7 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում 1966 թվականին հիմնված հանքային ջրերի շշալցման գործարանը շուրջ 60 տարի անց կարող է դառնալ հայ-չինական տնտեսական կապերի ուշագրավ հանգույցներից մեկը։ Շուրջ 33 տարի անգործության մատնված և ամբողջովին քայքայված գործարանը նախորդ տարվա հունվարին ձեռք է բերել չինական «Պեյծին Ֆանուոյա Ինվեսթմենթ» ՍՊ ընկերությունը, որը մտադիր է արդեն 2026 թվականի սկզբին թողարկել փորձնական արտադրանք։ Հետագայում՝ նախատեսված արտադրական հզորություններին հասնելուց հետո, ձեռնարկությունը հայկական «Լիճք»-ի ողջ խմբաքանակն արտահանելու է Չինաստան։
«Լիճք» հանքային ջրերի գործարան» ՍՊԸ տնօրեն Լյո Ծիքունը «Արմենպրես»-ի լրագրողին հայտնեց, որ կառուցվելիք հիմնովին նոր ձեռնարկությունը լինելու է «Պեյծին Ֆանուոյա Ինվեսթմենթ» ընկերության լիարժեք սեփականությունը։ Համապատասխանաբար, հենց այդ ընկերությունն էլ ողջ ծավալով իրականացնելու է գործարանի վերականգնման ծրագիրը։
Նշվեց, որ աշխատանքներն առայժմ նախապատրաստական փուլում են։ Նախագիծն արդեն ստացել է նախնական նախագծման թույլատվության հաստատումը։ Չինական և հայկական նախագծային ինստիտուտները ներկայումս համատեղում են գործարանի մանրամասն նախագծման աշխատանքները։ Ընկերությունը նաև դիմել է շրջակա միջավայրի վրա գործարանի աշխատանքի ազդեցության գնահատման (ՇՄԱԳ փորձաքննության) հաշվետվություն ստանալու համար։
«Նախնական հաշվարկներով՝ այս տարի պետք է ստանանք շինարարության վերջնական թույլտվություն և ամբողջությամբ անցնենք ՇՄԱԳ փորձաքննությունը։ Այնուհետև, նախատեսում ենք երեք ամսում կառուցել գործարանը և նոյեմբերին ավարտել սարքերի, հոսքագծերի և այլնի կարգավորման ամբողջ գործընթացը։ Շինարարության համար անհրաժեշտ նյութերը, սարքավորումները և մնացած ամեն ինչ ներկրում ենք Չինաստանից։ Այս պահին տարածքում շինարարական որևէ աշխատանք չի կատարվում»,- տեղեկացրեց Լյո Ծիքունը։
Թեպետ գործարանն առայժմ գոյություն ունի միայն թղթի վրա, սակայն, ինչպես հավաստիացրեց մեր զրուցակիցը, արդեն 2026 թվականի սկզբին նախատեսվում է թողարկել փորձնական արտադրանք։
Լյո Ծիքունի ներկայացմամբ՝ կառուցվելու է ավելի քան 7300 քառակուսի մետր մակերեսով ժամանակակից արտադրական տարածք։ Գործարանն ունենալու է 50-60 աշխատակից։
«Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 8 մլն ամերիկյան դոլար է, որն ամբողջությամբ ներդնելու է մեր ընկերությունը։ Առաջին փուլում նախատեսում ենք գործարկել մեկ հոսքագիծ, որն ապահովելու է ժամում 12 հազար շիշ հանքային ջրի արտադրություն։ Տարվա ընթացքում նախատեսվում է արտադրել մոտավորապես 300 հազար տոննա գազավորված հանքային ջուր»,- նշեց տնօրենը։
Նրա խոսքով՝ առայժմ որոշված է արտադրանքն ամբողջությամբ արտահանել չինական շուկա։ Հնարավոր է՝ դիտարկվի նաև Ավստրալիա արտահանելու հնարավորությունը։ Իսկ հայաստանցի սպառողին «Լիճքն» առայժմ հասանելի չի լինի։ Գործարանի տնօրենը տեղեկացրեց, որ մտադիր չեն իրենց արտադրանքը վաճառել Հայաստանում, որպեսզի չմիջամտեն արդեն ձևավորված ներքին շուկայի գործունեությանը։
Այնուհանդերձ, հետաքրքրվեցինք, թե որակի ի՞նչ չափանիշներ են սահմանված «Լիճք» գործարանի արտադրանքի համար։
«Առաջին հերթին այն պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետությունում հանքային ջրերի արտադրության համար սահմանված պահանջներին։ Նաև նախատեսում ենք համապատասխանեցնել եվրոպական և, իհարկե, Չինաստանի չափանիշներին։ Մեր երկրում հանքային ջրի արտադրության համար սահմանված են ավելի խիստ պահանջներ, սակայն դրանք շատ չեն տարբերվում հայկականից։ Տարբերությունը հիմնականում արտահայտվում է որոշ քիմիական տարրերի պարունակության աստիճանով»,- ներկայացրեց Լյո Ծիքունը։
Հարցին, թե ինչո՞ւ է չինական ընկերությունը որոշել հենց Հայաստանում հիմնել հանքային ջրի գործարան ու ընտրել հատկապես «Լիճք»-ը, մեր զրուցակիցը նախ արձագանքեց պատմական անդրադարձով․
«Նախ, շատ կարևոր է այն հանգամանքը, որ Չինաստանը և Հայաստանը բազմադարյա բարեկամներ են։ Չինաստանը ՀՀ անկախությունը ճանաչած առաջին երկրներից է։ Հայաստանն ունի շատ մեծ պատմական ժառանգություն, դարեր շարունակ եղել է Մետաքսի ճանապարհի կարևորագույն հանգույցներից։ Դա նպաստել է մեր երկրների և ժողովուրդների միջև առևտրական սերտ կապերի և պարզապես մարդկային հարաբերությունների ձևավորմանը։ Հայաստանի և Չինաստանի բարեկամությունը պատմամշակութային հարուստ կապերից բացի ամրապնդվում է նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում՝ նոր թափ հաղորդելով երկկողմ հարաբերություններին»։
Անցնելով բուն հարցին՝ նա նշեց, որ ամբողջովին մասնավոր ֆինանսավորում ունեցող «Պեյծին Ֆանուոյա Ինվեսթմենթ» ՍՊ ընկերությունը Հայաստանում ներկայացված է 2017 թվականից, իսկ «Լիճք»-ի գործարանի ձեռքբերման գործարքը իրականացվել է 2024 թվականի հունվարին։ Ընկերության ներկայացուցիչները մինչ այդ ուսումնասիրել են գրեթե 60-ամյա գործարանի պատմությունը։ Տեղեկացել են, որ խորհրդային տարիներին շուրջ 41․3 հազար քառակուսի մետր տարածք զբաղեցրած գործարանն ունեցել էր մոտ 150 աշխատակից՝ ամսական արտադրելով մինչև 2․2 միլիոն շիշ հանքային ջուր։
Գործարքի կայացման համար որոշիչ է եղել հատկապես այն հանգամանքը, որ Լիճք բնակավայրի տարածքում (ոչ միայն գործարանի) ջրի բոլոր աղբյուրներն անչափ հարուստ են հանքային նյութերով և ածխաթթու գազով։ Հանքայնացման բարձր աստիճան ունեցող այս ջուրն ավանդաբար օգտագործվել է նաև բուժական նպատակներով և ժամանակին պահանջված է եղել Խորհրդային Միությունում։
«Հենց այսպիսի բացառիկ ջրային ռեսուրսների առկայությունն էլ դարձավ ներդրում կատարելու և գործարան կառուցելու հիմնական շարժառիթը»,- եզրափակեց Լյո Ծիքունը: