Ասիական զարգացման բանկը 2025 թվականին Հայաստանի համար կանխատեսել է 5 տոկոսանոց տնտեսական աճ
5 րոպեի ընթերցում
Ասիական զարգացման բանկի կանխատեսմամբ՝ 2025 թվականին Հայաստանը 5 տոկոս տնտեսական աճ կունենա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը։
Նա հավելեց, որ մի շարք ազդեցիկ կազմակերպություններ ու հաստատություններ կատարում են տնտեսական վերլուծություններ, սակայն հիմքում նույն մեթոդաբանությունն է, չափման սկզբունքներն ընդհանուր են և օգտագործվում են նմանատիպ տվյալներ։ Թեև վերլուծությունները որոշ չափով տարբերվում են իրենց սպեցիֆիկ բնույթով, բայց մեծ հաշվով դրանցում արտացոլված ցուցանիշները համընկնում են ՀՀ կենտրոնական բանկի վերլուծություններում առկա տվյալների հետ։
Մասնավորապես ԱԶԲ-ի վերլուծության համաձայն՝ արտաքին պահանջարկի աստիճանական թուլացմանը զուգընթաց՝ 2024թ․ աճը դանդաղեց մինչև 5.9%՝ ի համեմատ 2022թ․-ի 12.6% և 2023թ․ 8.3%-ի։ Ապրանքների մատակարարման տեսանկյունից աճը դանդաղեց ծառայությունների, գյուղատնտեսության և շինարարության ոլորտում, սակայն աշխուժություն ապրեց արդյունաբերական ոլորտը։
«Ապրանքների գլոբալ գների մատչելիությունը, կայուն արժույթն ու դրամային զգույշ քաղաքականությունը հետագա գնաճը գրեթե զրոյի հասցրեցին։ Ընթացիկ հաշվարկային պակասորդը մեծացել է և ըստ ակնկալիքների կշարունակի մեծանալ 2025-ին։ Արտաքին պահանջարկի նվազմամբ պայմանավորված՝ ակնկալվում է, որ աճը կդանդաղի 2025-ին և գալիք 2026-ին։ Ավելի հարմարվողական դրամային քաղաքականության և բյուջեի ավելացման քաղաքականությամբ պայմանավորված՝ գնաճի գործընթացն աննշան կարագանա։ Կայունություն ապահովելու համար ֆիսկալային շրջահայաց կառավարումն անհրաժեշտ է դառնում»,- նշեց Լամբերտը։
2024թ․ դեկտեմբերին 12 ամսվա գնաճի մակարդակը 1,3% կազմեց, ինչը էականորեն ավելի ցածր էր Հայաստանի կենտրոնական բանկի կողմից սահմանած թիրախային 4.0% ±1.5 ցուցանիշից։ Արտերկրյա ակտիվների անկումը դանդաղեցրեց գումարային լայն մասսայի աճը, որը 2023թ 17.4% -ից դարձավ 13.4 տոկոս 2024-ին։ Փոխանակման արժեքի կայունության և վարկավորման համեմատաբար կայուն միջին տոկոսադրույքով տեղի արժույթի վարկավորումը 2024թ․ աճեց 22.8%-ով, իսկ արտարժույթի վարկավորումն ընդամենը 5.1%-ով։ Տարեկան միջին գնաճը 2023թ. գրանցած 2.0% -ից, 2024թ-ին 0.3% գրանցեց, ինչն էլ ցույց տվեց ապրանքների համաշխարհային գների զսպվածություն և կայուն արժույթ։
2023 թվականի ՀՆԱ-ն 2,3 տոկոսից մեծացել է մինչև 3.8% 2024-ին։ Քանի որ ճանապարհաշինարարության և սոցիալական ենթակառուցվածքների վրա շարունակաբար արվող ծախսերը մեծացրեցին ՀՆԱ-ի կապիտալ ծախսերը 5.3% -ով, ի լրումն 2023թ․ 24.2% բարձրացման, 14.6%-ով կապիտալ ծախսերը ևս բարձրացան։ Ապրանքների և ծառայությունների գծով փաստացի ծախսերը նվազեցին 43,1%-ով։ Պետական պարտքը 2023 թվականի վերջին ՀՆԱ-ի 50.7%-ից մեկ տարի անց նվազեց մինչև 50.3%։
Կենտրոնական բանկի արտաքին պարտավորությունները նվազեցին 0,7%-ով՝ կազմելով 6,5 միլիարդ ԱՄՆ դոլար։ Սա հավասարվեց ՀՆԱ 25,3%,ինչն ավելի ցածր ցուցանիշ է 2023-ի վերջի 27,8% ցուցանիշից։ Միևնույն ժամանակ, միջպետական պարտքը 19.5% -ից աճեց՝ հասնելով 6,4 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Սա բարձրացրեց տեղական պարտքի մասնաբաժինը ևս 2,1 տոկոսային կետով՝ հասնելով պետական պարտքի գրեթե կեսին, ինչը համապատասխանում է կառավարության՝ փոխառությունները ներքին աղբյուրներ տեղափոխելու ռազմավարությանը։ Ակնկալվում է, որ 2025 և 2026թթ․-ին ընթացիկ հաշվարկային դեֆիցիտը կմեծանա մոտ ՀՆԱ-ի 5.0% ով՝ արտաքին դրական գործոնների կրճատմամբ պայմանավորված։
2025 թվականին Ասիական զարգացման բանկը ՀՀ կառավարության հետ կհամագործակցի մի քանի ուղղություններով։ Նախևառաջ բանկը կաջակցի Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի շինաշխատանքներին՝ կատարելով 250 միլիոն դոլարի ներդրում։
«Նախագծեր կիրականացվեն նաև առողջապահության բնագավառում։ Մեզ համար պակաս կարևոր չէ բնակարանաշինության ոլորտը։ Ցանկանում ենք, որպեսզի բնակարանով ապահովվեն տեղահանված անձինք, որոնք 2023 թվականին եկան Հայաստան։ ՀՀ կառավարության հետ սերտորեն աշխատում ենք նաև դպրոցների կառուցապատման ոլորտում։ Մենք շարունակաբար բանակցում ենք ՀՀ իշխանությունների հետ, որպեսզի նախանշված ծրագրերն ապագայում ընդլայնվեն։ Կհամագործակցենք հանրային ու պետական սեկտորներում իրականացվող բարեփոխումները կյանքի կոչելու համար»,- ասաց Լամբերտը։