Էկոնոմիկայի նախարարությունը կարկտի հասցրած վնասների գույքագրումից հետո որոշումներ կկայացնի աջակցության վերաբերյալ
4 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարության աշխատանքային խմբերն ակտիվորեն աշխատում են մարզպետարանների, համայնքների հետ, որպեսզի գույքագրվեն վերջին մի քանի օրերի ընթացքում հանրապետության տարբեր մարզերում կարկտի հասցրած վնասները, ինչից հետո կընդունվեն աջակցության համապատասխան ծրագրեր։
«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով վերջին մի քանի օրերին հանրապետության տարբեր տարածաշրջաններում տեղացած կարկտի հետևանքով գյուղացիների այգիներին հասցված վնասներին։
«Կարկուտը շատ մեծ վնասներ է տվել մեր գյուղատնտեսությանը, մասնավորապես՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և այլ մարզերում։ Ես նախորդիվ եղել եմ Արարատի մարզում, շաբաթ օրը, ամբողջ օրը պլանավորված է, որ կլինեմ Արագածոտնի մարզում, մյուս բոլոր տեղերում։ Հիմա մեր աշխատանքային խմբերը մարզպետարանների, համայնքների, նախարարության հետ ակտիվ աշխատանքի մեջ են, վնասների գույքագրման համար, որից հետո արդեն համապատասխան որոշումներ կընդունվեն, կհասկանանք, թե ինչպես աջակցել մեր քաղաքացիներին, որպեսզի մեր գյուղատնտեսության կայուն զարգացման տեմպին չվնասենք»,-ասել է Պապոյանը։
Վերջինիս բնորոշմամբ՝ կարկուտների ընթացքում հակակարկտային կայաններ աշխատում են, բայց կան ամպեր, որոնց դեպքում այդ թնդանոթային համակարգերի արդյունավետությունը 100% չէ։
«Կան ամպեր, որոնց դեպքում 100%-անոց է ու բազմաթիվ դեպքեր են լինում, որ կայանները փրկում են իրավիճակը։ Կայանները կրակել են՝ բացի Արարատի մարզի մեկ բնակավայրից, որտեղ, պատասխանատուների ներկայացմամբ, շատ ուժեղ անձրևային հոսք է սկզբում եղել, որի արդյունքում պրոբլեմ է առաջացել սարքի հետ, և այն, ըստ էության, չի աշխատել։ Արարատի մարզի 1-2 գյուղում եղել է այդպիսի բան, բայց բայց դրա փոխարեն, օրինակ, կողքի 63 համակարգերը ամբողջությամբ աշխատել են»,-նշել է Էկոնոմիկայի նախարարը։
Խոսելով այդ կայանների արդիականացման մասին՝ Գևորգ Պապոյանն ասել է, որ դրանք համակարգեր են, որոնք ունեն որոշակի սահմանափակ օգտակարություն։
«Ավելի արդիական համակարգեր կան, դրանք հրթիռային համակարգերն են, որոնք ակնհայտորեն արդյունավետ են, բայց մեր երկրի աշխարհագրական դիրքի և աշխարհաքաղաքական որոշակի առանձնահատկություններից ելնելով, այս պահին դրանց կիրառումն անհնար է։ Եթե անգամ ունենայինք դա, անհնար է կիրառել, որովհետև դրանք հրթիռներ են, որոնք բացի մարտագլխիկից, ոչ մի բանով չեն տարբերվում մնացած մեծ հրթիռներից։ Դա օգտագործելու համար նախ պետք է դու ունենաս համաձայնագրեր քո բոլոր հարևան երկրների հետ»,- մանրամասնել է Գևորգ Պապոյանը։
Պատասխանելով հարցին, թե նման իրավիճակներում նախարարությունն ի՞նչ լուծում է առաջարկում քաղաքացիներին՝ նախարարը պատասխանեց. «Մենք ևս մեկ լուծում ենք առաջարկել. դա այն է, որ հակակարկտային ցանցերը նախկինում միայն սահմանափակ համայնքներում էր պետությունը սուբսիդավորում, այսուհետ հանրապետության բոլոր համայնքներում հակակարկտային ցանցի դեպքում ծախսի 50%-ը պետությունը վերցնում է իր վրա»։