Չինաստան

CMG 4-րդ ֆորումը Կոնֆուցիոսի ծննդավայրում համախմբել է մեդիա առաջնորդների. «Արմենպրես»-ի տնօրենը տեսաուղերձ է հղել

2 րոպեի ընթերցում

CMG 4-րդ ֆորումը Կոնֆուցիոսի ծննդավայրում համախմբել է մեդիա առաջնորդների. «Արմենպրես»-ի տնօրենը տեսաուղերձ է հղել

Չինաստանի Ցյուֆու քաղաքում անցկացված CMG 4-րդ ֆորումը մեդիայի և հաղորդակցության ոլորտի առաջնորդների մասնակցությամբ քննարկման առանցքում է պահել գործակցության խթանման նորարարական մոտեցումների ներդրման, պատասխանատու մեդիայի կառուցման, բաց և ներառական միջազգային հաղորդակցական էկոհամակարգի կայացման հարցերը։ 

Ֆորումը համատեղ կազմակերպել էին Չինաստանի մեդիա խումբը (China Media Group) և Շանդուն նահանգի Ժողովրդական կառավարությունը:

Ֆորումի մասն էր նաև «Չինաստանն ավելի մոտ. շրջայց Շանդունով» միջոցառումը: Այն լավագույն հնարավորություն էր` միջազգային լրագրողներին Չինաստանի պատմական ժառանգության և նորարարական առաջընթացի մասին իրազեկելու համար:

CMG ֆորումին ներկա են եղել շուրջ 300 հյուրեր, այդ թվում՝ օտարերկրյա պաշտոնյաներ, գլոբալ կազմակերպությունների ղեկավարներ, փորձագետներ և գիտնականներ: 

«Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանը հանդես է եկել տեսաուղերձով։ Նա շնորհակալություն է հայտնել China Media Group-ին` ամբողջ աշխարհից մեդիա ոլորտի փորձագետների, նորարարական մտքի առաջնորդների մեկ հարկի տակ համախմբելու, միջազգային երկխոսության և համագործակցության հարթակ ստեղծելու համար։ Որպես Հայաստանի ազգային լրատվական գործակալություն, «Արմենպրես»-ը հավատում է լրագրության՝ մշակույթները կամրջելու, ժողովուրդների փոխճանաչումը խթանելու ուժին։ «Այսօրվա աշխարհը կանգնած է բարդ մարտահրավերների առաջ՝ տեխնոլոգիական փոփոխություններին համընթաց քայլելու անհրաժեշտություն, ապատեղեկատվության դեմ պայքար և այդ ամենով հանդերձ` էթիկական սահմանները խստիվ պահպանելու հանձնառություն։ Այս փոփոխական միջավայրում պատասխանատու մեդիան պետք է հավատարիմ մնա ճշմարտությանը, պրոֆեսիոնալիզմին և շարունակի լինել վստահելի»,- ընդգծել է Նարինե Նազարյանը` Կոնֆուցիոսի ծննդավայր Ցյուֆուում անցկացված ֆորումին մաղթելով արգասաբեր աշխատանք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում