Տարբեր ենք, բայց բեմում մեկ մարդ ենք դառնում. «Նեմրա»-ն երկրպագուներին կներկայանա մեծ մենահամերգով և նոր ալբոմով

6 րոպեի ընթերցում

Լուսանկարը` «Նեմրա»-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից

«Նեմրա» (NEMRA) ռոք խմբի անդամները համատեղ ստեղծագործական գործունեություն են ծավալում ավելի քան տասը տարի։ Այս ընթացքում նվաճել են ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի հանդիսատեսի սրտերը։ Օրերս վերադառնալով Կանադայից՝ ձեռնամուխ են եղել The end of The Party ալբոմի ձայնագրման աշխատանքներին և պատրաստվում են մեծ մենահամերգի, որը տեղի կունենա հունիսի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի վոկալիստ և կիթառահար Վան Եղիազարյանը նշում է՝ հիմա ավելի քան երբևէ հաշտ ու ներդաշնակ են։ «Մեր համերգների ժամանակ ևս դա նկատվում է։ Բնավորությամբ, կերպարներով շատ տարբեր ենք, բայց բեմում ասես մեկ մարդ ենք դառնում։ Երաժշտություն ստեղծելիս տարբեր գույներ միաձուլվում են, և հետաքրքիր կտավ է ստացվում»,-ասում է Վանն ու անդրադառնում նոր ալբոմին։

«Նեմրա»-ի նախորդ՝ Mubla, Hmm ալբոմների հիմքում անհատական ստեղծագործություններ են, երբ հեղինակը լիարժեք պատկերացրել է, թե ինչպես են հնչելու բոլոր գործիքները, իսկ այս պարագայում երգերի մեծ մասը գրել է Վանը, սակայն, ինչպես ինքն է ասում, խմբի բոլոր անդամները շատ լավ են աշխատել ու նրանցից յուրաքանչյուրն իր մեկնաբանություններն է փոխանցել երգերին, ինչի արդյունքում  հետաքրքիր, լավ էներգետիկայով ստեղծագործություններ են ստացվել։ 

Անգլալեզու ալբոմում տեղ են գտել նաև Վասպուր Եղիազարյանի հեղինակած երգերից երկուսը։ «Ստեղծագործելիս Վասպուրը պատկերացնում է, որ երգերի կատարողը ես եմ, ինչի արդյունքում երգերն ինձ հեշտ են տրվում, ամբողջությամբ իմն են»,-նշում է Վանը։ Դիմել են փորձարարությունների, ստացել են նոր մեղեդիներ ու թարմ հնչողություն։ Կարծում են՝  նոր մոտեցումները կարող են առաջիկա երգերի համար հիմք դառնալ։

Նոր ալբոմում ևս կլինի 11 երգ, ինչպես նախորդ ձայնասկավառակների դեպքում է։ Խումբը սիրում է 11 թիվը, որը Վան Եղիազարյանին «հետևել» է փոքրուց։ Միշտ նշաններ է ստացել 11 թվով, ուստի այն նաև խմբի անդամների համար խորհրդանշական թիվ է. թե՛ մենահամերգների ամսաթվերը,  թե՛ սկավառակներում ընդգրկված երգերը 11 թվի հետ եմ համադրում։ Hmm ալբոմն էլ սկսվում է Room 11  երգով։ Սենյակը խորհրդանշում է խմբի ներաշխարհը, երաժիշտների ստեղծագործական միջավայրն ու գաղափարների ծնունդը։

Խումբը հիմնականում նվագում է բացօթյա համերգներին և փակ հարթակներում հանդես գալն ինքնանպատակ չի համարում։ Մարզահամերգային համալիրում նվագել են Starmus փառատոնին։ Մենահամերգով հանդես գալը նորություն է։ Կարծում են՝ նաև ձայնային և լուսային առումով համերգն առանձնահատուկ կլինի։ Համերգի առաջին մասում կկատարեն նոր ալբոմի երգերը, երկրորդ մասում՝ սիրված հիթերը։

Վերադառնալով հյուրախաղերին՝ Վանը հիշեցնում է՝ մինչ Կանադայում համերգները խումբը եղել է ԱՄՆ-ում և համերգով հանդես է եկել Գլենդելի «Ալեքս» հեղինակավոր թատրոնում։ Դահլիճը լեփ-լեցուն է եղել։ Երաժիշտը խոստովանում է՝ զգացողություններն աննկարագրելի են։ Հենց այդ դահլիճում է նկարահանվել «Նեմրա»-ի և Սերժ Թանկյանի I’m Afraid of Stars երգի տեսահոլովակը, որը շատերին է տպավորել։

Ելույթ են ունեցել նաև ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում։ «Այնտեղ հաճախ հայկական միջոցառումներ են անցկացվում, և մեր համերգը մեկ հարկի տակ համախմբվելու հրաշալի առիթ էր։ Մեզ շատ լավ զգացինք»,-նշում է Վանը։ ԱՄՆ-ից հետո խումբը վերադարձել է Հայաստան, որտեղ ևս մի քանի համերգ է ունեցել ու մեկնել է Կանադա և համերգներով ներկայացել Մոնրեալում, Տորոնտոյում։ 

Այս անգամ «Նեմրա»-ն ելույթներ է ունեցել ոչ թե հայկական դահլիճներում և հայկական միջավայրերում, այլ ռոք համերգների համար նախատեսված դահլիճներում։ Վանն ակնկալել է, որ համերգները լավ կանցնեն, սակայն չի պատկերացրել, որ այդքան մեծ հետաքրքրություն կառաջացնեն։ «Նեմրա»-ն մտադիր է եղել այցելել տեղի հայկական դպրոցներ, զրուցել աշակերտների հետ, բայց, երբ հայտնվել են դպրոցների տեխնիկապես հագեցած դահլիճներում, չեն դիմացել գայթակղությանն ու համերգ են տվել։ «Շատ տպավորված եմ աշակերտներով։ Զգացինք, որ նրանց մեջ պահպանվել է հայրենասիրությունը։ Նրանք շատ ջերմ էին, հյուրընկալ էին»,-պատմում է Վանը։

Խոսելով  տարբեր արտիստների հետ հնարավոր համագործակցության մասին՝ Վանն ընդգծում է՝ իրականում զուգերգերի սիրահար չէ, նախընտրում է պարփակվել իր ներքին աշխարհում և ստեղծագործել։ Ասում է՝ հազվադեպ է պատահում, որ որևէ երգ ծնվի, որը հնարավոր լինի զուգերգով կատարել։ Սերժ Թանկյանից բացի «Նեմրա»-ն ավելի վաղ համագործակցել է Անդրե Սիմոնյանի հետ։ Միասին կատարել են Leave Me Alone երգը, որը սիրել են թե՛խմբի, թե՛ Անդրե Սիմոնյանի երկրպագուները։ «Նեմրա»-ն երբեք մարքեթինգային նպատակով չի դիմում համագործակցությունների, քանի որ չի ցանկանում, որ կորի ստեղծագործական յուրահատուկ և իրական մթնոլորտը։

«Նեմրա»-ն կազմավորվել է 2012 թվականին Երևանում: Խմբի անդամներն են Վան Եղիազարյանը, Մարիաննա Կարակեյանը (բեք-վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Վասպուր Եղիազարյանը (բեք-վոկալ, բաս կիթառ) և Մարեկ Զաբորսկին (հարվածային գործիքներ)։ «Նեմրա» անունն ընտրվել է խմբի հայկական ծագումն ընդգծելու նպատակով (Արմեն` շրջված)։ Խումբը մասնակցել է մի շարք ռոք փառատոնների, բարեգործական համերգների և հանդես եկել մենահամերգներով։ 

Հայերեն