Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հետ
2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ մի շարք նախագծեր է իրականացնում, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, նախանշվող ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի և ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հանդիպման ժամանակ:
Երկու կառույցներն իրականացվող նախագծերի շրջանակում քայլեր են ձեռնարկում Էներգետիկ կառավարման համակարգի ներդրման, բազմաբնակարան շենքերում ջերմամեկուսացման, ֆոտովոլտային համակարգերի տեղադրման ու հասարակական շենքերի էներգաարդյունավետ վերակառուցման ոլորտներում:
Նշվում է, որ, կարևորելով էներգաարդյունավետությանը միտված համատեղ նախագծերը, Արմեն Փամբուխչյանը նշել է, որ դրանք ոչ միայն ապահովում են հարմարավետ միջավայր, այլև համայնքին հնարավորություն են տալիս զգալի տնտեսումներ անել:
Շնորհակալություն հայտնելով հաջողված գործակցության համար՝ Կոնստանտին Սոկուլսկին իր հերթին նշել է, որ ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունները լավ հիմք են նոր ծրագրեր նախաձեռնելու համար:
Ըստ աղբյուրի՝ կողմերը մտքեր են փոխանակել նաև հետագա ծրագրերի վերաբերյալ և նախանշել քայլերի հաջորդականությունը: