Մշակութային կամուրջ Գյումրիի և Վանաձորի միջև՝ համատեղ դասական համերգով
2 րոպեի ընթերցում

Գյումրիի Հայորդյաց տանը տեղի է ունեցել Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Վանաձորի կամերային նվագախմբի համատեղ համերգը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դասական երաժշտության սիրահարների համար երեկոյի ընթացքում հնչել են Վիվալդիի, Բեթհովենի, Շուբերտի, Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։
Միջոցառմանը մասնակցել են Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Արմեն Կարճյան) և Վանաձորի կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան)։ Համերգը ղեկավարում էր Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Վանաձորի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։
Համերգի ավարտին Ռուբեն Ասատրյանը կարևորել է երկու քաղաքների մշակութային նշանակալի կառույցների գործունեությունը՝ նշելով, որ արհեստավարժության շնորհիվ Գյումրիի պետական սիմֆոնիկ և Վանաձորի կամերային նվագախմբերը կարող են տարիներ շարունակ պահպանել և սերունդներին ներկայացնել դասական երաժշտությունը։
«Այսօր այս դահլիճում, ջերմություն կար։ Պետք է կարողանանք պահել ու պահպանել այն, ինչ ունենք»,-ընդգծել է Ռուբեն Ասատրյանը՝ շնորհակալություն հայտնելով Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սոնա Հովհաննիսյանին համագործակցության հրաշալի հնարավորության համար։
Նույն ծրագրով նվագախմբերը հանդես կգան նաև Վանաձորում՝ Ազնավուրի անվան համերգասրահում։