Տնտեսություն

ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

2 րոպեի ընթերցում

Բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ: 

«ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան քաղաքում գործող հագուստի և աքսեսուարների արտադրությամբ ու վաճառքով զբաղվող 2 տնտեսվարող թերհայտարարագրում են իրացման շրջանառությունը, իրականացնում են նույնատիպ տնտեսական գործունեություն, գործում են համաձայնեցված և  ունեն բարեկամական կապ։ Այս տնտեսվարողներն արտադրել են նաև զինվորական համազգեստի նմանվող  հագուստներ, որոնք, ըստ ձեռքբերված նախնական տվյալների, վաճառվել են հիմնականում որսորդական խանութներին:

Համակողմանի և  մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալները հաստատվել են: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում պարզվել է, որ այս  տնտեսվարողները 2020-2024 թթ ընթացքում թաքցրել են շուրջ 3 մլրդ դրամի իրացման շրջանառություն։ Կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է շուրջ 900 միլիոն դրամի վնաս»,- նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով ՊԵԿ hետաքննության և օպերատիվ հետախուզության  վարչությունը հաղորդում է ներկայացրել  Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՊԵԿ-ը շարունակելու է հետևողական պայքարը` հարկային կարգապահության խախտումները բացահայտելու ուղղությամբ՝ այսպես  պաշտպանելով նաև օրինական բիզնեսի շահերը: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում