Մշակույթ

«Հայ երաժիշտները՝ հայ համայնքներին» նախագիծը 2025-ին իրականացվել է Հայաստանի երեք մարզում

4 րոպեի ընթերցում

«Հայ երաժիշտները՝ հայ համայնքներին» նախագիծը 2025-ին իրականացվել է Հայաստանի երեք մարզում

«Հայ երաժիշտները՝ հայ համայնքներին» նախագծի 2025-ի առաջին համերգաշարը, որը տևել է ապրիլի 7-18-ը, կայացել է Սյունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգները կազմակերպվել են Նոյեմբերյանում, Իջևանում, Կողբում, Մեղրիում, Գորիսում, Կապանում, Ագարակում, Դավիթ Բեկում, Դիլիջանում, Հրազդանում և այլուր։

Նախագիծը կյանքի է կոչել Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամը, որը գործում է 2022 թվականից։ Հիմնադրամի գործունեությունը հիմնականում ուղղված է հայ մշակույթի և արտիստների միջազգային ինտեգրմանը, հայ երիտասարդ երաժիշտների բացահայտմանն ու աջակցմանը, կրթական ծրագրերի միջոցով կատարողական արվեստի և երաժշտական մենեջմենթի զարգացմանը: Երկու տարվա ընթացքում Հայաստան ժամանած միջազգային կարգի նշանավոր երաժիշտներն անցկացրել են դաշնամուրի, ջութակի, կիթառի, կամերային անսամբլի անվճար վարպետության դասեր, համերգներ, դասախոսություններ ու կլոր սեղանի շուրջ քննարկումներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Միջոցառումներին մասնակցել է ավելի քան 5000 մասնակից։

Մարզերում ծավալած գործունեության ընթացքում հիմնադրամը փաստել է՝ կան մարզեր, որտեղ մշակութային կյանքն ակտիվացնելու անհրաժեշտություն է նկատվում, հատկապես սահմանամերձ գոտիներում, մարզերում կան հսկայական ստեղծագործական ներուժ և տաղանդավոր երեխաներ, որոնք «կտրված են» աշխարհից, իսկ մայրաքաղաքում  կան երիտասարդ, տաղանդավոր հայ երաժիշտներ, որոնք համերգների և պրակտիկ գործունեության կարիք ունեն: 

Primavera Foundation of Armenia-ն հենց նման խնդիրները որոշ չափով լուծելու նպատակով է նախաձեռնել «Հայ երաժիշտները՝ հայ համայնքներին» նախագիծը, որի շրջանակում մայրաքաղաքի երիտասարդ երաժիշտները համերգային գործունեություն են ծավալում մարզերում, երբեմն վարպետության դասեր տալիս։ Թե՛ համերգները, թե՛ վարպետության դասերն անվճար են տեղացիների համար:

Այս տարի տաղանդավոր դաշնակահար, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի շրջանավարտ Ռուբեն Կոզինը, որը հայկական արմատներ ունի, հանդես է եկել համերգներով՝ ապրիլի 7-ին՝ Հրազդանի երաժշտական դպրոց, ապրիլի 14-ին՝ Աշտարակի երաժշտական դպրոց, ապրիլի 18-ին՝ Չարենցավանի երաժշտական դպրոց: Ռուբեն Կոզինն անցած տարի մեծ հաջողությամբ համերգներ է ունեցել Սյունիքում՝ Կապան և Դավիթ Բեկ գյուղ, ինչպես նաև Տավուշում՝ Դիլիջան, Իջևան և Նոյեմբերյան։ 

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, կիթառահար Վահան Սարգսյանը համերգներ է ունեցել Սյունիքում՝ ապրիլի 12-ին՝ Կապանի Ծավ գյուղի վարչական շենք, ապրիլի 13-ին՝ Եղվարդ գյուղի մշակույթի տուն, ապրիլի 14-ին՝ Կապանի թիվ 2 երաժշտական դպրոց: 

Արտիստները տպավորված են մարզերի ունկնդրի ուշադրությամբ և ակտիվությամբ, նրանց սրտաբաց և հյուրընկալ վերաբերմունքով, երաժշտական դպրոցների տաղանդավոր և վառվռուն աչքերով աշակերտներով, ինչպես նաև մարզերի ուսուցիչների նվիրված աշխատանքով, երկրի գեղատեսիլ բնությամբ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում