Գյումրիում բացվեց «Ֆաբ Լաբ» թվային լաբորատորիա

2 րոպեի ընթերցում

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում բացվեց «Ֆաբ Լաբ» թվային արտադրության լաբորատորիան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հայկական Բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ։

«Ֆաբ Լաբ»-ի առաքելությունն է  անցում ապահովել թվային և ֆիզիկական աշխարհների միջև՝ հնարավորություն տալով ստեղծել նախատիպեր, վերարտադրել և տարածել թվային արտադրության գիտությունը։ 

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, արվեստագետ Վահագն Ղուկասյանի խոսքով՝ այս լաբորատորիայի բացումը նշանակալի իրադարձություն է ոչ միայն ակադեմիայի, այլև ողջ քաղաքի համար: ««Ֆաբ Լաբ»-ի բացմամբ մենք ընդլայնում ենք մեր գործունեության շրջանակները՝ միավորելով տեխնոլոգիան, կրթությունն ու արվեստը, նպաստելով և խթանելով  Հայաստանի հյուսիսում տեքստիլ և թեթև արդյունաբերության զարգացումը: «Ֆաբ Լաբ»-ը նորարար հարթակ է՝ ուսուցման նոր, համընդհանուր ցանցով, որը ստեղծագործողներին հնարավորություն  է տալիս ամրապնդել գիտելիքներն ու ստեղծել ձեռնարկատիրական գաղափարների հնարավորություններ»,- նշում է Վահագն Ղուկասյանը:

Բացի ՀԲԸՄ-ի հետ գործընկերությունից, «Ֆաբ Լաբ Գյումրի»-ն համագործակցում է նաև «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի (ՌԶԳ) հետ՝ ընդլայնելով իր կրթական և արտադրական հնարավորությունները: ՌԶԳ ՀԿ-ն աջակցում է ձեռներեցության խթանմանը, հմտությունների զարգացմանը և թվային նորարարությանը, ինչը կօգնի տեղացի վարպետներին առավել արդյունավետ օգտագործել «Ֆաբ Լաբ»-ի ռեսուրսները՝ նպաստելով տնտեսական աճին և միջազգային մրցունակությանը:

Հայերեն Русский