Իջևանի գինու և կոնյակի գործարան. պարտաճանաչ հարկատու և զարգացման հեռանկարային ծրագրեր ունեցող ընկերություն

12 րոպեի ընթերցում

Ավելի քան 70 տարվա պատմություն ունեցող Իջևանի գինու և կոնյակի գործարանն իր ապագան կերտում է՝ համադրելով անցյալը ու ներկան, վաղեմի ավանդական և սրընթաց զարգացող ժամանակակից տեխնոլոգիաները: Ընկերությունում գտնում են, որ հաջողության հիմքում նվիրված աշխատանքն ու պրոֆեսիոնալ մոտեցումն է՝ սպառողի հետ որակյալ արտադրանքի միջոցով հաղորդակցվելը: Այստեղ հավատարիմ են որդեգրած ռազմավարությանը՝ ընդլայնել արտադրությունը և նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 1951 թվականին հիմնադրված գործարանը խորհրդային տարիներին գինենյութ է մատակարարել «Արարատ Տրեստ»-ին և Երևանի շամպայն գինիների գործարանին: Դրանից գրեթե կես դար անց՝ 2005 թվականին, ձեռնարկության զարգացմանը նոր լիցք հաղորդեց ընկերությունում մասնաբաժին ձեռքբերած գործարար Էմին Եղիազարյանը, որը իրականացրեց ծավալուն բարեփոխումներ: Ներդրումների շնորհիվ գործարանը վերանորոգվեց և վերազինվեց նորագույն սարքավորումներով, ներդրվեցին արդի տեխնոլոգիաներ, հիմնվեցին խաղողի սեփական այգիներ, աշխատանքներին ներգրավվեցին արտասահմանում վերապատրաստված մասնագետներ: Այս ամենի արդյունքում գործարանը 2010 թվականից սկսեց արտադրել նաև կոնյակի տեսականի, իսկ 2013-ից՝ պահածոներ, հյութեր, մուրաբաներ և կոմպոտներ։ Ներկայում Իջևանի գինու և կոնյակի գործարանը սպառողներին առաջարկում է խաղողի, ինչպես նաև այլ մրգային և փրփրուն գինիներ, կոնյակի տեսակներ, մրգային զանազան օղիներ, հյութեր, կոմպոտներ, մարինադներ, տարբեր պահածոներ և չրեր:

Գործարանի տնօրեն Մարտին Մարտիրոսյանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ խաղողի գինիները պատրաստվում են բացառապես այդ պտղի հայկական տեսակներից:

Ամենապահանջվածներից են «Իջևան», «Սարգոն», «Սափոր», «Մխիթար Գոշ» շարքերի գինիները և «Նարեկացի» կարմիր չոր գինին, որն, ի դեպ, 2024 թվականին հայկական գինեգործության պատմության մեջ առաջին անգամ արժանացել է ProdExpo հեղինակավոր միջազգային ցուցահանդեսի «Գրան պրի» մրցանակի։

Կոնյակներից առավել հայտնի են «Իջևան Ավանդական» շարքինը, «Հին Իջևան»-ը (10 տարվա հնեցման), «Արքա»-ն (15 տարվա հնեցման), «Նեմրութ» շարքինը (20, 25 և 30 տարվա հնեցման) և «Աբգար Արքա»-ն (40 տարվա հնեցման):

Հարկ է նշել, որ իջևանյան ընկերության արտադրանքը հասանելի է ոչ միայն տեղական շուկայում, այլև Եվրոպայի, Ասիայի և, անգամ, Հյուսիսային Ամերիկայի մի շարք երկրներում: Գինին, կոնյակը, պահածոները, հյութերն ու չրեղենն արտահանվում են Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Կանադա, Իսրայել, Հնդկաստան, ինչպես նաև բալթյան երկրներ ու եվրոպական այլ պետություններ։

«Մեր ընկերության հաջողությունն էապես պայմանավորված է աշխատակիցների պրոֆեսիոնալիզմով, նվիրված և տքնաջան աշխատանքով: Նրանցից յուրաքանչյուրի նվիրվածությունն իր աշխատանքին նպաստում է ընկերության կայուն զարգացմանը և ստեղծում ընդհանուր նպատակին հասնելու նախադրյալներ: Մեր թիմի անդամները չեն վախենում մարտահրավերներից և համարձակորեն իրենց լուման են ներդնում՝ ապահովելու ընկերության անխափան առաջընթացը»,- նշեց Մարտին Մարտիրոսյանը:

Տնօրենը ներկայացրեց նաև երկու կարգախոսներ, որոնց խարսխված է գործարանում արտադրության կազմակերպումը: Դրանք, պետք է ասել, բավականին խոսուն և գրավիչ են: Երկուսն էլ ենթադրում են ստեղծագործական մոտեցում և ձևակերպվել են այսպես՝ «Գինեգործությունը՝ որպես արվեստ» ու «Արվեստից ծնված վայելք» (սա արդեն վերաբերում է կոնյակագործությանը):

«Միայն ստեղծագործելով ու մանրակրկիտ աշխատանքով կարելի է ստեղծել իսկապես բարձրակարգ գինիներ՝ անկրկնելի համով և բույրով: Իսկ յուրահատուկ խնամքով և վարպետությամբ պատրաստված կոնյակները, հիրավի, գլուխգործոց են: Կոնյակի արտադրությունում այնպես ենք համադրում ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները և ավանդական կոնյակագործության գաղտնիքները, որ յուրաքանչյուր շշում լինի բարձրակարգ արտադրանք: Սրանք են մեր աշխատանքի հիմնական սկզբունքները»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Այն հարցին, թե Հայաստանում ի՞նչ է անհրաժեշտ հաջողակ և մրցունակ ընկերություն ստեղծելու համար, տնօրենը պատասխանեց. «Պետք է ապահովել կարևոր մի քանի բաղադրիչներ և գործոններ՝ բարձր որակավորում ունեցող թիմ, բարձրորակ արտադրանք, որը նաև նպաստում է արտադրության խթանմանը և երկարաժամկետ կտրվածքով պահանջարկի ապահովմանը, նաև որակյալ արտադրանքի միջոցով արժանանալ սպառողի վստահությանը, ինչպես նաև ճկուն և արագ արձագանքել շուկայում տեղի ունեցող փոփոխություններին, անընդհատ զբաղվել հետազոտական աշխատանքներով, ունենալ հուսալի գործընկերներ և ձևավորել անհրաժեշտ կապեր տեղական և միջազգային մակարդակներում: Այս բոլոր գործոնների ճիշտ ու համաչափ կիրառումը հնարավորություն կտա ստեղծել մրցունակ և կայուն զարգացող ընկերություն»:

Իսկ որքանո՞վ են գործարար միջավայրը, սոցիալ-տնտեսական իրավիճակը, հարկային դաշտը, վարչարարությունը և մյուս պայմանները նպաստավոր Հայաստանում խոշոր բիզնեսի ձևավորման և զարգացման համար:

«Մեր ոլորտում գործարարության զարգացման լուրջ խթան են պետության կողմից սուբսիդավորվող մթերման վարկերը, սուբսիդավորվող լիզինգային ծրագրերը և պետության հովանավորությամբ արտասահմանում ցուցահանդեսների և էքսպոների մասնակցելը: Իջևանի գինու-կոնյակի գործարանը մեծապես գնահատում է հարկային համակարգի պրոֆեսիոնալ և համակարգված աշխատանքը, որը միտված է ապահովելու տնտեսության կայունությունն ու արդարացի զարգացումը:

Գործարանը բարձր է գնահատում հարկային մարմինների աշխատանքը, որոնք մշտապես ապահովում են անխափան գործառույթներ, թափանցիկություն և հետևողականություն՝ հարկային բոլոր պարտավորությունները կատարելու գործընթացում»,- նշեց Մարտին Մարտիրոսյանը:

Տեղին է նշել, որ Իջևանի գինու-կոնյակի գործարանը պատասխանատու հարկատու է. ՊԵԿ-ի տվյալներով՝ 2024 թվականին պետբյուջե է վճարել ավելի քան 582 մլն դրամի հարկ:  

Նա ընդգծեց, որ պետությունը մշտապես փորձում է բարելավել գործարար միջավայրը, կատարել տնտեսական բարեփոխումներ և խրախուսել ներդրումները։ Մարտին Մարտիրոսյանը գտնում է, որ գործարար միջավայրի բարելավման, ստարտափերի, ինչպեսև խոշոր բիզնեսների զարգացման համար անհրաժեշտ է շարունակաբար բարձրացնել երկրի միջազգային ճանաչելիությունը, մասնավորապես՝ տարբեր միջոցառումների և միջազգային ցուցահանդեսների միջոցով:

Ըստ նրա՝ այդ առումով զարգացման համար հզոր խթան կարող է հանդիսանալ նաև Հայաստանի զբոսաշրջային գրավչության մեծացումը: Մեր երկիր այցելող զբոսաշրջիկները կծանոթանան տեղական արտադրանքին և պարարտ հող կստեղծեն արտահանման շուկաների զարգացման համար։ Այսպիսով, հայրենի արտադրողների համար ավելի հեշտ կլինի յուրացնել նոր շուկաները ու հաստատվել դրանցում: Դա չափազանց կարևոր է գլոբալ տնտեսական համակարգում Հայաստանի ներգրավման և նոր գործընկերների ու ներդրողների ներգրավման առումով:

«Միջազգային տարբեր ցուցահանդեսների մասնակցելիս՝ տեսնում ենք, որ Հայաստանը դեռևս չունի գինի արտադրող երկրի բավարար համարում: Կարծում ենք՝ Հայաստանը և հայկական արտադրանքը (գինի, կոնյակ, մրգօղիներ, պահածոներ, չրեր և այլն) դիրքավորելու նպատակով միջազգային խոշոր մարքեթինգային արշավների կազմակերպումը արտահանման նոր շուկաներ կբացի մեր արտադրողների համար: Տեղական արտադրանքն աշխարհին ներկայացնելու առումով անչափ կարևոր է Հայաստանի ակտիվ և պատշաճ մասնակցությունը միջազգային բոլոր ցուցահանդեսներին»,- գտնում է Մարտին Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով՝ ողջունելի կլինի նաև, եթե Հայաստանն արտահանումը խթանող համաձայնագրեր ունենա տարբեր երկրների հետ կամ ՀՀ կառավարությունը հատուկ արտոնություններ տրամադրի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ արտահանելու համար։

Անդրադառնալով 2025 թվականին և առաջիկա տարիներին Իջևանի գինու և կոնյակի գործարանի նախատեսած զարգացման ծրագրերին՝ տնօրենը նշեց.

«Հավատարիմ ենք մնում մեր զարգացման ռազմավարությանը, որը ներառում է մի շարք կարևոր ծրագրեր ու մտահղացումներ, որոնք միտված են ինչպես մեր արտադրական հզորությունների ընդլայնմանը, այնպես էլ նոր շուկաներում բիզնեսի զարգացմանը և տեղական տնտեսության բարելավմանը։

Ներկայում շարունակում ենք ակտիվորեն ընդլայնել մեր արտադրական կարողությունները՝ ներդրումներ կատարելով նոր տեխնոլոգիաների ներգրավման ու արտադրական գործընթացը համաշխարհային ստանդարտներին համապատասխան կազմակերպելու համար: Սա մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն բարելավել արտադրանքի որակը, այլև ընդլայնել արտադրության ծավալները։

Նաև հետևողականորեն մասնակցում ենք միջազգային ցուցահանդեսների և գործարար միջոցառումների, որոնք մեր բիզնեսի զարգացման ու միջազգային ճանաչելիության բարձրացման կարևոր բաղադրիչն են: Դա թույլ է տալիս ամրապնդել մեր դիրքերն արտասահմանյան շուկաներում, ընդլայնել արտահանման գոտիները և զարգացնել համագործակցությունը տարբեր երկրների հետ»:

Ընկերությունը մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել Տավուշի մարզում տուրիզմի զարգացմանը, այդ թվում՝ կազմակերպելով զբոսաշրջիկների այցելություններ իրենց գործարան, որտեղ նրանք հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական մշակույթին, ինչպես նաև գինեգործության և կոնյակագործության վաղեմի ավանդույթներին ու համտեսել առավել հայտնի ապրանքանիշերի խմիչքները։

Մարտին Մարտիրոսյանը նշում է՝ իրենց նպատակն է նպաստել մարզի տնտեսության զարգացմանը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և զարգացնելով գործարար նոր հնարավորություններ։ Իջևանի գինու-կոնյակի գործարանը, հանդիսանալով հայկական գինեգործության և կոնյակագործության պատմական կենտրոններից մեկը, ձգտում է լրացնել Հայաստանի զբոսաշրջային լանդշաֆտը և նպաստել տեղի համայնքների բարեկեցության բարձրացմանը։ Այս նպատակով պատրաստվում է շարունակաբար կատարելագործել զբոսաշրջային առաջարկները՝ ներառելով նոր ծրագրեր, մշակութային միջոցառումներ և զարգացնելով համագործակցությունն այլ ոլորտների հետ:

Հայերեն

Հակամարտող երկրները Մերձավոր Արևելքում փորձում են գտնել նոր ստատուս-քվո՝ հիմնված ուժային նոր բալանսի վրա․ միջազգայնագետ

«Սևանի շուրջ» և «Tour of Armenia»․ ճանապարհները կպատրաստվեն անխոչընդոտ հեծանվավազքի համար

«Ուրարտու»-ի Ստեփանավանի բազայում առաջիկայում կսկսվեն շինարարական աշխատանքները. ակումբի գլխավոր տնօրենը`թիմի, ակադեմիայի մասին

Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ռումինիայում

Բելգիայի արևելքում գտնվող բնական արգելոցում բռնկված հրդեհը տեղայնացվել է

«Նոա»-ի նոր գլխավոր մարզիչը Պաբլո Գարսիան է

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա վարակից մահացածների թիվը հասել է 2476-ի

Ֆրանսիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին արտաքին գերատեսչության ղեկավար վերանշանակվելու առթիվ

ԵՄ-ն կավելացնի Մարոկկոյին տրամադրվող ֆինանսավորումը՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար

ՈւԵՖԱ-ն քննարկում է ՖԻՖԱ-ի նախագահին անվստահություն հայտնելու հարցը