Սոցիալական հարցեր

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը միջոցառումներ է անցկացրել Լոս Անջելեսում

6 րոպեի ընթերցում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը միջոցառումներ է անցկացրել Լոս Անջելեսում

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում մայիսի 6-7-ը տեղի են ունեցել Մարդասիրության թեմայով կոնֆերանսը եւ 2025 թ․ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, «Ավրորա»-ի 10-ամյակի միջոցառումների շրջանակում երկօրյա այս հավաքի ընթացքում մասնակիցները՝ մերօրյա հերոսները, մարդու իրավունքների պաշտպանները, փորձագետները, ընդգծել են համընդհանուր համերաշխության խիստ անհրաժեշտությունը՝ համարձակ եւ համատեղ քայլեր ձեռնարկելու` ամենահրատապ մարտահրավերները հաղթահարելու համար։

«Մենք ապրում ենք «բազմակի ճգնաժամերի» դարաշրջանում, մի աշխարհում, որը խիստ բաժանված է ցանկացած հարցում՝ մատակարարման շղթաներից մինչեւ տնտեսություն եւ քաղաքականություն»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը։ 

«Հարցն այն է, թե պատրա՞ստ ենք այլ կերպ մտածելու այն դարաշրջանի մասին, որում ապրում ենք։ Պատրա՞ստ ենք ստեղծելու նոր չափանիշներ, որտեղ մենք առաջնահերթություն կտանք մարդկայնությանը, ինչպես ամեն օր անում են «Ավրորայի» հերոսները»,- հավելել է նա:

Մարդասիրության թեմայով կոնֆերանսը միավորել է աշխարհի տարբեր անկյուններից եկած ավելի քան 50 մերօրյա հերոսների՝ քննարկելու, թե ինչպես հաղթահարել ամենօրյա մարտահրավերները, որոնց բախվում են իրենց համայնքներում գործունեություն ծավալելիս։ 2025 թ․ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը, որն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի համատեղ նախաձեռնությունն էր, անցկացվել է «Խաչմերուկին. համալիր գործողություններ հանուն կայուն ապագայի» ընդհանուր խորագրով։ Մասնակիցներ են ժամանել ավելի քան 30 երկրներից, այդ թվում՝ Հնդկաստանից, Պակիստանից, Կոլումբիայից, Նիգերիայից, Իրաքից, Ֆրանսիայից, Հարավային Աֆրիկայից, Մավրիտանիայից եւ Արգենտինայից: Այս միջոցառումներն իրական հարթակ են դարձել մարդկային արժանապատվությունը, արդարությունը եւ կայուն խաղաղությունը խթանելու համար։ 

«Կարծում եմ՝ աշխարհում գոյություն ունեցող տառապանքը կարող է մշտապես հուսախաբ անել, եթե թույլ տանք»,- նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հաջորդ շրջանի համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի անդամ Էրիկ Էսրայիլյանը։ «Դուք բոլորդ անհատապես ներկայացնում եք տարբեր գործեր եւ նախաձեռնություններ՝ կատարելով նշանակալից աշխատանք առանց որեւէ իրական ճանաչման։ Մեր ծափահարությունները ձեզ՝ ձեր կատարած աշխատանքի համար։ Դուք ոգեշնչում եք ինձ».,- հավելել է նա։

Կոնֆերանսը եւ ֆորումը նպաստել են գործնական, միջոլորտային ռազմավարությունների մշակմանը՝ կապելով մարդասիրական հրատապ արձագանքը մարդու իրավունքների, կայուն զարգացման եւ շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատվության եւ երկարաժամկետ պարտավորությունների հետ, միաժամանակ համախմբելով նաեւ երիտասարդ սերնդի ակտիվիստներին:

Հարցին, թե ինչպես է արձագանքում արտաքին օգնության ոլորտում տեղի ունեցած կտրուկ փոփոխություններին, Խաղաղության Նոբելյան դափնեկիր, Աֆրիկայի «Գբովե» խաղաղության հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ Լեյմա Գբովեն պատասխանել է. «Այս իրավիճակն իմ իրականությունն է։ Միշտ էլ քաոս է տիրում։ Երբեք ֆինանսական կայունություն չի եղել։ 30 տարվա ընթացքում մի պայքարը հաջորդել է մյուսին։ Միակ բանը, որ ինձ օգնել է շարունակել առաջ շարժվել, իմ համայնքն է»։

Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Քոմֆորթ Էրոն ներկայացրել է դիմադրության սուդանցի մարտիկների մի խմբի օրինակ, որոնք որոշել էին շտապ օգնության բաժանմունքի վերածվել դաժանության եւ մարդասիրական շրջափակման պայմաններում։ 

«Այն, որ այսչափ բռնության, սարսափի եւ ցավի պայմաններում մարդիկ կարողանում են վերափոխվել եւ համագործակցել տարբեր ոլորտներում... դա է ինձ հույս ներշնչում, որ մարդկությունն ունակ է լինել նորարար անգամ այն պահին, երբ պատին են դեմ տվել»,- ասաց Քամֆորթ Էրոն։

Ֆորումի շրջանակում հանդես են եկել բազմաթիվ հեղինակավոր բանախոսներ՝ անդրադառնալով խնդիրներին, որոնց բախվում են մարդասիրական ոլորտի ներկայացուցիչներն այսօր։ Մարդասիրության թեմայով կոնֆերանսը եւ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումն անցկացվեցին «Ավրորայի» 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Որպես շարունակություն՝ սեպտեմբերին Նյու Յորքում կհայտարարվեն 2025 թ․ «Ավրորայի» հերոսների անունները, իսկ նոյեմբերի 6-ին Էլիս կղզում կկայանա՝ «Ավրորա» մարդասիրական մրցանակի շնորհման արարողությունը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում