Հարցազրույց

Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել ենք համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման թիրախին. ՆԳ նախարարի հարցազրույցը

16 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարությունը Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել է համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման թիրախին: Գերատեսչությունը բարեփոխումներ է իրականացրել և իրականացնում նաև մի շարք ուղղություններով՝ փրկարար ծառայության արդիականացումից մինչև կենսաչափական նոր համակարգի ներդրում: 

«Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով իրականացվող փոդքասթային շարքի շրջանակում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, բարեփոխումներն ու դրանց արդյունքները:  

Փրկարար ծառայության արդիականացում 

Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգն արդեն պատրաստ է: Քննարկումներ են եղել նաև վարչապետի գլխավորությամբ, կան կայացված որոշումներ: Նախարարի խոսքով՝ առաջնային խնդիրն է Փրկարար ծառայության կառուցվածքում թողնել միայն այն գործառույթները, որոնք բնորոշ են նախարարությանը ենթակա մարմնին: Կիրականացվեն նաև կառուցվածքային փոփոխություններ, որոնք պետք է ծառայեն ֆունկցիոնալի արդյունավետ իրականացմանը: Այս տեսանկյունից կան օպտիմալացման պլաններ:

Հաջորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է մասնագիտական պատրաստմանը: «Մինչ այս պահը փրկարար դառնալու համար չունեինք հատուկ կրթական ծրագիր: ՆԳՆ կրթահամալիրի ձևավորմամբ մեզ համար շատ հստակ է, որ պետք է ունենք հստակ կրթական գործընթաց, որն անցնելու պայմաններում է միայն, որ անձը կարող է հավակնել պաշտոնի նշանակման Փրկարար ծառայությունում: Ընդ որում, Փրկարար ծառայությունում աշխատանքի անցնելուց հետո յուրաքանչյուր հաջորդ շրջափուլ անցնելը կամ ցանկացած ծառայողական առաջընթաց պետք է տեղի ունենա կրթահամալիր հետվերադարձից ու ուսումնառության որոշակի պրոցես անցնելուց հետո միայն»,-ասաց Սարգսյանը: 

Նախարարությունը կարևորում է նաև կադրերի հավաքագրման ճիշտ մոտեցումը, այս ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում:  

Նկատի ունենալով միջազգային պրակտիկան՝ նախարարը կարևորեց Փրկարար ծառայությունում սպայական ընդհանուր հաստիքակազմին զուգահեռ կամավորական աշխատանք իրականացնողներ ունենալը:   

«Կարևոր է այն, որ կամավոր փրկարարական ջոկատների ինստիտուտի ներդրմամբ մենք թույլ տանք Հայաստանում զարգացնել այն մոտեցումը, որ համայնքը ևս իր անվտանգության երաշխավորն է: Այսինքն՝ համայնքում գտնվող յուրաքանչյուր անձ պատասխանատու է նաև տվյալ համայնքի հանրային անվտանգության համար»,-ասաց Սարգսյանը:

Արդեն իսկ կան 9 հրշեջ-փրկարարական կամավորական ջոկատներ: Սակայն նախատեսում են Երևանում ու բոլոր մարզերում կիրառել այս մոտեցումը: Նախարարը վստահեցրեց, որ հրշեջ-փրկարարական կամավորական ջոկատներում ներգրավված անձինք ունենալու են պետության լիակատար աջակցությունը, այսինքն՝ նրանց տրամադրելու են համապատասխան համազգեստ, նյութատեխնիկական բազա: Բացի այդ՝ նրանք կանցնեն համապատասխան կրթական գործընթացով: Պետությունը նախատեսում է նաև որոշակի բոնուսային համակարգ՝ խրախուսելու կամավորների մուտքը համակարգ:  

Զուգահեռաբար նախարարը կարևորեց նաև փրկարար ծառայության տեղակայումները: Որքան մոտ և ճիշտ լինի փրկարար ծառայության հենակետերի ցանցային բաշխումը, այնքան օպերատիվ կլինի քաղաքացիների ահազանգներին արձագանքը: Արդեն իսկ մի շարք մոդուլային շենքեր հանձնվել են շահագործման, այս ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է: «Մեր թիրախն այն է, որ ահազանգի սպասարկումը ներկայում գործող միջինում 23 րոպեի փոխարեն դառնա միջինում 10 րոպե»,-նշեց նախարարը:

Ոստիկանության ոլորտի բարեփոխումներ 

Ոստիկանական համակարգում ձևավորվել և գործում են Պարեկային ծառայությունը, Քրեական ոստիկանությունը և Համայնքային ոստիկանությունը: Նախարարը վստահեցրեց, որ Ոստիկանության ոլորտում բոլոր կառուցվածքային փոփոխությունները միտված են եղել արդյունքին: 

Օրինակ՝ Պարեկային ծառայության ձևավորմամբ պրակտիկայում բավականին դրական փոփոխություններ են նկատել: Պարեկային ծառայության աշխատանքի հետ կապված՝ բացի ճանապարհային երթևեկության կանոնների ճիշտ կարգավորումից, նախարարության համար առաջնային է եղել նաև հանցավորության կանխարգելումն ու բացահայտումը:

«Պետք է փաստեմ, որ անցյալ տարվա կտրվածքով հազարավոր դեպքեր ենք ունեցել, որ պարեկային ծառայողների կողմից անմիջապես կամ նրանց մասնակցությամբ ունեցել ենք  հանցագործության դեպքերի բացահայտում: Ընդ որում, դրանք առավելապես եղել են թմրամիջոցների հայտնաբերման դեպքեր, ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքեր և այսպես շարունակ»,-ասաց Սարգսյանը:

Նախարարը շեշտեց նաև, որ ծառայության ձևավորմամբ հասել են կարևոր նպատակակետերից մեկին՝ համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Թե՛ Երևանի, թե՛ մարզերի դեպքում ունեցել ենք տասնյակ դեպքեր, երբ պարեկային ծառայողներն իրենք են ահազանգել իրենց կաշառք առաջարկելու դեպքի մասին և հենց իրենք էլ բերման են ենթարկել իրավախախտին»,-նշեց Սարգսյանը՝շեշտելով, որ պարեկային ծառայությունն այսօր ավելի համայնքամետ ծառայություն է մատուցում:  

Նպատակն է շարունակել պարեկային ծառայության ինստիտուցիոնալ զարգացումը, անցնել զարգացման երկրորդ փուլ: Նախարարը կարևորեց, որ ինստիտուցիոնալ փոփոխությունները դառնան մշակույթի մաս: «Եվ այն բոլոր խնդիրները, որոնք կարող ենք տեսնել պրակտիկայում՝ շփումների հետ կապված, իրավական տարբեր նորմերի հետ կապված, այլևս տեղի չունենան կամ գոնե լինեն բացառիկ դեպքեր»,-նշեց Սարգսյանը: 

Նախարարն առանձնացրեց մի քանի ցուցանիշներ, որոնք կարող են պարեկային ծառայության աշխատանքի ցուցիչ լինել: Անցյալ տարի թե՛ ճանապարհատրանսպորտային պատահարների թվի, թե՛ դրանց հետևանքով զոհերի և վիրավորների թվի էական նվազում է գրանցվել: Այս տարի ևս զոհերի թվի նվազում կա՝ չնայած այն հանգամանքին, որ ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճ է գրանցվել: Սարգսյանը պատահարների աճը կապեց նաև տրանսպորտային միջոցների թվի աճի հետ: «Աճի պայմաններում ՃՏՊ-ների, ինչպես նաև դրանց հետևանքով  վիրավորների և  զոհերի թիվը նվազեցնելը մեծ ջանքեր է պահանջել մեզնից»,-նշեց նա: 

Անդրադառնալով Քրեական ոստիկանությանը՝ նա հիշեցրեց, որ քրեական ոստիկանների համար առանձնացրել են ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով օպերատիվ աշխատանքը, նաև հետախուզվողների բացահայտումը: Նախարարի համոզմամբ՝ ձևավորվել է ծառայություն, որն ունի պոտենցիալ՝ էլ ավելի լավ արդյունքներ գրանցելու հանցավորության դեմ պայքարի հարցում:

Քրեական ոստիկանության աշխատանքի համատեքստում Սարգսյանը խոսեց նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարից: «2024-ին 2023-ի համեմատ շուրջ 200 կգ-ով ավելի թմրամիջոց է առգրավվել Ոստիկանության աշխատանքի արդյունքում»,-ասաց նախարարը: 

2025-ի առաջին եռամսյակում ամբողջ իրավապահ համակարգի կողմից առգրավվել է շուրջ 173 կգ թմրամիջոց: Համեմատության համար՝ նախորդ տարի առաջին եռամսյակում առգրավվել էր ընդամենը  39 կգ թմրամիջոց: Նախարարի խոսքով՝ դրանց գերակշիռ մասը հենց Քրեական ոստիկանության աշխատանքի արդյունքում շրջանառությունից դուրս բերված թմրամիջոցներն են:  

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ավելի շատ թիրախավորել ենք ներմուծման ու արտադրության բլոկները: Արդյունքում ավելի մեծ քանակով թմրամիջոցներ ենք առգրավում և թույլ ենք տալիս, որ հետագայում ավելի մանր չափով թմրամիջոցների իրացման կամ շրջանառության դեպքեր չգրանցվեն»,-ասաց Սարգսյանը:  

Քրեական ոստիկանության աշխատանքի համատեքստում Սարգսյանը կարևորեց նաև Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատանքները: Քրեական ոստիկանության ձևավորումից՝ 2024-ի նոյեմբերի 1-ից մինչև օրս շուրջ 70 քրեական վարույթներ են նախաձեռնվել, որոնք եղել են Քրեական ոստիկանության ներկայացրած հաղորդումների հիման վրա:  

«Հարուցված քրեական վարույթներով ունենք պետությանը, համայնքին կամ անձանց պատճառված շուրջ 1.1 մլրդ ՀՀ դրամի վնասի վերականգնում: Իմ հանձնարարականով՝ ապօրինի հանքարդյունաբերության ոլորտը քրեական ոստիկանության աշխատանքի թիրախում է: Միայն այս ոլորտով, այդ թվում՝ ընդերքօգտագործման կանոնների խախտման թեմայով, ունեցել ենք 10 դեպք, խոսքը շուրջ 630 մլն ՀՀ դրամի չափով ապօրինի իրացված հանույթի մասին է»,-ասաց նախարարը: 

Ինչ վերաբերում է Համայնքային ոստիկանության աշխատանքին, ապա խոսքը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների, ընտանեկան բռնության դեմ պայքարի, անչափահասների հանցավորությանն առնչվող և այլ տարբեր աշխատանքների մասին է: Այս պահին անցումային փուլում են: Համայնքային ոստիկանությանը կբեռնաթափեն ոչ տիպիկ ոստիկանական գործառույթներից: Առաջիկայում Համայնքային ոստիկանության համար կհայտարարվի նոր ընդունելություն:

Նախարարն անդրադարձավ նաև Ոստիկանության գվարդիայի ձևավորման աշխատանքներին, պարեկային ծառայողների համար էլեկտրամոբիլների ձեռքբերմանն ու այլ փոփոխությունների:

Ի՞նչ տեսք կունենան կենսաչափական անձնագրերը 

2026 թվականի երկրորդ կիսամյակում հանրապետությունում կներդրվի կենսաչափական նոր համակարգ՝ քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր և նույնականացման քարտեր։ 

Ընտրվել է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափը: Հայտարարվել էր մրցույթ, մասնավոր գործընկերոջ հետ արդեն կնքվել է պայմանագիր: Այսպիսով՝ անձնագրային ծառայությունների մատուցումը պատվիրակվում է մասնավորին:  

Մասնավոր այդ ընկերությունը հանրապետությունում կունենա 23 տարածքային ստորաբաժանումներ:

«Ներկայում ունենք շուրջ 45 տարածքային անձնագրային ստորաբաժանումներ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե 45-ը փակում ենք, ունենում ենք 23 ստորաբաժանում, և սա կարող է բարդացնել քաղաքացիների կյանքը: Բայց ճիշտ հակառակը՝ հնարավորինս այնպես ենք արել, որ քաղաքացու շփումն անձնագրային ծառայության հետ լինի մինիմալ: Այն տվյալները, որոնք հնարավոր է հավաքագրել էլեկտրոնային տարբերակով, կհավաքագրվեն այդպես: Միայն մեկ անգամ տարածքային անձնագրային ստորաբաժանում այցելելու կարիք կլինի»,-ասաց նախարարը:

Նախարարությունը մասնավոր գործընկերների հետ դիտարկել է հնարավորինս նոր եղանակով ծառայությունների մատուցման սխեմա: «Նախնական պլանավորում ենք, որ Երևանում երկու մեծ առևտրային կետերում՝ մոլերում, կունենանք այսպիսի ծառայություններ, որը նաև մշակութային որոշակի փոփոխություններ կբերի այս առումով: Կարծում եմ՝ նաև հաշվի առնելով տվյալ առևտրային կենտրոնների մարդաշատությունը, կկարողանանք ավելի արագ և հասանելի դարձնել մեր ծառայությունները մեր քաղաքացիներին»,-ասաց Սարգսյանը:

Նորարարություն է լինելու նաև այն, որ Երևանում գրասենյակը սպասարկելու է մինչև 22:00-ն, մարզերում կաշխատեն 09:00-18:00-ն: Կգործեն նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ:

«Պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում բիոմետրիկ փաստաթղթերը կապելու ենք նաև որոշակի հանրային ծառայությունների հետ, որը ավելի կդյուրինացնի քաղաքացիների՝ տարբեր ծառայություններ ստանալու գործընթացը: Ըստ ժամանակացույցի՝ 2026 թվականի արդեն երկրորդ կիսամյակում կկարողանանք ապահովել արտադրությունը: Այս պահին մասնավոր գործընկերոջ հետ ակտիվ քննարկում ենք դիզայնի և դրա կոնցեպտի հետ կապված հարցերը: Դրա հետ կապված որոշակի էլեմենտներ ենք դիտարկում, որոնք ավելի բնորոշ կլինեն Հայաստանի Հանրապետությանը: Այս փաստաթուղթը պետք է նաև մեր քաղաքացիների համար շատ խորհրդանշական փաստաթուղթ լինի, և, հետևաբար, ցանկացած դետալ պետք է շատ խնամքով ընտրված լինի: Առաջիկայում, երբ դիզայնի հետ կապված բոլոր լուծումները կհաստատենք, արդեն մասնավոր գործընկերը կանցնի մնացյալ գործընթացներին»,-ասաց Սարգսյանը:

Նախարարի խոսքով՝ թե՛ դիզայնի, թե՛ գույնի, թե՛ անվտանգային բաղադրիչների առումով փոփոխություններ են լինելու: Այս պահին քննարկումներ են ընթանում: Թե ինչ գույն կունենան նոր կենսաչափական անձնագրերը, դեռ հայտնի չէ: Սակայն, նախարարի խոսքով, կան գույներ, որոնք անվտանգային առումով նախընտրելի չեն, օրինակ՝ սևը:  

«Չափազանց կարևոր է, որ այս փաստաթղթերը լինեն այնպիսի անվտանգային չափանիշներին համապատասխան, որը թույլ կտա մեզ վստահաբար ասել, որ մեր հանրապետությունում թողարկվող բիոմետրիկ փաստաթղթերն անվտանգ են, դրանցում կեղծիքներ կատարելը չափազանց բարդ ու չափազանց բացահայտելի է: Մեր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող անվտանգ փաստաթղթեր»,-ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ անվտանգությունն իրենց համար առաջնային տեղում է:  

Սարգսյանը հիշեցրեց՝ կենսաչափական անձնագրերի այս համակարգի ներդրումն ուղիղ կա ունի ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի հետ: 

«Երբ ուսումնասիրում ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացն անցած երկրների փորձառությունը, տեսնում ենք, որ հիմնական հենասյունային ուղղություններից մեկը երկրում բիոմետրիկ ճիշտ համակարգն է, տվյալների պաշտպանության ճիշտ համակարգ ունենալը: Եվ այսպիսի բիոմետրիկ փաստաթղթերի ներմուծումը, այսպիսի կուռ համակարգի ստեղծումն ուղիղ ազդեցություն ունի վիզաների ազատականացման թեմայի վրա: Սա խոշոր ուղղություններից է, որ ԵՄ-ն պետք է գնահատի ու հասկանա, թե որքանով է անվտանգ բիոմետրիկ տվյալների պաշտպանության համակարգը երկրում, որքանով է երկիրը պաշտպանված անձը հաստատող փաստաթղթերի հնարավոր կեղծումներից»,-ասաց նախարարը:

Սարգսյանը նաև անդրադարձել է նախարարության կողմից իրականացվող այլ ծրագրերի ու փոփոխությունների, այդ թվում՝ վարորդական վկայակայանների թվայնացմանը:

Մանրամասները՝ վիդեոփոդքասթում

Կարդացեք հոդվածը` Españolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում