Հայաստան

Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի. ՄԻՊ

3 րոպեի ընթերցում

Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը տեղեկատվություն ստանալու իրավունքի և կարծիքի արտահայտման ազատության պատշաճ իրացման տեսանկյունից բացառիկ կարևորություն է տալիս լրագրողների անխոչընդոտ մասնագիտական աշխատանքին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ Մանասյանը լրագրողների անխոչընդոտ աշխատանքը կարևորվում է ոչ թե պարզապես կոնկրետ անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այլ այն ունի մեծ հանրային կարևորություն։ 

«Զանգվածային լրատվության միջոցները պետք է բարենպաստ միջավայր ունենան իրենց գործունեությունն իրականացնելու համար։ Այդ առումով առանցքային է, որպեսզի պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք՝ որպես հանրային իշխանության կրողներ, ակտիվ քայլեր ձեռնարկեն նման միջավայրի ձևավորման նպատակով։ Ընդ որում՝ պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ լրագրողների հարցադրումները հաճախ կարող են լինել սուր՝ լինելով թույլատրելի, եթե չեն հակասում խոսքի ազատության իրավաչափության սահմաններին»,-ասվում է հաղորդագրության տեքստում։

Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ հաճախակի են պաշտոնատար անձանց կողմից վերը նշված չափանիշները նկատի չառնելու դեպքերը, ինչը բացասական ազդեցություն է ունենում լրագրողների գործունեության համար բարենպաստ միջավայրի և նրանց անխոչընդոտ մասնագիտական գործունեությունը երաշխավորելու տեսանկյունից։ Որպես ոլորտում առկա ընդհանուր խնդիր՝ Մանասյանը խնդրահարույց է համարում և այն հանգամանքը, որ ներպետական պատշաճ մեխանիզմների բացակայության պատճառով պաշտոնատար անձ-լրագրող յուրաքանչյուր միջադեպին հաջորդում են փոխադարձ մեղադրանքներն էթիկայի նորմերի պահպանման հարցի շուրջ։ 

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ պետության պարտավորությունն է մշակել և գործադրել ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ լրագրողների էթիկային առնչվող հարցերի քննարկման պատշաճ կառուցակարգեր, որպիսիք Հայաստանի Հանրապետությունում կամ բացակայում են, կամ պատշաճ չեն գործադրվում։ 

Պաշտպանը կրկին ընդգծում է՝ ինչպես պաշտոնատար անձանց կողմից լրագրողների հետ պատշաճ հաղորդակցությունը, այնպես էլ «պատասխանատու լրագրության» սկզբունքների պահպանումը (անկախության, լրագրողական էթիկայի, ներկայացվող տեղեկատվության ճշգրտության, չեզոքության, հաշվետվողականության և այլ վերաբերելի սկզբունքների պահպանման տեսանկյունից) բացառիկ կարևորություն ունեն քաղաքացիների տեղեկատվություն ստանալու և կարծիքի արտահայտման ազատության տեսանկյունից։ 

«Ոլորտում խնդիրները բազմաթիվ են և իրավասու դերակատարները պետք է լրջագույն ջանքեր գործադրեն դրանք հաղթահարելու ուղղությամբ»,-ասվում է տեքստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում