Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիկներն ամփոփել են ԵԱ-ի արդյունքները
2 րոպեի ընթերցում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները, Եվրոպայի առաջնության մեդալակիրները դժգոհ չեն Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքներից: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում ըմբիշներն ասացին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արսեն Հարությունյանը գոհ է իր ելույթներից: «Եվրոպայի առաջնությանը ես մասնակցել եմ լավ մարզավիճակով: Մի քիչ չբավարարեց Եվրոպայի առաջնությունում իմ 5-րդ ոսկին նվաճելու համար: Սակայն ամեն հաղթանակի հետևում պարտություն է թաքնված, իսկ ամեն պարտությանը հաջորդում է մեծ աշխատանք: Մենք շատ աշխատանք ունենք կատարելու: Այս պարտությունից հետո հասկացել եմ, թե որն է եղել իմ սխալը: Լավ աշխատանք պետք է կատարենք` աշխարհի առաջնությանը լավ ներկայանալու համար»,-ասաց նա:
Ազգային ընտրանու անդամ Արման Անդրեասյանը ևս մրցաշարի արդյունքներից գոհ է: «Մենք մարզական առումով լավ պատրաստաված ենք եղել Եվրոպայի առաջնությանը: Սակայն կային թերություններ, որոնց պատճառով հաղթանակի չհասանք: Ամեն ինչ անելու ենք՝ հաջորդ անգամ առավել լավ արդյունքի հասնելու համար»,-առանձնացրեց նա:
ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանն ուրախ է նվաճած մեդալով, սակայն այն բավարար չի համարում: «Բրոնզե մեդալի համար չէի գնացել Եվրոպայի այս առաջնությանը: Չհաջողվեց ոսկե մեդալ նվաճել, սակայն վստահ եմ, որ առաջիկայում հնարավորություններ կլինեն ապացուցելու, որ կարող եմ ավելին անել: Եվրոպայի առաջնությունն արդեն մի քանի տարի է, ինչ նույն մակարդակի վրա է: Սակայն առաջնության ընթացքը որոշ չափով փոխում է ռուս մարզիկների մասնակցությունը»,-ընդգծեց նա: