Հայաստանը հույս ունի խորացնել Էստոնիայի հետ համագործակցությունը կրթության, գիտության, ՏՏ ոլորտներում

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Էստոնիայի հետ համագործակցության խորացումը կրթության, գիտության, տեղեկատվական և նորարական տեխնոլոգիաների բնագավառում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 28-ին կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա վստահ է, որ այցի ընթացքում ձեռք բերված  պայմանավորվածությունները նոր որակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին։

«Մեծապես կարևորում եմ Էստոնիայի Հանրապետության հետ համամարդկային և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումը և բարձր եմ գնահատում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Էստոնիայի Հանրապետության կառավարության կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը։ Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը՝ մասնավորապես դրանցում թվային լուծումների  և էլեկտրոնային կառավարման գործիքների զանգվածային կիրառելիությունն օրինակելի է Հայաստանի համար, և մենք, իհարկե, շատ հետաքրքրված ենք այդ հարցում մեր  հետագա համագործակցությունը խորացնելու առումով»,-ասաց ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին բարձրաստիճան փոխայցելությունները նոր որակի են բարձրացրել երկու բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսությունը և  համատեղ ջանքերի միջոցով հնարավոր է էլ ավելի խորացնել առկա փոխգործակցությունը։ 

«Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցանք արդյունավետ քննարկումներ ծավալել ամենատարբեր բնագավառներում Հայաստան-Էստոնիա ներկայիս համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ, ինչպես նաև նախանշել  փոխգործակցության հեռանկարային այլ ուղղություններ։ Մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում համագործակցության խորացումը կրթության, գիտության, տեղեկատվական և նորարական տեխնոլոգիաների բնագավառում։ Վստահ եմ, որ այցի ընթացքում ձեռքբերված  պայմանավորվածությունները նոր որակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին»,-ընդգծեց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ երկկողմ համագործակցությունից զատ անդրադարձ են կատարել բազմակողմ ձևաչափերում Հայաստան-Էստոնիա փոխգործակցությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն  գործընկերության օրակարգին։

«Էստոնացի գործընկերոջս՝ Քրիստեն Միխալին ներկայացրեցի Հայաստան-ԵՄ օրակարգի վերջին զարգացումները, Հայաստանի քաղաքացիների եվրոպական նկրտումները՝ ակնկալելով պաշտոնական Տալլինի քաղաքական աջակցությունը դեպի Եվրամիություն տանող բարդ ու երկարատև ճանապարհին և շնորհակալ եմ ցուցաբերված պատրաստակամության համար։ Այս համատեքստում մեծապես կարևորում եմ Հայաստան-Նորդիկ-Բալթյան երկրներ համագործակցության հետագա խորացումը և լիահույս եմ, որ այս ձևաչափի շրջանակում համագործակցությունը կլինի արդյունավետ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների և եվրաինտեգրման գործընթացի համատեքստում»,-ասաց ՀՀ վարչապետն ու վստահեցրեց՝ այս ձևաչափի մասնակից երկրների և Հայաստանի փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ։

 

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն