Իրավունք

Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարատելի է . ՄԻՊ-ը՝ Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի մասին

2 րոպեի ընթերցում

Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարատելի է . ՄԻՊ-ը՝ Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի մասին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Արթուր Չախոյանին և ձերբակալված այլ անձանց։ 

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Չախոյանի փաստաբանների հետ։

Պաշտպանի ներկայացուցիչների այցի ընթացքում պարզվել է, որ Արթուր Չախոյանի վատ ինքնազգացողությամբ պայմանավորված` հրավիրվել է շտապօգնություն, վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ բռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ։

Միաժամանակ, Պաշտպանը կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն հրահրող խոսքից և վարքագծից։

«Նմանատիպ բոլոր դեպքերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, և Պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր»,- եզրափակվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում