Իրավունք

Զինծառայողների՝ իբր խոնարհվելու վերաբերյալ դատողություններն ու պնդումներն առնվազն կեղծիք են. ՊՆ-ն տեսանյութ է տարածել

3 րոպեի ընթերցում

Սոցիալական ցանցերում տարածվող պնդումներն ու դատողությունները, թե իբր զինծառայողները խոնարհվել են Գլխավոր դատախազի առջև, առնվազն կեղծիք են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ կից ներկայացնելով տեսանյութ և կոչ անելով ՀՀ բանակի ապագա սպաների շուրջ անհեթեթություններ չհյուսել:

«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր երեկ և այսօր մանիպուլյատիվ մեկնաբանություններ են անում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ապրիլի 8-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում անցկացրած վարպետաց դասի վերաբերյալ հրապարակված տեսանյութի շուրջ։ 

Այդօրինակ գրառումները շարունակվում են նաև դատախազության պարզաբանումից հետո:

ՀՀ գլխավոր դատախազի և ակադեմիայի պետի՝ դահլիճ մուտքից անմիջապես հետո ակադեմիայի պետը կանգնած զինանձնակազմին տվել է «Ազա՛տ, նստե՛լ» հրահանգը: 

Նշված հրահանգից հետո, երբ զինանձնակազմը նստելիս է եղել, գլխավոր դատախազը ողջունել է կուրսանտներին, վերջիններս ուղղվել են, ողջունել հանրապետության գլխավոր դատախազին և հետո զբաղեցրել իրենց տեղերը:

Զինծառայողների՝ իբր խոնարհվելու վերաբերյալ դատողություններն ու պնդումներն առնվազն կեղծիք են:

Կից ներկայացնում ենք վերոշարադրյալը փաստող տեսանյութը (որի սկզբնական հատվածը մինչ այս չի հրապարակվել) և կոչ անում կուրսանտների՝ ՀՀ բանակի ապագա սպաների շուրջ անհեթեթություններ չհյուսել»,- նշված է ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ; 

Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը՝ խնդրելով չտրվել մանիպուլյացիաներին և զերծ մնալ դիտավորյալ խեղաթյուրված տեղեկատվության տարածումից։

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նախօրեին այցելել էր Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա՝ Ցամաքային զորքերի ինստիտուտ, կուրսանտների հետ երկխոսելու «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը ՀՀ զինված ուժերում» թեմայով։

Այցի ընթացքում արված տեսանյութից մի հատված, որտեղ ակնհայտորեն երևում է, թե ինչպես են կուրսանտներն ուղղում նստարանը՝ նստելուն նախապատրաստվելու համար, ապա ողջունում են և կրկին նստարանն իջեցնելով նստում, մանիպուլացվել է՝ ներկայացվելով իբրև զինվորները խոնարհվում են ողջունելիս։

Հստակ պետք է արձանագրել՝ իրականությունն այլ է, ինչն ակնհայտ պարզ է դառնում տեսանյութն ամբողջությամբ դիտելուց»,- նշված էր Դատախազության մամուլի խոսնակի տարածած հայտարարության մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում