«Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի պատվիրակ Պարգը հետևում է թողել մրցութային երկու փորձերը
2 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի ներկայացուցիչ Պարգը (Պարգև Վարդանյան), որը մի քանի շաբաթ առաջ մեկնել է մրցույթի անցկացման վայր՝ Շվեյցարիայի Բազել քաղաք, արդեն հետևում է թողել մրցութային երկու փորձերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ եվրատեսիլյան Survivor երգի մրցութային բեմադրությունը շատ ակտիվ է։ Երգիչը միայնակ է բեմում, սակայն վազում է, պարում և հորդորում՝ երբեք պետք չէ հանձնվել։
Եվրատեսիլյան Wiwibloggs-ը, անդրադառնալով Պարգի բեմադրությանը, նշել է, որ Պարգն իրական կյանքում համեստ երիտասարդ է, բայց բեմում վերածվում է իսկական «գազանի»։ Ավելի վաղ Պարգին համեմատել էին գլադիատորի հետ։

Մրցութային փորձերից հետո Պարգը հոլովակ է հրապարակել «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում, որում խոսում է Survivor երգի մասին։ Նա շեշտում է, որ փոքր տարիքում իրեն, ինչպես և շատ այլ երեխաների, փորձել են «կոտրել», սակայն ոչ ոք չի կարողացել կանգնեցնել իրեն։ Երգիչը նշում է, որ այժմ կանգնած է «Եվրատեսիլ»-ի բեմում, ինչն ապացուցում է, որ համառությունը հաղթում է։
Մայիսի 11-ին էլ Հայաստանի պատվիրակը Հայաստանի դրոշն ուսերին մասնակցել է մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը։
«Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը տեղի կունենան մայիսի 13-ին, 15-ին և 17-ին St. Jacobshalle-ի արենայում: Պարգը ելույթ կունենա մայիսի 15-ին 5 համարի ներքո։
«Եվրատեսիլ»-ը Շվեյցարիայում անցկացվել է մի քանի անգամ։ Առաջին անգամ Շվեյցարիան մրցույթը հյուրընկալել է 1956-ին: Այն կազմակերպվել է երկրի իտալախոս Լուգանո քաղաքում, 1989 թվականին «Եվրատեսիլ»-ը կայացել է ֆրանսախոս Լոզանում, իսկ այժմ երաժշտական մրցույթն առաջին անգամ տեղի կունենա երկրի գերմանախոս մասում։