Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երկրորդ հաղթանակն է տոնել երևանյան ԱԱ-ում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել և հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա բուլիտներում, որտեղ Հայաստանի ընտրանին հաղթանակ է տարել 2։0 հաշվով։ Հայաստանի թիմի կազմում իրենց հարվածներն անվրեպ են իրացրել Մաքսիմ Կուզնեցովը և Վալենտին Կովալենկոն։ Հանդիպման լավագույն խաղացողներից մեկը Հայաստանի հավաքականի դարպասապահ Արտյոմ Պուտուլյանն էր, որը երկու հարված հետ է մղել և շատ վստահ է գործել ամբողջ խաղի ընթացքում։
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի աշխարհի առաջնության մրցաշարային աղյուսակը։
Առաջին տուրում Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 24:3 հաշվով ջախջախել էր Մալայզիային՝ տանելով իր պատմության ամենախոշոր հաղթանակը: