Պահպանելով միջազգային ազնվությունն ու արդարությունը՝ հավատարիմ մնալ տնտեսական գլոբալիզացիայի ճիշտ ուղղությանը. Չեն Մինի հոդվածը
9 րոպեի ընթերցում
«Արմենպրես»-ը ներկայացնում է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի հոդվածը։
Վերջերս ԱՄՆ կառավարությունը հայտարարեց իր գլոբալ առևտրային գործընկերների նկատմամբ «փոխադարձ մաքսատուրքերի» սահմանման մասին՝ ներդնելով 10% «նվազագույն հիմնական մաքսատուրք» և որոշ երկրների նկատմամբ կիրառելով առավել բարձր դրույքաչափեր։ ԱՄՆ-ի մաքսային ճնշման քաղաքականությունը լայնորեն քննադատվել և մերժվել է միջազգային հանրության կողմից։ Այդ շրջանակում ԱՄՆ-ն տարբեր պատրվակներով զգալի մաքսատուրքեր է սահմանել Չինաստանի նկատմամբ և կիրառել բազմաթիվ անհիմն սահմանափակումներ՝ առնչվող Չինաստանի հետ առևտրի, ներդրումների և տեխնոլոգիաների արտահանման ոլորտներում։
Ի պատասխան՝ Չինաստանը ձեռնարկել է արագ և վճռական հակաքայլեր՝ հրապարակելով համապատասխան սպիտակ գրքեր, այդ թվում՝ Չինաստանի դիրքորոշումը ԱՄՆ-ի մաքսատուրքերի չարաշահման վերաբերյալ և Չինաստանի դիրքորոշումը Չինաստան-ԱՄՆ տնտեսական և առևտրային հարաբերությունների վերաբերյալ։ Միաժամանակ, Չինաստանը հակամիջոցների շրջանակում մաքսատուրք է սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող բոլոր ապրանքների վրա և ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել ԱՀԿ-ի վեճերի լուծման մեխանիզմի շրջանակում։
Պետք է հատուկ ընդգծել, որ Չինաստանը մշտապես եղել է միջազգային տնտեսական և առևտրային կարգի հետևողական պաշտպանն ու բազմակողմ առևտրային համակարգի ակտիվ աջակիցը։ Չինաստանը հետևողականորեն հանդես է գալիս բաց համագործակցության դիրքորոշմամբ՝ նպաստելով գլոբալ տնտեսական զարգացմանը։ Չինաստանի ձեռնարկած միջոցներն ուղղված են ԱՄՆ-ին հորդորելու՝ անհապաղ հրաժարվել միակողմանի մաքսային սահմանափակումներից և առևտրային տարաձայնությունները լուծել փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա՝ երկխոսության և խորհրդակցության միջոցով։
Ներառական և համընդհանուր տնտեսական գլոբալիզացիան համապատասխանում է բոլոր երկրների շահերին։ Տնտեսական գլոբալիզացիան մարդկային հասարակության զարգացման անխուսափելի ուղին է. բաց լինելը և համագործակցությունը ժամանակակից դարաշրջանի հիմնարար միտումներն են, իսկ փոխշահավետությունը՝ ժողովուրդների ընդհանուր ձգտումը։ Տնտեսական գլոբալիզացիայի առաջմղումն ավելի բաց, հավասարակշռված, ներառական և համընդհանուր շահերի վրա հիմնված ուղղությամբ միջազգային հանրության համատեղ պատասխանատվությունն է։
Չինաստանը հետևողականորեն պաշտպանում է ներառական և համընդհանուր տնտեսական գլոբալիզացիան։ Չինական կողմը մեծապես կարևորում է գլոբալ արդյունաբերական և մատակարարման շղթաների կայունությունն ու անխափանությունը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության կենսունակության ու զարգացման շարժիչ ուժերի պահպանումը։ Չինաստանը հավատում է, որ զարգանալը յուրաքանչյուր երկրի բնական և հավասար իրավունքն է, ոչ թե մի քանի պետությունների մենաշնորհ։
Չինաստանը պնդում է, որ միջազգային խնդիրները պետք է լուծվեն բոլոր երկրների համատեղ խորհրդակցությամբ, իսկ աշխարհի ճակատագիրը որոշվի ժողովուրդների կողմից՝ միասին։ Այդ գաղափարների հիման վրա Չինաստանը ձգտում է կառուցել միասնական ճակատագրով մարդկության համայնք, նպաստել ավելի արդար և ողջախոհ գլոբալ կառավարման համակարգի ձևավորմանը, որպեսզի բոլոր երկրներն ու ժողովուրդները հավասարապես մասնակցեն զարգացման գործընթացին և օգտվեն դրա պտուղներից՝ հասնելով համընդհանուր առաջընթացի և բարգավաճման։
Չինաստանը վճռականորեն ընդդիմանում է «ջունգլիների օրենքին», ըստ որի՝ հաղթում է ամենաուժեղը։ Այն կողմնակից է համերաշխության, արդարության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված միջազգային հարաբերությունների ձևավորմանը։
ԱՄՆ-ը, թափահարելով «մաքսային ցուպը», վնասում է ոչ միայն մյուս երկրներին, այլև՝ ինքն իրեն։ Վերջին շրջանում ԱՄՆ-ը տարբեր պատրվակներով միակողմանիորեն սահմանում է մաքսատուրքեր Չինաստանի և իր մյուս առևտրային գործընկերների նկատմամբ։ Այս քայլերը լրջորեն խախտում են այլ երկրների օրինական իրավունքներն ու շահերը, կոպտորեն հակասում Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններին և խաթարում կանոնների վրա հիմնված բազմակողմ առևտրային համակարգի կայունությունը։
Սա պաշտպանողականության, միակողմանիության և տնտեսական ճնշման դասական օրինակ է, որը խաթարում է գլոբալ առևտրատնտեսական կարգի հավասարակշռությունն ու կանխատեսելիությունը։ ԱՄՆ-ը, «Նախևառաջ Ամերիկան» և «Ամերիկյան բացառիկության» գաղափարախոսությունը առաջ մղելով, դիտավորյալ անտեսում է այն իրականությունը, որ հենց ինքն է բազմակողմ առևտրային համակարգի ամենամեծ շահառուն։ «Հավասարության» պատրվակով Վաշինգտոնը փաստացի իրականացնում է հեգեմոնիստական քաղաքականություն՝ ստորադասելով մյուս երկրների օրինական շահերը՝ սեփական գերիշխան նպատակներին։
Այս մոտեցումը բերում է միջազգային հանրության աճող դիմադրությանը և խորացնում ԱՄՆ-ի մեկուսացումը համաշխարհային ասպարեզում։ Մի շարք միջազգային ֆինանսական կառույցներ զգուշացնում են, որ նման մաքսային կամայական քաղաքականությունը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում գնաճի, տնտեսական աճի դանդաղման և նույնիսկ ռեցեսիայի։ Այս քաղաքականության «բումերանգի էֆեկտը» ի վերջո անխուսափելիորեն հարվածելու է հենց ԱՄՆ-ին։
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ այն երկիրը, որը փորձում է առաջընթաց ապահովել ուրիշների հաշվին, ի վերջո վնասում է նախևառաջ իրեն։
Չինաստանը կենտրոնանալու է սեփական կայուն զարգացման վրա՝ իր հաջողության օրինակով խթանելով գլոբալացման գործընթացը։ Որպես աշխարհի երկրորդ խոշոր տնտեսություն և ապրանքների սպառման երկրորդ ամենամեծ շուկա՝ Չինաստանն ունի զգալի դիմադրողականություն ԱՄՆ-ի մաքսային ճնշման նկատմամբ։ Չնայած այն հանգամանքին, որ արդեն ութ տարի ԱՄՆ-ը հարուցում է առևտրային պատերազմ Չինաստանի դեմ, վերջինս, անկախ ճնշումներից և զսպման փորձերից, շարունակել է աճել և զարգանալ՝ դրսևորելով բացառիկ կայունություն և կենսունակություն։
Չինաստանը չի զիջելու տնտեսական ճնշմանը և երբեք չի հրաժարվի իր օրինական իրավունքների պաշտպանությունից։ Որպես պատասխանատու և ազդեցիկ պետություն՝ Չինաստանը կարողանում է արտաքին ճնշումները վերածել զարգացման շարժիչ ուժի՝ իր կայունությամբ նպաստելով համաշխարհային տնտեսության վստահելիությանը և հավասարակշռությանը։
Միևնույն ժամանակ, Չինաստանը վճռական է շարունակել բարձր մակարդակի բաց քաղաքականությունը՝ կիսվելով զարգացման հնարավորություններով աշխարհի տարբեր երկրների հետ և խթանելով փոխշահավետ համագործակցություն։
Ի վերջո, ժամանակն ու պատմությունը կտան արդար գնահատական՝ բացահայտելով, թե ով է իրականում պաշտպանում միջազգային արդարությունը, ով է առաջնորդվում «զրոյական գումարով խաղի» եսակենտրոն մտածողությամբ, ով է խթանում առաջընթացը, և ով՝ ձգտում հետընթացի։
Որպես «Գլոբալ Հարավի» անդամ և զարգացող երկիր՝ Չինաստանն ու Հայաստանը համակարծիք են մի շարք հիմնարար հարցերում։ Երկու երկրներն էլ կիսում են նման դիրքորոշումներ և ունեն ընդհանուր շահեր միջազգային արդարության պահպանման, բազմակողմանի առևտրային համակարգի պաշտպանման, ինչպես նաև միջազգային համագործակցության բաց, ներառական միջավայրի խթանման հարցերում։
Չինաստանը պատրաստակամ է խորացնել համագործակցությունը զարգացող երկրների՝ այդ թվում Հայաստանի հետ՝ կանգնելով պատմության ճիշտ կողմում, հավատարիմ մնալով իսկական բազմակողմանիությանը, խթանելով ներառական և համապարփակ տնտեսական գլոբալացումը։
Չինական կողմը վճռական է պաշտպանել միջազգային համակարգը, որի առանցքում ՄԱԿ-ն է, ինչպես նաև բազմակողմ առևտրային համակարգը՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) դերակատարությամբ։ Չինաստանը պաշտպանելու է բոլոր երկրների՝ հատկապես «Գլոբալ Հարավի» պետությունների զարգացման հավասար իրավունքը և շարունակելու է ակտիվ մասնակցություն ունենալ համաշխարհային կայուն խաղաղության հաստատման և ընդհանուր զարգացման խթանման գործընթացում։
Չինաստանի կառավարության դիրքորոշումը ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի բարձրացման վերաբերյալ
