Ծանրորդ Գոռ Սահակյանը դարձել է ԵԱ-ի արծաթե մեդալակիր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն 73 կգ քաշային Գոռ Սահակյանը 2025 թվականի Եվրոպայի առաջնությունում դարձավ արծաթե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Գոռ Սահակյանը պոկում վարժությանում երկու հաջող մոտեցում ունեցավ և բարձրացրեց հաջորդաբար 150 կգ և 153 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդը դարձավ բրոնզե մեդալակիր:
Հրում վարժությունում հայ ծանրորդը երկու հաջող մոտեցմամբ գլխավերևում պահեց 185 կգ: Այս վարժությունում Սահակյանը կրկին երրորդն էր:
Երկամարտի 338 կգ արդյունքով Գոռ Սահակյանը նվաճեց ԵԱ-ի արծաթե մեդալը:
Մինչ այս Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել էր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ տղամարդկանց թիմի անդամ Գառնիկ Չոլակյանը նվաճել էր բրոնզե մեդալ: