Բաքվում պահվող հայ գերիները գտնվում են կյանքի իրական սպառնալիքների ներքո․ Սիրանուշ Սահակյան
9 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիները ենթարկվում են խոշտանգումների և նրանց նկատմամբ իրականացվում է շինծու, մտացածին մեղադրանքներով դատավարություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիրանուշ Սահակյանն ապրիլի 10-ին կայացած հանդիպում-քննարկման ընթացքում հանգամանորեն անդրադարձավ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների խնդրին։
Նրա խոսքով՝ մեր հասարակությունը գերիների խնդրին նախևառաջ մոտենում է այն դիտանկյունից, որ դա ինքնին ազատ արձակման հարց է, որն առաջնահերթ է, սակայն մինչ մեր հայրենակիցների ազատ արձակումը, հայկական կողմը պետք է կարողանա ստիպել Ադրբեջանին, որ վերջինս ապահովի մարդկային պայմաններ և հարգի մարդու իրավունքները՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որը չի կարող հանգեցնել մարդկային զոհերի։
«Մինչդեռ Բաքվում գերի պահվող մեր հայրենակիցները մշտապես գտնվել և այսօր էլ գտնվում են կյանքի իրական սպառնալիքների ներքո։ Մենք ունենք արձանագրված դեպքեր, երբ մարդիկ սպանվել են հենց գերեվարման ընթացքում։ Գերիների հիմնախնդիրը կապված է նաև բռնի անհետացման հետ. ութ տասնյակ հայեր ենթարկվել են բռնի անհետացման։ Կան մարդկային ճակատագրեր, որոնք տակավին գտնվում են անհայտության մեջ, ինչը նույնպես դիտարկվում է Ադրբեջանի կողմից ցուցաբերվող հայատյացության համատեքստում»,- ասաց Սահակյանը։
Իրավապաշտպանի տեղեկացմամբ՝ դատավարությունների ողջ ժամանակահատվածում խոշտանգումների կանխարգելման որևէ արտաքին անկախ մարմին հնարավորություն չի ունեցել մտնել բանտեր ու տեսակցել հայերին, որպեսզի օբյեկտիվորեն ուսումնասիրի նրանց պահման պայմանները, ֆիզիկական կամ հոգեբանական վիճակը։
«Միակ կառույցը, որի գործունեությունն այս պահին արդեն հայտնվել է սպառնալիքների ներքո, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն է, որը վեց շաբաթը մեկ անգամ այցելում է հայ գերիներին, թեև նշված ժամկետն ադրբեջանական իշխանությունների կողմից պարբերաբար ենթարկվում է կամայական փոփոխման և ուշացումների։ Ադրբեջանն օգտագործում է ցանկացած պատրվակ, որպեսզի հետաձգի նախապես պլանավորված այցերը։ Թեև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արձանագրությունները հրապարակայնացման ենթակա չեն և դրանց միայն հատվածական տեղեկատվությունն է հասանելի գերիների ընտանիքիների անդամներին, բայցևայնպես, միջազգային կառույցի ներկայացուցիչները հույս ունեն, որ իրենց արձանագրած խնդիրները կստանան համապատասխան լուծում։ Մինչդեռ, այն, ինչ առնչվում է պահվող անձանց ֆիզիկական-հոգեբանական վիճակին, բռնության ենթարկվելուն կամ հայերի արժանապատվությունը վիրավորող, ստորացնող գործելակերպը բացառելուն, ապա այս մասով որևէ տեղաշարժ չի դիտարկվում»,- նշեց իրավապաշտպանը։
Ավելին՝ որոշ զարգացումների ֆոնին կարելի է տեսել ճնշումների խստացում։ Հայերը շարունակում են մնալ անմարդկային պայմաններում ու ենթարկվում են այնպիսի վերաբերմունքի, ինչը որակվում է որպես խոշտանգում՝ հաշվի առնելով այդ վերաբերմունքի ինտենսիվությունն ու պատճառած ցավի աստիճանը։
Սահակյանը հավելեց, որ խոշտանգումների կանխարգելման թույլատրելի մեխանիզմ է համարվում նաև անկախ փաստաբանների ու բժիշկների ներգրավվածությունը, սակայն նրանք նույնպես երբևէ հնարավորություն չեն ունեցել տեսակցել որևէ հայի։ Այդ հնարավորությունից բացառապես օգտվել են միայն ադրբեջանցի փաստաբանները, որոնք արտոնագրված են միայն Ադրբեջանում, իբր պաշտպանում են հայերի շահերը, բայց իրականում գտնվում են տեղի իշխանություններից կախվածության մեջ։
«Մենք անձամբ դիմել ենք՝ ներկայացնելով մեր լիազորությունները և դրանց ճանաչումը Եվրոպական դատարանի կողմից, խնդրել ենք մեր հայրենակիցներին տեսակցելու հնարավորություն տալ, բայց նման բան չի ապահովվել։ Նման փորձեր արվել են նաև օտարերկրյա փաստաբանների ներգրավմամբ, սակայն Ադրբեջանում գործում է միջազգային փաստաբանների մուտքն արգելափակելու պրակտիկա, ինչը վկայում է անաչառության լիակատար բացակայության մասին։ Ադրբեջանական կողմը վախենում է, որ այդ այցերի ընթացքում ի հայտ կգան խոշտանգման դեպքերն ու կգեներացվեն նոր ապացույցներ, ինչը որևէ կերպ չի բխում Ադրբեջանի շահերից»,- ասաց Սահակյանը։
Նա հիշեցրեց, որ հայ գերիները զրկված են եղել նաև հյուպատոսական ծառայություններ ստանալու հնարավորությունից։ Եթե ՀՀ-ն գտնի մեխանիզմ, և Ադրբեջանի իշխանությունները չտրամադրեն այդ երաշխիքը, ապա մենք այստեղ կունենանք նաև արդար դատաքննության իրավունքի մեկ այլ խախտում։ Թեև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը զրկել է ՀՀ-ին իրականացնել հյուպատոսական այցելություններ, սակայն նման իրավիճակում, ինչպես ցույց է տվել միջազգային պրակտիկան, նման գործառույթներ կարող են իրականացվել միջնորդ երրորդ երկրի միջոցով, երբ տվյալ իրավունքը պատվիրակվում է տվյալ երկրում հավատարմագրված մեկ այլ հյուպատոսական ծառայությանը։ Դրան կարելի է հասնել դիվանագիտական քայլերի միջոցով, առավել ևս, որ հարցը նոր արդիականություն ձեռք բերեց Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը դադարեցնելու քննարկումների ֆոնին։
«Մի խումբ ՀԿ-ներ պաշտոնապես դիմել են ՀՀ ԱԳՆ-ին և Շվեյցարիայի կառավարությանը, որպեսզի այդ երկրի իշխանություններին պատվիրակեն հյուպատոսական իրավունքը և վերջինս ստանձնի չեզոք երկրի դերն ու ապահովի այցելությունները հայ գերիներին։ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ այդ հարցը քննարկման փուլում է, սակայն, հաշվի առնելով խորհրդապահական բնույթը, այլ մանրամասներ չեն կարող հայտնել։ Մնում է սպասել և տեսնել, թե երբ կհասունանա վերջնական որոշումը»,- նշեց Սահակյանը։
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ մյուս կարևոր մեխանիզմը, որը տեսականորեն գոյություն ունի և շատ պիտանի կարող է լինել հայ պատանդների պայմանները գնահատելու և իրավունքների խախտումներն արձանագրելու մասով, ԵԱՀԿ հովանու ներքո գործող մոսկովյան մեխանիզմն է, որը հնարավորություն է տալիս մարդու իրավունքների խախտումների իրավիճակի առնչությամբ կազմակերպել կարճաժամկետ փաստահավաք առաքելություն՝ ԵԱՀԿ շրջանակում ստեղծելով փորձագիտական խումբ, որի անդամները կոչվում են զեկուցողներ և հավաքագրում են համապատասխան տվյալներ։ Նրանց զեկույցները ենթակա են քննարկման հենց ԵԱՀԿ շրջանակում։
«Որպես կանոն՝ դրա համար պահանջվում է կառույցի անդամ տասը երկրների համաձայնությունը։ Նրանց աջակցության պարագայում տվյալ մեխանիզմն ինքնաբերաբար կներդրվի։ Ներկայում կա նախաձեռնություն, որի նպատակը հենց վերոհիշյալ մեխանիզմի գործարկումն է, որին պետք է ամեն կերպ աջակցել, որովհետև գերիների ազատ արձակման հարցը պահանջում է նաև դիվանագիտական ակտիվ ու անմիջական աշխատանք։ Հակամարտության ավարտից հետո միջազգային կոնվենցիաներով նախատեսված է գերիների հայրենադարձություն, հետևաբար Ադրբեջանը գտնվում է իրավական պարտավորությունների ներքո՝ առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ գերիներին։ Դիվանագիտական ու իրավական ջանքերի համադրմամբ պետք է ձգտենք ամեն կերպ հասնել մեր նպատակին, որովհետև խաղաղությունն ու գերիների վերադարձն ուղղակիորեն փոխկապակցված են»,- ասաց բանախոսը։
Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։ Նրանց մի մասի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ Բաքվում կեղծ քրեական գործեր են հարուցվել և անցկացվում են շինծու դատավարություններ։