Տնտեսություն

Ոսկեվազ համայնքը շուտով կունենա ամբուլատորիայի նոր շենք

3 րոպեի ընթերցում

Ոսկեվազ համայնքը շուտով կունենա ամբուլատորիայի նոր շենք

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԶԲ-ի կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման ծրագրով նախատեսվում է ներգրավել 45.3 միլիոն եվրո արժողությամբ վարկ, որը կուղղվի առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանը, առողջապահական ծառայությունների որակի գնահատման և հաշվետվողականության թվայնացմանն ու ինստիտուցիոնալացմանը, բժշկական հաստատությունների լիցենզավորմանը, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավմանը:

Վերոհիշյալ ծրագրող մասնավորապես նախատեսված է կառուցել 26 համայնքային ամբուլատոր բուժհաստատություններ, որոնցից մեկն էլ գտնվելու է Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում։ Լրագրողների խումբն ԱԶԲ-ի ուղեկցությամբ այցելեց նշված հաստատության գործող շենքը, որի փոխարեն շուտով պետք է հիմքից կառուցվի նորը։ 

Տնօրեն Արմենուհի Հովսեփյանը նշեց, որ Ոսկեվազի համայնքապետարանն ի սկզբանե ամբուլատորիայի շենքը հատկացրել է անժամկետ օգտագործման նպատակով, որը գործում է 1960-ական թվականներից, բայց այսօր վերակառուցման խիստ կարիք ունի։

«Պատերի ծեփոններն արդեն թափվում են, տեղ-տեղ ակնառու երևում են ճաքերը, մի քանի անգամ մեր ուժերով և առանձին կառույցների աջակցությամբ կատարել ենք կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, բայց դրանք կրել են մասնակի բնույթ։ Լավ կլինի, որ ունենանք առանձին շենք։ Համայնքը հատկացրել է համապատասխան հողատարածք, որտեղ ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ կառուցվելու է նոր ամբուլատորիա՝ մարդկանց բուժսպասարկումն ավելի բարձր որակով մատուցելու համար։ Շենքը հագեցած կլինի համապատասխան կահույքով, իսկ լաբորատորիաները՝ անհրաժեշտ սարքավորումներով»,- ասաց Հովսեփյանը։ 

Տնօրենը տեղեկացրեց, որ Ոսկեվազի ամբուլատորիան սպասարկում է նաև հարևան համայնքի՝ Ոսկեհատի բնակիչներին։ Բուժառուներ կան նաև Երևանից, որոնք գալիս են Ոսկեվազ՝ նախապատվություն տալով տվյալ բուժհաստատության բժիշկներին։ 

«Ոսկեվազում կա մոտ 4600 բնակիչ, որից 1700-ը մինչև 18 տարեկան երեխաներ են։ Ունենք ընտանեկան բժիշկ, առանձին թերապևտ, մանկաբարձուհի, լաբորանտ, դպրոցականների համար բուժքույրեր, ընդհանուր առմամբ՝ 17 աշխատող։ Մեզ մոտ արդեն իսկ լավ կազմակերպված է իմունիզացիայի ծրագիրը, պատվաստումների ընդգրկվածության գործընթացն ընթանում է բնականոն հունով։ Շատ ավելի լավ կլինի, եթե բուժսպասարկումն իրականացվի նոր շենքային պայմաններում»,- ասաց Հովսեփյանը։    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում