Ռուբեն Ռուբինյանը ՌԴ ԱԳ փոխնախարարին տեղեկացրել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր լեզու գտնելու գործընթացին, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր գործոն է Հարավային Կովկասի կայունության և կայուն զարգացման համար։
ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նաև ասված է, որ Ռուբեն Ռուբինյանը Միխայիլ Գալուզինին տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումների մասին։
«Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխգործակցության մի շարք հարցեր, այդ թվում՝ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերի միջև մտքերի փոխանակումն անցել է կառուցողական մթնոլորտում։