, որը մենք տեսել ենք այստեղ՝ Հարավային Կովկասում։ Այսպիսով՝ ի՞նչն է մեզ մի փոքր ունիկալ դարձնում...ներողություն եմ խնդրում այս բառի համար։  Մեր դեպքում՝ հայ-ադրբեջանական հակամարտության դեպքում, մենք արդեն շոշափելի քայլեր ենք արել խաղաղության հաստատման ուղղությամբ։ Ես հույս ունեմ, որ բոլորը կհամաձայնեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը հսկայական նվաճում է, և մենք պատրաստ ենք ստորագրել այս համաձայնագիրը և հետո, իհարկե, վավերացնել, ինչը Հարավային Կովկասում համագործակցության նոր դարաշրջան կբացի։ Իհարկե, յուրաքանչյուր հակամարտություն ունիկալ է, կան նյուանսներ, բայց այս մոդելը, որի գլխավոր նպատակը խաղաղություն հաստատելն ու խաղաղության ու համագործակցության դարաշրջան բացելն է, կարող է արտահանվել Ուկրաինա, Մերձավոր Արևելք և որոշ այլ տարածաշրջաններ, որտեղ միջամտության կարիք կա»,- ասել է Միրզոյանը։ 

Արարատ Միրզոյանը, դիմելով իր բոլոր գործընկերներին, քաղաքական գործիչներին, խորհրդարանների անդամներին՝ հիշեցրեց, որ բոլորի վերջնական նպատակը և պարտավորությունն է ստեղծել միջավայր, որտեղ մարդիկ կարող են կառուցել իրենց երջանկությունը, իրենց բարեկեցությունը, ունենան ավելի լավ կրթական և առողջապահական համակարգ և այլն։  

«Այսպիսով, մենք պետք է գործենք այնպես, ինչպես պարտավոր ենք։ Մենք պետք է ստեղծենք այդ միջավայրը, առաջին հերթին՝ խաղաղություն և անվտանգություն»,- եզրափակեց ՀՀ ԱԳ նախարարը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում